«Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս երբեք նման ողբերգություններ, ինչպիսին սա է, չկրկնվեն, որպեսզի մարդկությունը չմոռանա և իմանա չարությանը բարությամբ հաղթել»։ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում այսօր այս գրառումն է արել եռօրյա այցով Հայաստանում գտնվող Հռոմի Ֆրանցիսկոս Պապը։
Այսօր առավոտյան նախագահի, առաջին տիկնոջ և Ամենայն հայոց կաթողիկոսի ուղեկցությամբ Ֆրանցիսկոս Պապն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Հռոմի Պապը նախագահի և կաթողիկոսի հետ ծաղիկներ է խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, որտեղ հոգևոր դասը կատարել է Բարեխոսական կարգի արարողություն:
Ֆրանցիսկոս Պապն այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողությունների պուրակ՝ օրհնել իր անվամբ տնկված եղևնին, զրուցել Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգների հետ։
Հայաստանի նախագահի նստավայրում, անդրադառնալով 1915-ի իրադարձություններին, Հռոմի Ֆրանցիսկոս Պապը երեկ դարձյալ գործածել էր «ցեղասպանություն» բառը: «Այդ ողբերգությունը, ցեղասպանությունը, ցավոք, գլխավորեց անցյալ դարի անմարդկային աղետների տխուր ցուցակը, որոնք իրականացվեցին ցեղապաշտական, գաղափարախոսական և կրոնական մոլորեցնող շարժառիթներով և որոնք մթագնեցին մարդասպանների միտքը, ովքեր նպատակադրվեցին ոչնչացնելու մինչև իսկ ամբողջ ժողովուրդներ»,- իր խոսքում նշել էր Ֆրանցիսկոս առաջինը։
Պաշտոնական Թուրքիան դեռ չի արձագանքել Հռոմի Պապի այս հայտարարությանը։ Մինչդեռ, նախորդ տարվա ապրիլին Թուրքիան հետ կանչեց Վատիկանում իր դեսպանին այն բանից հետո, երբ Ֆրանցիսկոս Պապը Վատիկանում կայացած եկեղեցական արարողության ժամանակ հայտարարեց, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը Հայոց ցեղասպանությունն է։ Դեսպան Մեհմեթ Փաչաջըն իր պաշտոնավայր վերադարձավ միայն 10 ամիս անց։
«Հռոմի Պապը կրկին օգտագործեց ցեղասպանություն բառը» վերտառությամբ հոդվածներ են հրապարակել թուրքական լրատվամիջոցները։ «Հյուրիեթ»-ը ընդգծել է, թե Պապը շեղվել է նախապես պատրաստված տեքստից ու 1915-ի ողբերգությունն անվանել է ցեղասպանություն։ «Т 24»-ն էլ նշել է, որ նախքան այցի մեկնարկը, Վատիկանից եկող ազդակները խոսում էին այն մասին, որ այս անգամ Ֆրանցիսկոսը կխուսափի այդ եզրի կիրառումից։ «Դոյչէ Վելլե»-ի թուրքական ծառայությունն իր հերթին նշել է, որ սա Հռոմի պապի 14-րդ արտերկրյա այցելությունն է և Հայաստանը տարածաշրջանում դարձել է նրա առաջին կանգառը։
Արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ պաշտոնական Թուրքիայի արձագանքը շատ չի ուշանա։ «Թուրքիայի ժխտողական քաղաքականության շրջանակներում կլինի համապատասխան արձագանք։ Պապի գործունեությունը Հայոց ցեղասպանության ճանաչման բնագավառում իմ կարծիքով ունեցել է արդեն շատ մեծ ազդեցություն՝ համաշխարհային հասարակական կարծիքի վրա, և Գերմանիայի «Բունդեսթագ»-ի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված այդ բանաձևն, ըստ էության, Հռոմի Պապի հայանպաստ գործունեության արդյունք է:
Ես համոզված եմ, որ հետագայում նույնպես նմանատիպ գործողություններ տարբեր եվրոպական երկրներում՝ մանավանդ աշխարհի քրիստոնյա երկրներում, կհետևեն»,- ասաց Սաֆրաստյանը: