Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Մինչ ամբողջ աշխարհի հայությունը ցնծության մեջ էր Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի՝ դեպի առաջին քրիստոնյա երկիր պատմական «ուխտագնացության» առիթով, մարդկանց մեծ մասը տեղյակ չէր Վատիկանում կուլիսների հետևում մինչ նրա այցը Հայոց ցեղասպանության հարցի շուրջ ծավալված քննարկումների մասին:
Հռոմի Պապի երկակի դերը որպես Կաթոլիկ եկեղեցու քահանայապետ և Վատիկանի պետության ղեկավար երբեմն խնդիրներ է ստեղծում Սուրբ Աթոռի պատերի ներսում և նրա սահմաններից դուրս, ինչպես տեղի ունեցավ անցյալ շաբաթ Հռոմի Պապի Հայաստան կատարած այցի ժամանակ:
Երկարատև նախապատրաստություններից և ներքին քննարկումներից հետո, Հռոմի Պապը հունիսի 24-ին ժամանեց Հայաստան՝ պատրաստ հանդես գալու մի շարք քարոզներով և ելույթներով իր եռօրյա այցի ընթացքում: Զարմանալի էր, որ նրա պատրաստած ելույթներից ոչ մեկը չէր պարունակում Հայոց ցեղասպանություն բառերը, սակայն կային բազմաթիվ վկայակոչումներ «ողբերգության, կոտորածի, սարսափելի փորձության և անսահման տառապանքի» վերաբերյալ: Նրա քարոզներում բազմիցս գործածվել է «Մեծ Եղեռն» հայերեն եզրույթը, որը «մեծ ոճիրի» փոխարեն Վատիկանի կողմից սխալմամբ թարգմանվել է որպես «մեծ չարիք»: Տերմինաբանության մեջ փոփոխության առաջին նշումը հայտնի դարձավ մինչ Հռոմի Պապի հովվական այցը՝ հայ ժողովրդին հղված տեսաուղերձում, որտեղ չէր հիշատակվում Հայոց ցեղասպանությունը: Հետագայում, Հայոց ցեղասպանության հուշահամալիր կատարած այցելության ժամանակ Քահանայապետը հյուրերի գրքում ևս չգրեց Հայոց ցեղասպանություն բառերը՝ արտագրելով նախապատրաստված տեքստից...
Կարող է երկու պատճառ լինել, թե ինչու էին խուսափում գործածել Հայոց ցեղասպանություն բառերը.
1) Քանի որ Հայոց ցեղասպանություն եզրույթն անցյալ տարվա ապրիլին Սուրբ Պետրոս տաճարում մատուցած պատարագի ժամանակ արդեն հաստատվել էր Հռոմի Ֆրանցիսկոս Պապի կողմից, Վատիկանի պաշտոնյաները որոշել էին հանդես գալ «խաղաղության և հաշտեցման» մի նոր ուղերձով:
2) Քահանայապետի արտաքին քաղաքականության խորհրդականները հնարավոր է դժկամորեն էին վերաբերվել Հայոց ցեղասպանության հարցը մեկ անգամ ևս բարձրացնելուն՝ անցյալ տարի թուրքական կառավարության կողմից կտրուկ արձագանքից և Վատիկանից թուրք դեսպանի 10 ամսով հետկանչից հետո:
Սակայն Հռոմի Ֆրանցիսկոս Պապը զարմացրեց բոլորին, երբ Երևանում ՀՀ նախագահի նստավայրում հունիսի 24-ին արտասանած իր ելույթում շեղվեց նախապատրաստված և լրատվամիջոցներին արդեն բաժանված ելույթից՝ ավելացնելով ցեղասպանություն բառը: Ահա թե ինչ ասաց Հռոմի Պապը, հիշելով իր ավելի վաղ՝ 2015 թ. ապրիլի 12-ի քարոզը. - «Այդ առիթով հիշատակվեց 100-րդ տարելիցը Մեծ Եղեռնի, «Մեծ չարիքը», որը հարվածեց ձեր ժողովրդին և անթիվ անհամար զոհերի պատճառ դարձավ։ Ցավոք, այդ ողբերգությունը, այդ ցեղասպանությունը, գլխավորեց անցյալ դարի անմարդկային աղետների տխուր ցուցակը, որոնք իրականացվեցին ցեղապաշտական, գաղափարախոսական և կրոնական մոլորեցնող շարժառիթներով և որոնք մթագնեցին մարդասպանների միտքը, որոնք նպատակադրվեցին ոչնչացնելու մինչև իսկ ամբողջ ժողովուրդներ»:
Նույն օրն ավելի ուշ, Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն հայր Ֆեդերիկո Լոմբարդին բացատրեց, թե ինչու է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը շեղվել իր պատրաստած տեքստից. - «Պապը ասում է այն, ինչ հարմար է գտնում, և ոչ ոք չի որոշում, թե Քահանայապետն ինչ պետք է ասի: Հռոմի Պապը Հայաստան այցի ընթացքում ցեղասպանություն բառը չօգտագործելու որևէ պատճառ չուներ: Իրականությունը հստակ է, և մենք երբեք այն չենք ժխտել»:
Մի ելույթում Պապի օգտագործած այդ միակ բառը չվրիպեց թուրքական իշխանությունների ուշադրությունից: Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթին Չանըքլին իր արձագանքում մեղադրեց Պապին «խաչակրաց մտածելակերպ» ունենալու մեջ: Չանըքլին դարձյալ կրկնեց սովորական թուրքական կեղծիքները Հայոց ցեղասպանության մասին: Հռոմի Պապի մամուլի քարտուղար Լոմբարդին մերժեց փոխվարչապետի քննադատությունը, նշելով, որ «Հռոմի Պապը խաչակրաց արշավանքի չի ելել: Նա ոչ մի բառ չի ասել ընդդեմ թուրք ժողովրդի»:
Հրաժարվելով խոնարհվել թուրքական ճնշման տակ, Հռոմի Ֆրացիսկոս Պապը Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ 2016 թ. հունիսի 26-ին ստորագրեց Համատեղ հռչակագիր, որը վկայակոչում էր Վատիկանի կողմից Հայոց ցեղասպանության ավելի վաղ ճանաչումը. Ֆրանցիսկոս Պապի 2015 թ. ապրիլի 12-ի հանդիսավոր պատարագը և 2001 թ. սեպտեմբերի 27-ին Գարեգին երկրորդի և Հովհաննես Պողոս երկրորդի ստորագրած Համատեղ հայտարարությունը: Հայոց ցեղասպանության ճանաչման ևս մեկ Համատեղ հաղորդագրություն ստորագրվել է 2000 թ. նոյեմբերի 29-ին Հովհաննես Պողոս երկրորդի և Գարեգին երկրորդի կողմից:
Հունիսի 26-ին Հռոմ վերադառնալու ճանապարհին, «Ֆրանսպրես» լրատվական գործակալության լրագրողը հարցրեց Հռոմի Պապին, թե ինչու նա Երևանում որոշեց իր ելույթում ավելացնել ցեղասպանություն բառը: Պապը մանրամասն բացատրեց, որ ցեղասպանությունը հայերի զանգվածային սպանությունները նկարագրող միակ բառն է, որ իմացել է վաղ հասակից: Պապը նշեց նաև իր առաջիկա այցերի մասին Ադրբեջան և Վրաստան, որոնք տեղի կունենան սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 2-ը:
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը դեպի Հայաստան իր «ուխտագնացությանը» մոտեցավ առավելագույն ազնվությամբ և իր սրտի խոսքն ասաց Հայոց ցեղասպանության մասին՝ անտեսելով իր խորհրդականների և ճառ գրողների քաղաքական հաշվարկները: Նա նախընտրեց իրեն դրսևորել որպես Աստծո ճշմարիտ ծառա, այլ ոչ թե խորամանկ քաղաքական գործիչ...
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի