Մատչելիության հղումներ

Պարարվեստի պետական քոլեջի շրջանավարտները, ըստ տնօրենի, միշտ ունեն պահանջարկ


Երևանի Պարարվեստի պետական քոլեջը վերջերս ավարտական մի համերգով ամփոփեց ուսումնական տարին:

Քոլեջը վերջին երեք տարիներին ղեկավարում է Հասմիկ Մարկոսյանը: Մինչ այդ էլ ավելի քան 20 տարի նա նույն քոլեջում կամ նախկին Պարարվեստի պետական ուսումնարանում զբաղեցրել է ուսմասվարի պաշտոնը:

Այսօր քոլեջն ունի 428 աշակերտ և ավելի քան 110 հոգուց բաղկացած աշխատակազմ՝ ուսուցիչներ, նվագակցողներ և տեխնիկական աշխատողներ:

«Ազատությանը» տված հարցազրույցում Հասմիկ Մարկոսյանը շեշտում էր, որ դասական բալետի շրջանավարտներն այս տարի 12-ն են եղել, և հետաքրքրությունը դասական բալետի բաժնի նկատմամբ բավական մեծ է:

«Մեր շրջանավարտները, հատկապես՝ դասական բաժնի, միշտ ունեն պահանջարկ: Եթե իրենք անգամ Օպերային թատրոնում չտեղավորվեն, ցանկացած համույթ կուզենա դասական պարի շրջանավարտ: Եվ բացի դրանից, մեր շատ շրջանավարտներ գնում են սովորելու, մենք ունենք պայմանագիր՝ Մանկավարժականի պարարվեստի ռեժիսուրայի բաժնի հետ, Թատերականի, առաջին հերթին, պարարվեստի ռեժիսուրայի բաժնի հետ, գնում են սովորելու: Միշտ ընդունվում են, սովորում, ավարտում են, և հետո յուրաքանչյուրը այդ ասպարեզում ինչ-որ կերպ տեղավորվում է», - ասաց Հասմիկ Մարկոսյանը:

Հարցին՝ իսկ արտասահման գնո՞ւմ են սովորելու, քոլեջի տնօրենը պատասխանեց․ - «Այո, հաճախ, հատկապես՝ դասական բաժնից, հատկապես՝ տղաները: Շատ հաճախ գնում են արտասահման: Այնտեղ տղաների պահանջը մեծ է, մենք միշտ ասում ենք, որ մեր տղաները վերջին երկու տասնամյակում անընդհատ մեկնում են արտասահման՝ և՛ սովորելու տեղ են գտնում, և՛ աշխատելու տեղ են գտնում: Պահանջարկը միշտ կա: Անընդհատ, ամեն տարվա վերջում, ենթադրենք, ինչ-որ մեկը գնում է սովորելու: Հիմա Ռուսաստան էլ են [գնում]՝ Մոսկվա կամ Պետերբուրգ․․․»:

Քոլեջի հիմնախնդիրների վերաբերյալ Հասմիկ Մարկոսյանը ասաց․ - «Մենք ունենք վերանորոգման խնդիր, որը ոնց որ թե այս տարի լուծվելու է: Մի քանի տարի առաջ պետությունը գումար էր տրամադրել, մեզ մոտ սկսվեց վերանորոգումը, երկու փուլ անցավ, պարասրահները վերանորոգեցին, սանհանգույցները մեծաթիվ՝ բոլորը վերանորոգված է հիմա, ինչը որ մնացել է՝ այս տարի անելու են: Այ, հաջորդ շաբաթ մտնում են պատուհանները փոխելու: Այնպես որ, այս տարի գումար է տրամադրվել, և մենք շատ մեծ հույսեր ունենք: Լրիվ անելու են՝ մտնում են սկզբից պատուհանները փոխելու, հետո՝ հատակը, պատերը»:

Հարցին, թե ո՞վ է գումար տրամադրել, տնօրենը պատասխանեց՝ պետությունը, մշակույթի նախարարությունը:

Մյուս խնդիրների թվում Մարկոսյանը նշեց․ - «Ընդհանրապես, մենք անընդհատ մտածում ենք, որ մեզ պետք են երիտասարդ պարուսույցներ՝ ավելի ակտիվ: Որովհետև, հիմա մենք ունենք հոյակապ կազմ, բայց բոլորը արդեն տարիքով մեծ են: Այսինքն, երբ որ այդ հին սերունդը հեռանա, մեզ պետք է համոզված լինել, որ իրենց կփոխարինեն նոր նման որակյալ մանկավարժներ: Մենք փնտրում ենք անընդհատ, ում կարող ենք՝ ներգրավում ենք, շանս ենք տալիս, որ իրենց դրսևորեն»:

«Ոչ թե շատ չեն գալիս աշխատելու, պատկերացրեք՝ գալիս են, պարզապես ամեն մեկին հո չե՞ս կանչի դաս տալու: Դա դժվար գործ է մանկավարժը, ամեն մեկին հո չե՞ս ասի՝ արի, մտիր դասարան, դաս տուր: Ում որ մենք գտնում ենք, որ նպատակահարմար է, որ կարող է ստացվել, միշտ տալիս ենք այդ հնարավորությունը: Բայց գիտե՞ք, սա շատ դժվար գործ է, հատկապես այս ասպարեզում մանկավարժությունը շատ բարդ աշխատանք է», - շարունակեց քոլեջի տնօրենը:

Թե ինչպիսի սերունդ է գալիս՝ այս առնչությամբ Հասմի Մարկոսյանը ասաց․ - «Մենք ընդունակ աշակերտներ միշտ ունեցել ենք, այժմ էլ ունենք, միշտ, էդպես չի եղել, որ մենք ասենք՝ գիտե՞ք, մենք կադրեր չունենք: Մենք միշտ ունեցել ենք: Հա, լինում է ավելի միջակ ընդունակություններով, լինում է լավ ընդունակություններով․․․ Չգիտեմ, մենք ինչ-որ օպտիմիզմով ենք նայում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG