Մատչելիության հղումներ

«Ոսկե Ծիրան»-ի շրջանակում ցուցադրվում են Քիառուսթամիի լուսանկարները


Աբբաս Քիառուսթամիի հուղարկավորությունը Իրանում:
Աբբաս Քիառուսթամիի հուղարկավորությունը Իրանում:

Այդ լուսանկարները իրանցի ռեժիսորը Փարաջանովի թանգարանին էր նվիրել շուրջ տասը տարի առաջ:

«Ոսկե Ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնի շրջանակներում այսօր վարպետության դաս անցկացրեց սերբ հանրահայտ կինոռեժիսոր Ժելիմիր Ժելնիկը: «Մոսկվա» կինոթատրոնում այսօր կսկսվի նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը:

Այսօր փառատոնի շրջանակում մեկնարկեցին «Գերմանական կինոյի օրերը»՝ Աննա Զորա Բերախեդի «24 շաբաթ» ֆիլմի ցուցադրությամբ: Հիշեցնենք, որ գերմանական կինոն փառատոնի ընթացքում կներկայացվի 6 խաղակային և 6 վավերագրական ֆիլմերի ցուցադրությամբ:

«Մոսկվա» կինոթատրոնում այսօր սկսվեց մեկ այլ շատ հետաքրքիր ծրագիր՝ «Շեքսպիրն ապրում է կինոյում», որի շրջանակներում կցուցադրվեն Շեքսպիրի ստեղծագործությունների լավագույն էկրանավորումները:

Իսկ «Դալան» ցուցասրահում բացվեց իրանցի աշխարհահռչակ ռեժիսոր Աբբաս Քիառուսթամիի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Անցյալ շաբաթ իր մահկանացուն կնքած իրանցի կինոռեժիսորը «Ոսկե Ծիրան»-ի մեծ բարեկամն էր: Այս ցուցահանդեսի բացումը, «Ոսկե Ծիրան»-ի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանի խոսքով, հարգանքի տուրք է նրա հիշատակին․ - «Երկրորդ փառատոնին նա այցելեց Հայաստան, և բացեցինք նրա ֆոտոցուցահանդեսը: Ցուցահանդեսը հրաշալի էր, որը նա չտարավ իր հետ, այլ ասեց՝ ո՞ւմ նվիրեմ, «Ոսկե Ծիրան»-ին եմ ուզում նվիրել: Այսինքն՝ եկեք նվիրենք Փարաջանովի թանգարանին»:

Եվ մինչև օրս՝ շուրջ 10 տարուց ավելի, իրանցի կինոռեժիսորի Հայաստանին նվիրած լուսանկարչական աշխատանքները պահվում են Փարաջանովի թանգարանում, բայց այնտեղ ընդամենը մեկ նկար է ցուցադրված: Եվ ահա այսօր մեր արվեստասերները հնարավորություն ստացան ծանոթանալ Քիառուսթամիի նվիրած բոլոր լուսանկարներին:

Փարաջանովի թանգարանը, ի դեպ, այս օրերին արժանացել է մի ուշագրավ պարգևի: Թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը «Ազատության» հետ զրույցում փոխանցեց․ - «Երկու ամիս առաջ նամակ ստացա իմ անունով․ որ, Զավեն, մենք սենց նոմինացիա ենք արել՝ եվրոպական կինոարվեստի գանձեր: Որի մեջ ընդամենը հինգ անվանում կա, վեցերորդը դուք եք լինում: Բայց արարողություն կա հատուկ․․․ Ես էլ մտածեցի, որ ամենահարմարը «Ոսկե Ծիրան»-ի ժամանակ է: Այդ ցուցակի մեջ մտնում է՝ պոտյոմկինյան աստիճանները, որ Էյզենշտեյնը նկարել է Օդեսայում, Տոնինո Գուերայի կենտրոնը Պետնաբելլիում, Բերգմանի տունը Ֆարո կղզու վրա, որտեղ ինքը վերջին տարիները ապրեց, Լյումյեր եղբայրների տունը Լիոնում, Նաում Պլեյմանի կենտրոնը, որն ուսումնասիրում է Էյզենշտեյնի ժառանգությունը, և վերջինը Փարաջանովի թանգարանը․․․ Այս տարի թանգարանի 25 տարին է լրանում, և սա ամենաբարձր գնահատականն է մեր թանգարանի գործունեության»:

XS
SM
MD
LG