«Սահմանադրության փոփոխված տարբերակը մեզ որպես հասարակություն դարձնում է ավելի ազատ և ավելի ուժեղ», - հայտարարում է նախագահ Սերժ Սարգսյանը՝ Սահմանադրության օրվա շնորհավորական ուղերձում:
Սահմանադրական վերջին բարեփոխումները, նախագահի համոզմամբ, ևս մեկ անգամ հաստատեցին ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական ու սոցիալական պետության կայացումը:
Ընդդիմադիր պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Լևոն Զուրաբյանը հակադարձում են։ «Ոչ այլ ինչ էր, քան ավտորիտար իշխանության ամրապնդում։ Անունը կդնեն պառլամենտական համակարգի անցում, ժողովրդավարության խորացում, բայց բոլորն էլ մեր երկրում գիտեն, որ իրականում ընտրություններ չկան, ընտրությունները կեղծվում են՝ նույն մարդիկ մեկ հանդես են գալիս նախագահի կարգավիճակով, մեկ Ազգային ժողովի նախագահի, կամ վարչապետի կարգավիճակով», - ասաց Զուրաբյանը։
Փոստանջյանը հավելեց. - «Դե գիտեք, կարող է ամեն ինչ ասել, նայել մարդկանց աչքերին՝ անընդհատ ստել, դա իր բնույթն է, չէ՞ որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ կան քաղաքական հայացքների համար բանտախցում քաղաքացիներ, որտեղ հայրենիքի տարածքային ամբողջականությունը խախտված է, և մենք հասկանում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում չկա ընտրությունների միջոցով իշխանությունների փոփոխություն, ամեն օր ունեզրկվում ենք, զրկվում ենք մեր հայրենակիցներից, նրանք արտագաղթում են»։
Խորհրդարանի ղեկավարը ևս դեկտեմբերի 6-ին կյանքի կոչված փոփոխություններն է մատնանշել իր ուղերձում։ Գալուստ Սահակյանը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ավելի լայն իրացում է տեսնում:
Ընդդիմադիրները գիտեն՝ ինչու է գործող իշխանությունն այսչափ գոհ նոր Սահմանադրությունից:
«Իշխանությունը սիրում է այն, ինչ որ իրեն համար հնարավորություն է ընձեռում շարունակել ոչ թե ժողովրդավարել, այլ պաշտոնավարել։ Նրա խնդիրն այսօր ոչ թե մարդու իրավունքների հարգումն է, սոցիալական պետության ստեղծումն է, մեր ազգային շահը հետապնդելն է, այլ նրա խնդիրն է՝ ամեն ինչ անել, կառչել, որպեսզի լինել թիվ մեկ պաշտոնյան Հայաստանում և Հայաստանը նույնիսկ դարձնելով Ռուսաստանի գուբերնիա՝ պաշտոնավարել որպես գուբերնատոր», - «Ազատության» հետ զրույցում ասաց Փոստանջյանը։
«Երբ որ նպատակը սեփական իշխանության երկարացումն է, ընդ որում՝ շրջանցելով սահմանադրական արգելքները, բնականաբար այլ բան չի մնում, քան դա մատուցել հասարակությանը իբրև ժողովրդավարության խորացում, ընդդիմության իրավունքների լայնացում», - իր հերթին նշեց Զուրաբյանը։
Օրացույցում հուլիսի 5-ը ոչ աշխատանքային է, տոնական, բայց Զարուհի Փոստանջյանը չի կարծում, թե օրվա հասցեատերերը միմյանց շնորհավորելու առիթ ունեն։
«Եթե այսօրը իրապես տոն լիներ մեզանում, ապա մենք կարող էինք օգտվել այս տոնի ընձեռած հնարավորություններից, այսինքն՝ մայր օրենքը պետք է մեզ թույլատրեր, որպեսզի մենք ապրեինք ազատ և հնարավորությունների Հայաստանում։ Թղթի վրա լինելով՝ այն կիրառական նշանակություն չի ունեցել մեր կյանքում», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Լևոն Զուրաբյանի մոտ հակասական տրամադրություններ է առաջացնում տոնական այս օրը. այո՛, անկախության կարևոր ինստիտուտներից մեկը՝ Սահմանադրությունը ձեռք բերվեց, բայց ի՞նչ է մնացել երկու տասնամյակ անց։ «Քաղաքական վերնախավը հաղթանակ տարավ Սահմանադրության նկատմամբ, ու թեև ֆորմալ մենք այսօր տոնում ենք մեր առաջին Սահմանադրության ընդունման տոնը, բայց Սահմանադրությունից ոչ մի բան չի մնացել։ Երբ որ քաղաքական վերնախավը սկսում է իրեն Սահմանադրությունից վեր դասել և Սահմանադրությունը փոխում է՝ իր նպատակների, իր իշխանամոլության համաչափ՝ տասը տարին մեկ Սահմանադրություն ենք փոխում, ամեն մի նոր իշխանությունը Սահմանադրություն է փոխում, և նպատակը միայն՝ սազեցնել Սահմանադրությունը իր իշխանությունը պահպանելու նպատակներին», - ասաց Զուրաբյանը։