Միավորված հակաօդային պաշտպանության ուժեր ստեղծելու մասին համաձայնագիրն այսօր խիստ կարևորել է Հայաստանի պաշտպանության նախարարը՝ ընդգծելով, որ այն Հայաստանին թույլ կտա օդային պաշտպանության խնդիրներում օգտագործել նաև ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի վերջին սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչները և օդատիեզերական զորքերի հնարավորությունները:
«Մենք լուրջ հետախուզական տվյալներ ունենք, որոնք որ ընդհանուր տեղեկատվական դաշտում լինեն և կկանխարգելեն այն բոլոր խախտումները, որ կիրականացվի, ասենք, մեր հակառակորդների կողմից: Այս առումով առավել վստահելի գործընկեր, ինչպիսին Ռուսաստանի Դաշնությունն է՝ այս պահին իր իրականացված աշխատանքներով, մենք բոլորս չենք տեսնում», - լրագրողների հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը:
Օհանյանը լրագրողներին վստահեցրեց, որ հայկական ՀՕՊ ուժերը ինքնուրույն են որոշումներ կայացնելու․ - «Ե՛վ խաղաղ պայմաններում, և՛ պատերազմական ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող հակաօդային պաշտպանության, ավիացիայի ուժերն ու միջոցները պլանավորվելու և կիրառվելու են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ղեկավարության և հատկապես ՀՕՊ և նաև ավիացիայի ղեկավարության կողմից: Վստահ եղեք դրանում»:
Խորհրդարանում իշխող քաղաքական ուժը ներկայացնող պատգամավոր Խոսրով Հարությունյանը այօրվա քննարկմանը հայտարարեց, թե պահպանելով գործող ՀՕՊ ուժերի ինքնիշխանությունը, Հայաստանը լրացուցիչ միավորված համակարգ է ստեղծում, և իրենց համար անհասկանալի են մտահոգության պատճառները․ - «Ընդունում եմ այն ձևակերպումը, որ մեր քաղաքացիներից ոմանք, միգուցե դառնացած, միգուցե ոչ-անհիմն դառնացած հայ-ռուսական հարաբերություններում վերջերս նկատված որոշ անհարթություններից, փորձում են ծայրահեղ դիրքորոշումներ [որդեգրել], բայց մոլորության մեջ են»:
Հասարակության շրջանում քննադատության պատճառը, ըստ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի, որոշ քաղաքական գործիչների կողմից փաստերի խեղաթյուրումն է։ Նրա պնդմամբ, այս համաձայնագիրն իրականում ավելի անվտանգ կդարձնի Հայաստանի օդային տարածքը․ - «Այնպես որ, եկեք չփորձենք խաղալ հանրության նուրբ լարերի վրա, և շատ անազնիվ ձևով այստեղ օգտագործել․․․ Իրավունք ենք ստանում, առանց ռուսական կողմին նախապես տեղեկացնելու, օգտվելու Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի ռազմական արսենալից, այդ թվում՝ կործանիչ ավիացիայից»:
Դեմ արտահայտվողների մտահոգությունը փարատելու համար պատգամավոր Գուրգեն Արսենյանն իշխանություններին առաջարկեց նրանց համար ՀՕՊ ուժերում էքսկուրսիա անցկացնել․ - «Նաև մասնագիտական բացատրություններ թող տային հրամանատարությունը, թե ինչ է տեղի ունենում, ոնց է տեղի ունենում, ասենք՝ Էս-300 հրթիռային համակարգը ոնց ա սկսում իր աշխատանքը և ոնց է ապահովում Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի, այդ թվում նաև մի քիչ հեռու գտնվող ատոմակայանի հակաօդային պաշտպանությունը»:
Միավորված ՀՕՊ ուժեր ստեղծելու համաձայնագրին դեմ արտահայտվող սակավաթիվ պատգամավորներից էր Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն»)։ Նրա պնդմամբ, համաձայնագիրը վավերացվում է բացառապես տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերը ամրապնդելու համար։
Ընդդիմադիր գործչի խոսքով, ո՛չ ապրիլյան քառօրյա պատերազմում, ո՛չ էլ դրան նախորդած ռազմական այլ բախումների ընթացքում ՀԱՊԿ-ը երբևէ չի աջակցել Հայաստանին․ - «Դուք դարձել եք ամբողջությամբ Ռուսաստանի Դաշնության քաղաքական, ռազմական վերահսկողության ներքո տարածք»:
Հրանտ Բագրատյանը գործընկերներին հորդորեց համաձայնագրին կողմ լինելը չվերածել Ռուսաստանի նկատմամբ քծնանքի․ - «Փաստորեն բացի մի ֆրակցիայից, որը, ըստ էության, հազար ներողություն, գոյություն չունի, մենք անընդհատ գովում ենք այս պարագայում: Մենք 2017 թվին գնում ենք ընտրության քաղաքական հայացքներով, թե՝ ով ա Ռուսաստանին մոտ, ով մոտ չի: Ես Հայաստանին եմ մոտ: Եվ ես ընդհանրապես թքած ունեմ, ով ինչ ա մտածում: Ձեզանից պակաս կապեր չեմ ունեցել Ռուսաստանում ու չունեմ, բայց ես երբեք ինձ թույլ չեմ տվել քծնել»:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդհատեց նախկին վարչապետի ելույթը․ - «Եթե ինչ-որ քծնող կա, խնդրում եմ անուններ տվեք․․․ Մենք էլ պաշտպանում ենք Հայաստանի շահերը ու այս պայմանագրի վավերացմանը կողմնակից ենք բացառապես, քանի որ դա բխում ա մեր շահերից»: