Մատչելիության հղումներ

Այսօր Ազգային գրադարանի հիմնադրման օրն է


Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքը:
Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքը:

Ինչպես շատ այլ կրթական ու մշակութային հաստատություններ, այն հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության օրոք՝ 1919 թվականին:

Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ 1919-ին հազիվ մի քանի հազար կտոր գրականության հիման վրա է ստեղծվել Հայաստանի ազգային գրադարանը, իսկ գրադարանի հիմնական՝ թամանյանական մասնաշենքը կառուցվեց միայն 20 տարի անց՝ 1939-ին:

Այսօր Ազգային գրադարանն ունի արդեն մի քանի մասնաշենք, որոնք բոլորն էլ վերջին մի քանի տարիների ընթացքում վերանորոգվել են և ջեռուցվում են, ընթերցասրահներն աշխատում են մինչև երեկոյան ժամը 9-ը:

Գրադարանն այսօր ունի 380 աշխատակից և տարեկան միջին հաշվով ավելի քան 27 հազար ընթերցող: Ազգային գրադարանում այսօր պահվող ավելի քան 6 մլն ֆոնդերից թվայնացված է մեկ մլն 800 հազար էջ մամուլ և մոտ 6000 կտոր գրականություն:

Զարգարյանի փոխանցմամբ՝ այսօր աշխարհի բոլոր ծայրերից են օգտվում Հայաստանի ազգային գրադարանից՝ հատկապես հայագիտության բաժնից: Հայաստանի Ազգային գրադարանն այն եզակի կառույցն է, որ պահպանում է 1512 թվականից սկսած հայերեն ողջ տպագիր մամուլը:

Ի դեպ, ըստ տնօրենի, Հակոբ Մեղապարտի հրատարակած առաջին հայերեն Ուրբաթագրքից հետո մինչև մեր օրերը տպագրվել է 5600 անուն հայերեն թերթ ու պարբերական և ավելի քան 125 հազար անուն գիրք:

Ի պատասխան «Ազատության» հարցին, թե այսօր ինչ խնդիրներ կարող է մատնանշել` կապված Ազգային գրադարանի հետ, Զարգարյանն ասաց, որ խնդիրները, իհարկե, շատ են, բայց դրանք աստիճանաբար լուծվում են․ - «Շատ կուզենայինք, որպեսզի նոր մասնաշենք կառուցվի․ բակում մենք տեղ ունենք: Սա հուշարձան շենք է, ինքը ծավալային շատ գեղեցիկ է, լուսավոր է, բայց շատ չես կարող այստեղ տեղավորել: Ժամանակակից գրադարանները մի քիչ այլ կառուցվածք ունեն: Եթե այդպիսի մասնաշենք կառուցենք՝ իր բունկերներով ստորգետնյա, որտեղ մենք հնատիպ գրքերը կպահենք, վերգետնյա հատվածով, որտեղ ընթերցողները կնստեն, կաշխատեն․․․ դա, իհարկե, փայլուն գործ կլիներ»:

Զարգարյանը ասաց, որ բավարարված է նոր գրականություն ձեռք բերելու համար պետբյուջեից հատկացվող գումարներով․ - «Ես գոհ եմ: Բավականին լավ գումարներ ենք ստանում, հնատիպ գրքեր ենք ձեռք բերում: «Ամազոն»-ից շատ լավ արտասահմանյան գրականություն ենք ձեռք բերում՝ հիմնականում հայագիտական ուղղվածության»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG