Միացյալ Նահանգները երախտապարտ է Հայաստանին ու հայ ժողովրդին՝ Իրանի հանդեպ միջազգային պատժամիջոցների կիրառման հարցում ցուցաբերած աջակցության, նաև իր այդ հանձնառությունն իրականացնելիս արած զոհողությունների համար: Այս մասին «Ազատության» հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի հետ զրույցում ասել է ԱՄՆ Պետքարտուղարության Իրանի հարցերով գլխավոր խորհրդական Լեսլի Ցոուն:
«Մենք բոլորս, որպես միջազգային հանրություն, միասին ենք աշխատել՝ կիրառելով պատժամիջոցներ, որոնք վերջնարդյունքում Իրանին բերել են բանակցային սեղանի մոտ: Այնպես որ՝ դա բոլորիս հաղթանակն է, որ Իրանը կրճատել է իր միջուկային ծրագիրը և այդ երկրի հանդեպ պատժամիջոցները հանվել են»,- ասել է ամերիկացի պաշտոնյան:
«Միջուկային համաձայնության հասնելուց հետո Հայաստանում շատերը հույս ունեին, որ դա Հայաստանի և Իրանի միջև առևտրային հարաբերությունների համար նոր հեռանկարներ կարող է բացել: Բայց տպավորություն կա, որ ակնկալվող առաջընթացը շատ դանդաղ է տեղի ունենում: Ի՞նչ եք կարծում այս առնչությամբ, արդյո՞ք Դուք էլ այն կարծիքին եք, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը կնպաստի Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի տնտեսության զարգացմանը»: «Ազատության» այս հարցին ի պատասխան, Լեսլի Ցոուն նշել է, թե դեռ շատ ջանքեր կպահանջվեն՝ գնահատելու համար կատարվածի տնտեսական նշանակությունը:
«Մեզանից էլ շատ ժամանակ կպահանջվի, որպեսզի մենք կարողանանք հասկանալ, թե ինչպես շարժվել առաջ ու վստահ լինել, որ Իրանը ստանում է այն թեթևացումը, որին նա արժանի է: Միևնույն ժամանակ՝ ԱՄՆ-ը Իրանի հետ այլ խնդիրներ էլ ունի: Երկու երկրները դեռ պետք է անդրադառնան դրանց: Մի բան, որ ես լսել եմ ու կարծում եմ՝ նույնպես ժամանակին կշտկվի, այն է, որ Իրանի բանկային համակարգը մի տեսակ հետամնաց է ու դեռ պետք է հասնի միջազգային մակարդակին: Կարծում եմ, դրա համար ժամանակ կպահանջվի: Բայց ես չեմ տեսնում որևէ պատճառ, թե ինչու Հայաստանը, հատկապես լինելով հարևան, չի կարող օգտվել Իրանի հետ նոր հարաբերությունների հնարավորությունից, և ինչու Հայաստանի գործարար համայնքը չի կարող շահել դրանից՝ ժողովուրդների միջև զարգացող կապերի պայմաններում»,- ասել է Լեսլի Ցոուն:
«Դա նշանակո՞ւմ է արդյոք, որ չնայած հանգամանքին, որ ԱՄՆ-ը դեռ չի հանում Իրանի դեմ պատժամիջոցները` կապված մարդու իրավունքների վիճակի ու այլ հարցերի հետ, Հայաստանն արդեն կարող է ընդլայնել իր առևտրային կապերը Իրանի հետ: Կա՞ն արդյոք սահմանափակումներ հայերի համար՝ այնտեղ գնալու, ներդրումներ անելու, իրանական ներդրողներին Հայաստան բերելու առումով»:
«Ազատության» այս հարցին ի պատասխան, Իրանի հարցերով ԱՄՆ Պետքարտուղարության գլխավոր խորհրդականը, մանավորապես, նշել է՝ «Սա շատ լավ հարց է: Ես Հայաստանի ու Իրանի օրենքների փորձագետ չեմ, բայց ես չեմ տեսնում որևէ պատճառ, թե ինչու երկու երկրները [Հայաստանը և Իրանը] չեն կարող ուղղակի աշխատել իրար հետ ցանկացած ձեզ հետաքրքրող ոլորտում: Դժվարանում եմ ասել՝ այդ գործարքները կարո՞ղ են անդրադառնալ ԱՄՆ-ի վրա: Չեմ կարծում, որ իրանցի գործարարները նման խնդիր ունեն, որովհետև նրանք արդեն տևական ժամանակ մեզնից անջատված են: Բայց, ինչպես գիտեք, կան շատ ձեռնարկություններ, որոնք բազմազգ են: Ես կհորդորեի բոլոր այն ձեռնարկություններին, որոնք այս կամ այն կերպ առնչվում են Միացյալ Նահանգների հետ, կապվեն մեր Գանձապետարանի վարչության (Treasury Department) և Արտաքին գույքի վերահսկման գրասենյակի (Office for Foreign Assets Control) հետ ու ճշտել՝ արդյո՞ք նրանց գործունեությունն օրինական է: Բայց եթե դրանք պարզապես գործարքներ են երկու պետությունների կառավարությունների կամ անդամների միջև, եթե չկան այլ օրենքներ, որոնց մասին ես տեղյակ չեմ, չկա որևէ պատճառ, որ ԱՄՆ-ը չսատարի դրանց»:
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյան հավելել է՝ «ԱՄՆ գործարարներն այժմ առավել քան երբևէ հետաքրքրված են Իրան վերադառնալու հարցում: Բայց նրանք նաև տեղյակ են, որ մենք դեռևս զգալի պատժամիջոցներ ենք գործադրում Իրանի հանդեպ, ու դա նրանց հետ է պահում այն բիզնեսից, որն այսօր հայ գործարարները կարող են անել: Եվ ես կարծում եմ, որ եթե մենք կարողանանք Իրանի հետ հարաբերություններում հասնել մի կետի, որտեղ կարող ենք համաձայնել՝ մոդիֆիկացնել կամ հանել ամերիկյան ընկերություններին առնչվող պատժամիջոցները, այդ ժամանակ ակնկալվող օգուտները կտարածվեն մեր դաշնակիցների վրա: Բնականաբար, դա վերաբերում է նաև Հայաստանին, քանի որ Հայաստանը Միացյալ Նահանգների շատ մերձավոր բարեկամն ու դաշնակիցն է»:
«Դուք տեսնու՞մ եք Իրանում մարդու իրավունքների վիճակի հարցում ինչ-որ բարելավում՝ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելուց հետո»: Այս հարցին էլ ամերիկացի պաշտոնյան այսպես է պատասխանել՝ «Ցավոք, մենք բարելավում չենք տեսել, և սա այն հարցն է, որը մեզ շատ է մտահոգում: Միացյալ Նահանգները բարդ հարաբերություններ ունի Իրանի կառավարության հետ, բայց Իրանի ժողովրդի հետ մենք վեճ չունենք: Իրականում մենք շատ դրական, բարեկամական վերաբերմունք ունենք Իրանի ժողովրդի նկատմամբ: Այնպես որ՝ մեզ մտահոգում է, թե ինչպես է Իրանի կառավարությունը վերաբերվում իր փոքրամասնություններին, կանանց, ընդհանրապես՝ մարդկանց: Հուսով ենք, որ ժամանակի ընթացքում այդ հարցերում նույնպես բարելավում կլինի, որպեսզի մենք կարողանանք հանել մարդու իրավունքների հետ կապված պատժամիջոցները»: