Հայաստան էին ժամանել ինչպես հարևան երկրներից, այնպես էլ հեռավոր Ֆիլադելֆիայից ու Արգենտինայից։
Արգենտինական 150 հոգանոց պատվիրակության ղեկավար Արթուր Բերբերյանի խոսքով, թեև 20 ժամ ճանապարհ են եկել, սակայն շատ առույգ են ու պատրաստ դիմավորել հոգևոր առաջնորդին․ - «Որովհետև Պապը արգենտինցի է: Ամբողջ ընտանիքով եկանք ընդունելու Պապ Ֆրանցիսկոսին»:
Ֆերնանդո Նարգիզյանն առաջին անգամ է Հայաստանում: Ասաց, որ շատ էր ցանկանում իր պապերի հայրենիք գալ, ու սա լավագույն առիթն էր: Իսկ Ֆրանցիսկոս Պապի այցը, ըստ նրա, պատմական է Հայաստանի համար:
Ֆիլադելֆիայի ներկայացուցիչների խոսքով, իրենք այստեղ են Հռոմի Պապին շնորհակալություն հայտնելու համար։ Ամերիկուհի Սեսիլիան, ում ամուսինը հայ է, իր հետ հատուկ պաստառ էր բերել՝ «Շնորհակալություն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար»։
«Ես կաթոլիկ եմ, և իմ հոգևոր առաջնորդն այստեղ է՝ Հայաստանում։ Բայց ևս մեկ պատճառ կա, ինչի համար եկել եմ։ Պապ Ֆրանցիսկոսը խոսեց Ցեղասպանության մասին, բարձրացրեց այս հարցը, ու ես եկել եմ շնորհակալությունս հայտնելու։ Ես հայի հետ եմ ամուսնացել, ում հայրն ու հորեղբայրները մազապուրծ փախել ու հաստատվել են Ամերիկայում: Այնպես որ այստեղ եմ նաև ամուսնուս պապերին հարգանքի տուրք մատուցելու համար», - հավելեց Սեսիլիան։
Ֆիլադելֆիայի Սուրբ Երրորդություն եկեղեցու հովիվ տեր Հակոբ քահանա Գևորգյանը ասաց․ - «Սա մեր եկեղեցու կողմից շատ կարևոր իրադարձություն է, քանի որ այս ընդունելությամբ մենք Հռոմի Պապին շնորհակալություն ենք հայտնում: Հայոց ցեղասպանությունը ընդունվեց Վատիկանի կողմից և մեծ արձագանք գտավ ամբողջ աշխարհում»:
Իտալիայից ևս պատվիրակություն էր ժամանել։ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբան, Իտալիո հայոց հոգևոր հովիվ Թովմա վարդապետ Խաչատրյանն ասաց․ - «Պատմական օր է բոլորիս համար: Իտալիան շատ կարևոր երկիր է, մեկ միլիարդ երկու հարյուր միլիոնից ավելի հավատացյալ ունեցող կաթոլիկ աշխարհի կենտրոնն է, և այս մեր ներկայությամբ մենք ապահովում ենք նաև մի ծաղիկը այս գեղեցիկ ծաղկեփնջի, Իտալիայում տարբեր մշակույթների, բազմազան կրոնների շարքում նաև Հայ Առաքելական եկեղեցու ներկայությունը՝ իբրև ինքնուրույն միավոր, իբրև առաջին քրիստոնյա երկիր»: