Մատչելիության հղումներ

Գյումրիի քաղաքապետարանը BMW X5 մակնիշի ծառայողական մեքենաներ է կրճատում


Գյումրիի քաղաքապետարանի շենքը
Գյումրիի քաղաքապետարանի շենքը

Ըստ Գյումրիի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետի, օտարումից ստացված գումարով փողոց կասֆալտապատեն։

Գյումրիի քաղաքապետարանը, հետ չմնալով կառավարությունից, անցնում է ծառայողական մեքենաների կրճատման: Սակայն, ի տարբերություն կառավարության, որը հիմնականում խորհրդային արտադրության մեքենաներ է օտարում, Գյումրիի քաղաքապետարանը օտարելու է արտասահմանյան արտադրության երկու BMW X5 մակնիշի մեքենա:

«Ազատության» հարցին, թե ի՞նչ են անելու օտարումից ստացված գումարները, Գյումրիի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը պատասխանեց. - «Օտարումը մեզ համար խիստ ձեռնտու տարբերակ է, մեր ֆոնդային բյուջեին մուտք կգա, և մենք կարող ենք, օրինակ, մի փոքր տարածք էլ ասֆալտապատել, որովհետև հիմնականում փողոցների ասֆալտապատումը, որպես կապիտալ նորոգում, կատարվում է ֆոնդային բյուջեի հաշվին, իսկ այս պահին մեր ֆոնդային բյուջեում մուտքեր չունենք, քանի որ օտարման ենթակա բան չունենք»։

Քաղաքապետարանը 16 ծառայողական մեքենա ունի, օտարելուց հետո կմնա 14-ը: Հարցին, թե ինչո՞ւ չեն օտարվում քաղաքապետարանի հաշվեկշռում եղած ավելի հին՝ խորհրդային արտադրության մեքենաները, քաղաքապետարանի աշխատակիցը պատասխանեց. - «Շատ ծախսատար մեքենաներ էին դրանք և քաղաքապետարանի բյուջեին հարմար չէին, գտանք, որ ավելի լավ է ծառայողական մեքենաները լինեն սովետական մեքենաներ, որպեսզի ծախսատար չլինեն և մասերն ավելի մատչելի լինեն, այդ իսկ պատճառով այդ BMW-ները որոշվեց օտարել»։

Մեքենաների օտարման շուրջ ավագանու համապատասխան որոշումն արդեն ընդունվել է, մեկնարկային գինն էլ՝ սահմանվել: Առաջիկայում կհայտարարվի աճուրդի մասին:

«Մի մեքենան գնահատվել է 1 միլիոն 860 հազար դրամ, երկրորդը՝ 1 միլիոն 750 հազար դրամ։ Ավագանին թույլ է տվել, որ այդ երկու մեքենաները օտարենք։ Ցանկացած քաղաքացի կարող է մասնակցել այդ աճուրդին», - ասաց Ջիլավյանը։

Քաղաքի գլխավոր ֆինանսիստը նշեց, որ քաղաքապետն ու տեղակալը իրենց անձնական մեքենաներով են աշխատանքի գալիս, նրանք, ըստ Ջիլավյանի, ծառայողական մեքենաներ չունեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG