Մատչելիության հղումներ

Արամ Մանուկյան. Քաղաքացուն իր ղեկավարին անմիջապես ընտրելու իրավունքից զրկեցին


Քաղաքացին քաղաքացի չէ, երկիրը ժողովրդավար չէ, եթե քաղաքացին իր երկրի կառավարման պրոցեսներին չի մասնակցում, երեքշաբթի երեկոյան «Ազատության» հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով Սահմանադրության օրվան ու սահմանադրական փոփոխություններին։

«Ժողովրդավարության չափը որևէ երկրում քաղաքացու մասնակցության չափն է իր երկրի կառավարման մարմինների ձևավորմանը՝ տեղական ինքնակառավարում, պառլամենտ և պրեզիդենտական։ Այս՝ մեր 1995-ի Սահմանադրությամբ տեղական ինքնակառավարումը երեք տարի էր, պառլամենտը՝ չորս տարի, պրեզիդենտը՝ հինգ տարի, սա չպետք է համընկներ, սա կոնցեպցիա էր, որովհետև, եթե դու վատ ես պահել, կամ վատ ես աշխատել տեղականում, հետո գալիս է պառլամենտ, դու պետք է ձախողես, պառլամենտում լա՞վ ես պահել՝ պրեզիդենտականում կարող է կրել քո թիմը: Սա հերթափոխվող և ժողովրդին անընդհատ իշխանության վրա լծակ պահելու հնարավորություն տվող Սահմանադրություն էր», - ասաց Մանուկյանը։

Նրա խոսքով՝ այսօր փոփոխվող Սահմանադրությամբ իշխանությունները քաղաքացուն իր ղեկավարին ընտրելու իրավունքից զրկեցին։

«Երեքը դարձրին չորս, չորսը դարձրին հինգ, հինգը դարձրին յոթ, հիմա էլ պրեզիդենտական ընտրությունները հանեցին, դա նշանակում է՝ քաղաքացուն իր ղեկավարին անմիջապես ընտրելու իրավունքից զրկեցին։ Այսօրվա մեր էս չարիքի մեծագույն արդյունքը՝ Հայաստանն այլևս չի ունենալու քաղաքացու քվեաթերթիկով ընտրված պրեզիդենտ, ո՞վ բերեց էս չարիքը», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Հարցին, թե ինչ-որ բան փոխվե՞լ է քաղաքացու կյանքում, որ քաղաքացին այլևս չի ընտրելու նախագահին, Արամ Մանուկյանը պատասխանեց. - «Կներեք, էլ ի՞նչ ժողովրդավարության մասին ենք խոսում, եթե քաղաքացին իր երկրի գործադիր ղեկավարին, կամ իր երկրի գլխավոր հրամանատարին չի օգնում։ Էսպիսի խառնաշփոթ, խառնափնթոր...»

Դիտարկմանը, թե ժողովուրդն ասում է, որ «միևնույն է ոչինչ չի փոխվում իմ կյանքում», ընդդիմադիր պատգամավորն այսպես արձագանքեց. - «Ի՞նչ կապ ունի, ես խոսում եմ այբուբենի մասին՝ ժողովրդավարությունն այն է, երբ քաղաքացին մասնակցում է իր երկրի կառավարմանը։ Քաղաքացին քաղաքացի չէ, երկիրը ժողովրդավար չէ, եթե քաղաքացին էդ պրոցեսներին չի մասնակցում։ Էլ չեմ ասում են խառնաշփոթները, որ բերեցին էստեղ, տարիներ շարունակ մենակ վնասելու է»։

«Հիմա էս խառնափնթոր ընտրությունների համակարգով գնացեք, հարցրեք հանրապետականներին, կարևոր կուսակցություններին կամ գործիչներին, ասեք՝ ինչպե՞ս է կարգավորվելու պառլամենտի քանակը, ո՞նց է որոշվելու, թե քանի պատգամավոր է լինելու եկող պառլամենտում։ Սրա նպատակը խառնաշփոթ ստեղծելն էր, ստեղծել այնպիսի համակարգ, որից ոչ մեկը ոչինչ չի հասկանալու, արդյունքում միակ նպատակն էր՝ իշխանության երկարաձգում, պրեզիդենտի համակարգի ոչնչացում», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG