Մատչելիության հղումներ

Լուկաշևիչ. «Ռուսաստանը ղարաբաղյան կարգավորման առանցքային դերակատարն է»


Ալեքսանդր Լուկաշևիչ, արխիվ
Ալեքսանդր Լուկաշևիչ, արխիվ

Թիվ մեկ խնդիրն այս փուլում շփման գծում իրավիճակի կայունացումն է, ասում է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը:

ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնամայերի տարածաշրջանային այցը ղարաբաղյան կարգավորման համատեքստում «որևէ բեկում չի ապահովի»: Երեկ երեկոյան "Россия 24" հեռուստաալիքի եթերում նման համոզմունք հայտնեց ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

«Կասկած չկա, որ ԵԱՀԿ գործող նախագահը շատ կարևոր դերակատարություն ունի, բայց տվյալ դեպքում գոնե, նա շարժիչ ուժ չի հանդիսանում: [Կարգավորման] շարժիչ ուժը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են: Վերջին շրջանում Մինսկի խմբի աշխատանքները հասցվել են պետությունների ղեկավարների մակարդակին», - նշում էր ռուսաստանցի դիվանագետը` հատուկ ընդգծելով, սակայն, որ պաշտոնական Մոսկվան ղարաբաղյան կարգավորման գործընթացում առանցքային դերակատարություն է ստանձնել:

«Ամենամեծ ներուժին ռուսական կողմն է տիրապետում: Համանախագահների եռյակի հանդեպ ունեցած ողջ հարգանքով հանդերձ՝ նշեմ, որ 1994-95 թվականներին` բազային համաձայնագրերի [կնքման] ընթացքում ևս առաջատար դերակատարությունը Ռուսաստանինն էր: Այժմ էլ Ռուսաստանն իր հնարավորություններն է ցույց տալիս Ստրելնյայում կայացած հանդիպումից հետո», - հայտարարում էր Ալեքսանդր Լուկաշևիչը` մանրամասնելով, թե հատկապես որոնք էին Սանկտ Պետերբուրգում կայացած այդ եռակողմ բանակցությունների հիմնական արդյունքները:

«Գուցե շրջադարձային արդյունքներ չկան, սակայն դինամիկան հետևյալն է` համանախագահները հակամարտության կողմերից բավական կոշտ երաշխիքներ են պահանջում, որ մեկնարկելու է կարգավորման սկզբունքների համաձայնեցման քաղաքական պրոցեսը», - ասում էր ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը:

Մինչև քաղաքական կարգավորման բուն պրոցեսի մեկնարկը, սակայն, ըստ Լուկաշևիչի, շատ կարևոր է, որպեսզի շփման գծում մոնիտորինգի հստակ մեխանիզմներ ներդրվեն, մեծացվի ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի գրասենյակի դերակատարությունը:

«Ցավոք սրտի, առայժմ Վիեննայում իրական պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել կողմերից մեկի դիրքորոշման պատճառով: Այդ կողմը պայմանավորվածությունները յուրովի է մեկնաբանում: Ամեն դեպքում, հստակ զգացողություն կա, որ շփման գծի մոնիտորինգի հնարավորությունների մեծացումը շատ կարևոր պայմանավորվածություն է, որը հարկավոր է լինելու կյանքի կոչել այն ծավալով, որի շուրջ պայմանավորվել են նախագահները», - նշում էր ռուսաստանցի դիվանագետը՝ հավելելով, որ թիվ մեկ խնդիրն այս փուլում շփման գծում իրավիճակի կայունացումն է․ - «Այժմ գլխավոր խնդիրը ապրիլին տեղի ունեցած իրադարձությունների վերսկսումը կանխելն է»:

Մեկ այլ ռուսաստանյան լրատվամիջոցի` РИА "Новости" գործակալությանը տված հարցազրույցում Ալեքսանդր Լուկաշևիչը այսօր նշում է, որ մարտական գործողությունների վերսկսման բացառումը նաև պետերբուրգյան հանդիպման առանցքային թեմաներից մեկն էր:

«Այդ հանդիպումը լիովին արդարացրեց սպասելիքները առ այն, որ ռազմական գործողությունների, հարձակողական ռազմական գործողությունների վերսկսում չի լինի, չպետք է լինի: Նման երաշխիքներ, որքան ես եմ հասկանում, ամենաբարձր մակարդակում են տրվել: Այժմ հարկավոր է մեխանիզմներ մշակել, որոնք թույլ չեն տա հակամարտությանը նոր ուժով բռնվկել: Նման հնարավորություններ, ի դեպ, ապրիլյան իրադարձություններից հետո առկա էին: Հատկապես եթե հաշվի առնենք ադրբեջանական կողմի այն հայտարարությունները, որոնց համաձայն իրենք 1994-95 թվականների հիմնարար համաձայնագրերն այլևս ուժը կորցրած էին համարում», - ասում է Լուկաշևիչը:

Դիվանագետն, ի դեպ, ընդգծում է, որ կարգավորման հիմնական սկզբունքները`ընդհուպ մինչև խաղաղապահ ուժերի տեղակայումը, հստակեցվել են հենց 1994-95 թվականններին կնքված բազային համաձայնագրերով: Ռուսաստանցի դիվանագետը հատուկ հիշեցնում է, որ դրանց մշակմանը ակտիվորեն մասնակցում էր նաև պաշտոնական Ստեփանակերտը:

«Պետք է մշտապես հիշել, որ բազային համաձայնագրերի տակ իր ստորագրությունն էր դրել նաև Լեռնային Ղարաբաղը, որը սկզբնական շրջանում մասնակցում էր այս թեմային նվիրված քննարկումներին», - նշում է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG