«Ազատություն». - Պարոն Զալբեր, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներն այժմ ջանքեր են գործադրում, որպեսզի վերսկսվի ԼՂ խնդրով բանակցային գործընթացը: Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև արդեն երկու հանդիպում է տեղի ունեցել՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում: Բայց, ինչպես գիտեք, հայկական կողմը պնդում է, որ մինչ բանակցությունների անցկացումը, պետք է ներդրվեն շփման գծում միջադեպերի հետաքննման մեխանիզմներ և ձեռք առնվեն վստահության ամրապնդման միջոցներ: Դուք և՞ս կարծում եք, որ այդ մեխանիզմներն անհրաժեշտ են՝ բանակցությունները սկսելու և ռազմական գործողությունները կանխելու համար:
Հերբերտ Զալբեր. - Վստահության ամրապնդման միջոցները շատ կարևոր են, դրանք կարող են օգտակար լինել միջնաժամկետ կամ կարժամկետ նպատակների համար, մասնավորապես, շփման գծում իրավիճակը հանդարտ պահելու առումով: Դա նաև կդյուրացնի հետագա բանակցությունները: Ես դժվարությամբ են պատկերացնում շփման գծում լարվածության, հրադադարի ռեժիմի գրեթե ամենօրյա խախտումների պայմաններում բանակցությունների անցկացումը: Պետք է խուսափել նման զարգացումներից: Այն մեխանիզմները, միջոցները, որոնց շուրջ կողմերը համաձայնության են եկել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ, թույլ են տալիս հանդարտ պահել իրավիճակը շփման գծում:
«Ազատություն». - Բայց, եթե չեմ սխալվում, ադրբեջանական կողմը, Ադրբեջանի նախագահը դեմ է այդ մեխանիզմներին:
Հերբերտ Զալբեր. - Իրականությունն այն է, որ Վիեննայում ԵԱՀԿ-ի կենտրոնական գրասենյակում քննարկումները շարունակվում են: Համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել Սանկտ Պետերբուրգում և դրանից առաջ՝ Վիեննայում, եղել են առավելապես ընդհանուր, և այժմ կարիք կա՝ հստակեցնել մանրամասները, պարամետրերը, անդրադառնալ նաև բյուջեի հետ կապված հարցերին: Այդ գործընթացը շարունակվում է, և ես շատ մեծ հույսեր ունեմ, որ այն հաջողությամբ կավարտվի: Եվ այն միջոցները, որոնց շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, իսկապես կյանքի կկոչվեն:
«Ազատություն». - Պարոն Զալբեր, այսօր Դուք հանդիպում եք ունեցել Հայաստանի նախագահի հետ, ո՞րն էր նրա ուղերձը Ձեզ:
Հերբերտ Զալբեր. - Ինչպես ես եմ հասկանում, Սանկտ Պետերբուրգում և դրանից առաջ Վիեննայում, լուրջ քննարկումներ են եղել բազմաթիվ հարցերի շուրջ, որոնք անհրաժեշտ են խնդրի համակողմանի լուծման համար: Ինձ ուղղված ուղերձն այն էր, որ գործընթացը շարունակվում է, հավանաբար մոտ ապագայում նոր քննարկումներ կլինեն: Սա դրական ուղերձ է, ու Եվրամիությունը ոգևորված է դրանով:
«Ազատություն». - Բազմաթիվ փորձագետներ հնարավոր են համարում, որ շփման գծում լարվածության նոր ալիք արձանագրվի: Միջազգային ճգնաժամային խումբն էլ երեկ նոր զեկույց է հրապարակել, որում, մասնավորապես, նշված է՝ «Տարածքային որոշիչ ձեռքբերումներ ապահովելու նպատակով մեծ է լինելու հեռահար հրթիռների կիրառման հնարավորությունը, ինչը կհանգեցնի շատ ավելի մեծաթիվ զոհերի, մասնավորաբար, խաղաղ բնակչության շրջանում»: Ինչպիսի՞ն է Ձեր կանխատեսումը:
Հերբերտ Զալբեր. - Նման կանխատեսումներն իմ մանդատի շրջանակից դուրս են: Բայց իրական վտանգ կա: Եթե այս հակամարտությունը չլուծվի, ապա լարվածության նոր բռնկում կլինի: Ի դեպ, մինչ ապրիլյան լարվածությունը, սահմանին շարունակական ցածր ինտենսիվությամբ պատերազմական վիճակ էր: Մի քանի օրը մեկ մարդիկ էին սպանվում շփման գծում, ինչպես նաև՝ հայ-ադրբեջանական սահմանին: Շփման գծում մշտապես ռազմական գործողություններ էին տեղի ունենում և դրանք, անշուշտ, կարող են նորից բռնկվել։ Եվ սա հենց այն է, որ մենք չէինք ցանկանա տեսնել:
«Ազատություն». - Պարոն Զալբեր, կարծում եմ՝ գիտեք այն ահասարսուռ փաստերի մասին, որոնք տեղ են գտել ապրիլյան պատերազմի ժամանակ: 3 հայ զինծառայողներ գլխատվել են, նրանցից մեկն անգամ կենդանության օրոք է գլխատվել: Ադրբեջանցիները նաև կտրել են 15 հայ զինծառայողների ականջները: Ղարաբաղի և Հայաստանի իշխանությունները միջազգային հանրությանը կոչ են արել՝ արձագանքել այդ վայրագություններին: Ուզում եմ հարցնել՝ ո՞րն է Ձեր արձագանքը, արդյո՞ք հնարավոր է հաշտեցում, երբ կողմերից մեկը մարդկանց գլուխներ է կտրում:
Հերբերտ Զալբեր. - Եվրամիության դիրքորոշումը հայտնի է, մենք արդեն իսկ հայտարարել ենք, որ այսօրինակ վարքագիծը միանգամայն անընդունելի է մեզ համար: Այդ դեպքերը պետք է հետաքննվեն: Նրանք, ովքեր կատարել են այդ հանցագործությունները, պետք է պատասխանատվության ենթարկվեն: Այստեղ կասկած լինել չի կարող: Ինչ վերաբերում է հարցին՝ հնարավո՞ր է արդյոք հաշտեցում այս մթնոլորտում: Պատմության մեջ եղել են բազմաթիվ հակամարտություններ, որոնց պարագայում ևս մենք տեսնել ենք այսօրինակ ատելության, վայրագության օրինակներ: Որոշ դեպքերում, երբ մենք 60-70 տարի ետ ենք նայում, ապա հնարավոր է եղել հաշտեցման հասնել և խաղաղություն հաստատել: Ես հույսս չեմ կորցնում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում նույնպես հնարավոր է խաղաղության հասնել: Դա բխում է բոլորի շահերից: Ոչ միայն հայերի կամ ադրբեջանցիների, այլ ողջ տարածաշրջանի, քանի որ դա թույլ կտա մարդկանց՝ օգտագործել տարածաշրջանի ներուժը:
«Ազատություն». - Եվ վերջին հարցը, պարոն Զալբեր, ինչպես գիտեք, Ռուսաստանը՝ եռանախագահներից մեկը, զենք է վաճառում հակամարտության կողմերին: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է մի կողմից՝ նպաստել խնդրի խաղաղ կարգավորմանը, մյուս կողմից՝ զենք վաճառել: Դուք գիտե՞ք նման այլ օրինակ:
Հերբերտ Զալբեր. - Ես կարծում եմ, Դուք պետք է այդ հարցն ուղղեք ռուսական կողմի գործընկերներին: Վերջերս այդ մասին քննարկում է եղել, ռուսական կողմն արտահայտվել է ․․․
«Ազատություն». - Նրանք ասում են՝ դա ուղղակի բիզնես է:
Հերբերտ Զալբեր. - Այո, գուցե, բայց ես դա թողնում են նրանց: Եվրամիությունը չի կարող մեկնաբանություններ անել երրորդ երկրի քաղաքականության վերաբերյալ:
«Ազատություն». - Բայց Դուք համաձա՞յն եք պնդումներին, որ զենքի վաճառքը բացասական ազդեցություն է ունենում հակամարտության և առհասարակ՝ տարածաշրջանի վրա:
Հերբերտ Զալբեր. - Այո, կարող է ունենալ, բայց նաև ճշմարիտ է այն, որ եթե զենքը չգա Ռուսաստանից, ապա կարող է գալ ուրիշ տեղից: Կարևորն այն է, որ մարդիկ պատրաստ լինեն խաղաղությանն իրենց մտքում և գործողություններում: Եվ այն հարցը, թե որտեղից է գալիս զենքը, գուցե այս դեպքում երկրորդական է: