Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագիծը կրկին ուղարկվեց Քնեսեթի մշտական հանձնաժողով


Իսրայելի Քնեսեթն այսօր կրկին չարդարացրեց հայերի սպասելիքները՝ արդեն երրորդ անգամ բանաձևն ուղարկելով Կրթության, գիտության և մշակույթի մշտական հանձնաժողովի դատին:

Հակառակ ակնկալվածի՝ Քնեսեթի լիագումար նիստ տեղի չունեցավ․ հարցը պարզապես քննարկվեց, ինչպես քննարկվել է տարիներ շարունակ: Ուղղակի «Մերեց» կուսակցության ղեկավար Զեհավա Գալ-Օնի հեղինակած Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը զետեղվեց օրակարգում, և 120 պատգամավորներից ընդամենը 24-ը մասնակցեցին քննարկմանը:

Նախ Զեհավա Գալ-Օնը ներկայացրեց խնդիրը, սակավաթիվ ելույթ ունեցողներից էր Տալի Պլոսկովան, ով Իսրայել - Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավարն է:

Բոլոր ելույթներում ընդգծվում էր Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը, նշվում էր, թե այն պետք է ճանաչվեր դեռ 70 տարի առաջ:

Վերջում կառավարության կողմից ելույթ ունեցով Անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, նախարար Ցախի Հանեգբին («Լիկուդ» կուսակցություն): Նա խոսեց հայ ժողովրդի հետ ունեցած ջերմ հարաբերությունների, վերջին ժամանակներում տեղի ունեցած բազմաթիվ հանդիպումների մասին՝ ելույթի վերջում կոչ անելով քննարկումը տեղափոխել Քնեսեթի կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողով, որը կդիմի պատմաբաններին, մասնագետներին, կօգտագործի հայկական ու թուրքական արխիվային փաստաթղթերը և կներկայացնի ընդհանուր եզրակացություն:

Քնեսեթի խոսնակ Յուլի-Յոել Էդելշտեյնն ընդունեց կառավարության ներկայացուցչի առաջարկը և դրեց քվեարկության․ ներկա բոլոր 24 պատգամավորները կողմ քվեարկեցին:

Փաստորեն 9-րդ անգամ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը տեղափոխվեց Քնեսեթի հանձնաժողովներից մեկի դատին․ վեց անգամ այն տեղափոխվել, բայց չի քննարկվել Անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, և արդեն երրորդ անգամ՝ Կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողով:

Հիշեցնենք՝ անցյալ տարի այս հանձնաժողովում բաց քննարկում էր կազմակերպվել և հայտարարվել էր, որ այս տարի հարցը պետք է դրվեր քննարկման Քնեսեթի լիագումար նիստում:

Չնայած Քնեսեթի շենքի դիմաց տեղի ունեցած ցույցին, որին մասնակցեց մոտ հարյուր մարդ՝ շուրջ հինգ տասնյակ ու նույնքան երիտասարդ հրեա ակտիվիստներ, դա, ինչպես և Քնեսեթի պատգամավորների հետ հայերի անհատական աշխատանքը, այս անգամ էլ արդյունքի չհանգեցրին:

Շատ հայ մտավորականներ այն կարծիքին են, որ հրեաները հազիվ թե հարվածի տակ դնեին օրեր առաջ փոխզիջումների գնով կնքված թուրք-իսրայելական պայմանագիրը:

XS
SM
MD
LG