Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը պատգամավորներին կոչ է անում դեմ քվեարկել ՀՕՊ համաձայնագրի վավերացմանը


«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան, արխիվ
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան, արխիվ

«Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է Հայաստանի և Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանության միավորված (ՀՕՊ) համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը Ազգային ժողովում վավերացնելու ցանկացած փորձ և Հայաստանի խորհրդարանի բոլոր պատգամավորներին կոչ է անում դեմ քվեարկել այդ փաստաթղթին:

«Հունիսի 27-ին, վավերացնելու նպատակով, վերստին Ազգային ժողովի օրակարգ է մտցվում «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Ըստ այդ համաձայնագրի, ստեղծվելու է Հայկական հակաօդային պաշտպանությունը կարգավորող մի մարմին, որը կառավարվելու է Ռուսաստանի կողմից: Այսինքն՝ խաղաղ կամ պատերազմական իրավիճակում Հայաստանի և Արցախի հակաօդային պաշտպանությանը վերաբերող հարցերում (Հայաստանի և Արցախի ՀՕՊ-երը կազմում են մեկ ընդհանուր համակարգ) որոշումներն, ըստ էության, կայացնելու է Ռուսաստանը», - իր հայտարարությունում նշում է ընդդիմադիր կուսակցությունը՝ պնդելով․ - «Սա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վերջին փշրանքներն օտար պետության հանձնելու փորձ է, այն էլ՝ այնպիսի պետության, որի կողմից թշնամի Ադրբեջանին ավելի քան 5 մլրդ դոլարի նորագույն հարձակվողական սպառազինությունների մատակարարման արդյունքում Բաքուն համարձակվեց պատերազմական գործողություններ սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ՝ պատճառելով մարդկային և տարածքային զգալի կորուստներ»:

Համոզմունք հայտնելով, որ «Հայաստանի և Արցախի հանրապետությունների միասնական հակաօդային պաշտպանության համակարգն ի զորու է չեզոքացնելու Ադրբեջանի առավելությունը՝ ոչնչացնելով նրա օդուժը», «Ժառանգություն»-ը շարունակում է․ - «Փաստորեն հայկական ՀՕՊ-ի կառավարումը հանձնվում է մի պետության, որը չի կարող դիտարկվել որպես վստահելի դաշնակից, ավելին՝ որևէ երաշխիք չկա, որ Ադրբեջանի հաջորդ հարձակման ժամանակ Ռուսաստանի հետ միավորված ՀՕՊ համակարգի մասին պայմանագիր ստորագրած Հայաստանը կկարողանա կիրառել իր ՀՕՊ-ը Արցախի երկինքը պաշտպանելու նպատակով, քանի որ Ռուսաստանը համարում է Արցախն Ադրբեջանի մաս»:

«Ժառանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է այս խայտառակ համաձայնագիրը Ազգային ժողովում վավերացնելու ցանկացած փորձ և կոչ է անում ԱԺ բոլոր պատգամավորներին դեմ քվեարկել Արցախի հայկական հողերի հանձնման դավադիր նախագծի հերթական բաղկացուցիչ մաս կազմող և ապրիլյան քառօրյա պատերազմի տրամաբանական շարունակությունը հանդիսացող այս փաստաթղթին», - ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG