Մատչելիության հղումներ

Հայաստանում մեկնարկեց ամառային զորակոչը


Ապրիլյան 4-օրյա ռազմական գործողություններից հետո այսօր առաջին զորահավաքն էր: Նորակոչիկների մեծ մասը ծառայության վայր ընտրեց Լեռնային Ղարաբաղը:

Մի զորակոչիկ, որին ասվեց, որ պիտի ծառայի Կապանի զորամասերից մեկում, «Ազատության» հետ զրույցում դժգոհեց․ - «Վատ ա: Ղարաբաղ կուզեի: Հեսա դիմում կգրեմ, այնտեղ է պետք ծառայել»:

Նույն ոգևորությամբ չէին խոսում առավոտից Հանրապետական հավաքակայանի դիմաց կիզիչ արևի տակ սպասող ծնողները:

Իմանալով, որ մի քանի ժամից որդիները արդեն սահմանին են լինելու, նրանցից շատերը չկարողացան զսպել արցունքները: Ոմանք վրդովված ասում էին, թե «նորից սահման են ուղարկում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին»․ - «Այս անարդար երկրում արդարություն չփնտրենք, լքենք, փախնենք»:

Նորակոչիկները, մինչդեռ, «Ազատության» հետ զրույցներում ասում էին, որ ապրիլյան քառօրյա ռազմական գործողությունները շատ բան են փոխել իրենց կյանքում․ - «Էս տղու համար ա: Պտի գանք ստեղ սաղս էլ, որ տղամարդ դառած հետ գնանք տուն»:

«Կարևորը լավ տեղ ընկնի, լավ մարդկանց շրջապատում: Լավ ծառայի՝ անվնաս, անփորձանք, ու վերադառնա», - ասաց նորակոչիկներից մեկի մայրը:

«Մենք հպարտ ենք, որ տենց տղաներ ունենք», - ասաց մեկ այլ նորակոչիկի հայրը:

Ծնողներից շատերը բարձրաձայնեցին իրենց մտահոգությունները: Հիմնականում բողոքում էին արդարության պակասից, խտրականությունից: Իշխանություններին խնդրում էին տեր կանգնել իրենց տղաներին՝ չթողնելով մարտի դաշտում անզեն ու անպաշտպան:

«Այնպես չի, որ մենք այսօր այսպես տխուր ենք նստած․․․ տխրելու ոչ մի բան չէր լինի, եթե սա լիներ ապրիլյան պատերազմից առաջ: Իսկ երբ լսում ենք, տեսնում ենք, թե ինչքան վատ վիճակում են եղել մեր զինվորները այնտեղ, բնականաբար, հուսահատվում ենք: Նկատում ենք խտրականությունը, դրա համար էլ հուզված ենք: Տեսնում ենք, որ այստեղ բոլորս էլ մի խավի ժողովուրդ ենք, այստեղ բարձր խավի ոչ մեկի չենք նկատում: Այնպես չի, որ չենք արտահայտվում, ուրեմն չենք հասկանում», - ասաց մայրերից մեկը:

«Ամեքը մի տան ջրագ են, մի տան լույս: Էսօր տեսել եմ, բոլորի համար էլ հուզվել եմ: Աստված իրանց հետ․․․ Ցավը տանեմ սաղի․․․ Թույլ տան, ես էլ կէթամ իրանց հետ ծառայեմ», - անկեղծացավ մեկ այլ մայր:

Ծնողներից ոմանք հիասթափված էին, ոմանք՝ ոգևորված, ոմանք՝ սրտեղած, սակայն բոլորը՝ հույսով, որ խաղաղություն կլինի ու իրենց զավակները ողջ և առողջ կվերադառնան տուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG