Մևլութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը քննարկելու են տարածաշրջանային հարցեր, հիմնականում՝ սիրիական ճգնաժամը:
Լավրովը երեկ հայտարարել է․ - «Նախկինում մենք Սիրիայի հարցով սերտորեն համագործակցում էինք Թուրքիայի հետ: Հիմա, երբ Էրդողանը Պուտինից ներողություն է խնդրել, մենք պատրաստ ենք վերականգնել մեր համագործակցությունը Թուրքիայի հետ սիրիական ճգնաժամը հաղթահարելու հարցում: Հատկապես հաշվի առնելով, որ Թուրքիայից շատ բան է կախված»:
Մոսկվան Անկարայից կոնկրետ քայլեր է ակնկալում թուրք-սիրիական սահմանի հետ կապված:
Երեկ երեկոյան հայտնի դարձավ նաև, որ ռուս-թուրքական հաշտեցման այս գործընթացում լուրջ դերակատարություն է ունեցել Նուրսուլթան Նազաբաևը: Ղազախստանի նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ շնորհակալություն է հայտնել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները կարգավորելու հարցում ունեցած ներդրման համար:
Երկուշաբթի օրը Պուտինի ուղղած նամակում Էրդողանը ափսոսանք էր հայտնել նոյեմբերին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ և ներողություն էր խնդրել: Հիշեցնենք, թուրքական օդուժը թուրք-սիրիական սահմանին խոցել էր ռուսաստանյան ռազմական ինքնաթիռ, օդաչուն զոհվել էր:
Դրանից հետո երկու երկրների հարաբերություններում առաջացած ճգնաժամը ձգվում է արդեն յոթ ամիս:
Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցից անմիջապես հետո Պուտինը Ռուսաստանի կառավարության անդամներին հանձնարարել է սկսել աշխատանքները ռուս-թուրքական հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Նաև վերացվեց ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիա մեկնելու արգելքը:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը այսօր հայտարարել է, որ Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները հանվելու են փուլ առ փուլ, գործընթացի ժամանակ հաշվի են առնվելու ռուսաստանցի արտադրողների շահերը: