Մատչելիության հղումներ

Ներկայացվեց Հեսսեմանի «Հայոց ցեղասպանությունը» ստվարածավալ աշխատության 6-րդ հատորը


Հռոմի Ֆրանցիսկոս Պապի Հայաստան կատարելիք առաջիկա այցի կապակցությամբ այս օրերին Երևանում է նաև գերմանացի պատմաբան, արխիվագետ Միշել Հեսսեմանը:

Նա այսօր Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ներկայացրեց իր վերջին գիրքը՝ «Հայոց ցեղասպանություն», որը Վատիկանի արխիվային նյութերի հիման վրա գրված աշխատության վերջին հատորն է:

Անցյալ տարի հրատարակված իր աշխատության մեջ Միշել Հեսսեմանը Հայոց ցեղասպանությունը կոչում է «Առաջին համաշխարհային պատերազմի ամենամեծ ոճրագործությունը» և թե՛ իր գրքում, թե՛ այսօր լրագրողների հետ զրույցում շեշտում էր, թե ինչ մեծ դեր է ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ հայերի փրկության համար Վատիկանն ու մասնավորապես այդ ժամանակ Հռոմի սրբազան Պապը՝ Բենեդիկտոս 15-ը, ով, գործածելով Վատիկանի հոգևոր և դիվանագիտական կապերն ու առնչությունները, մեծ ջանքեր է գործադրել «հնարավորինս խոչընդոտելու հայերի մասսայական աքսորը սիրիական անապատներ, կանխելու հայերի կոտորածներն ու դաժանագույն սպանությունները, օգնելու Ցեղասպանությունից մազապուրծ փրկվածներին»:

«Ազատության» հարցին, թե ինչու է միայն այսօր Վատիկանը հրապարակայնացնում այդ փաստաթղթերը, Հեսսեմանը պատասխանեց, որ առհասարակ բոլոր արխիվները սովորաբար փակ են պահվում որոշակի ժամկետով՝ 70-100 տարի, քանի որ բոլոր արխիվներում էլ շատ անձնական տեղեկատվություն է պահպանվում:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ընդունման համար Վատիկանի արխիվային այս կարևոր նյութերը Միշել Հասսեմանը սկսել է ուսումնասիրել 2011 թվականից, և ահա 4 տարվա քրտնաջան աշխատանքից հետո լույս է տեսել ստվարածավալ՝ երեք հազար արխիվային փաստաթուղթ պարունակող մոտ հինգ հազար էջանոց այս աշխատությունը 6 հատորով:

Ընթերցողը բերված արխիվային փաստաթղթերի հիման վրա չի կարող չհանգել այն եզրակացությանը, որին հանգել է հեղինակը իր ուսումնասիրությունների արդյունքում․ այն է՝ «հայկական հարցի լուծումը բռնի տեղահանությունների, ջարդերի միջոցով, վաղուց ծրագրված է եղել դեռ մինչև Առաջին համաշխարհային պատերազմը, իսկ պատերազմը ակնհայտորեն հեշտացրեց խնդրի լուծումը, որն ի վերջո իրականացրեցին երիտթուրքական կառավարության պարագլուխները»:

Միշել Հեսսեմանը շեշտեց, որ Վատիկանի արխիվներում պահպանվող փաստավավերագրական նյութերը գործնականում ապացուցում են, որ երիտթուրքական կառավարությունը ուզում էր ոչ թե տեղահանել և հայերին բնակեցնել ճակատային գծից այն կողմ, այլ պարզապես ցանկանում էր բնաջնջել, ցեղասպանության ենթարկել հայերին, նաև Արևելյան Անատոլիայում բնակվող քրիստոնյա այլ փոքրամասնություններին:

Վատիկանի արխիվային այս բոլոր նյութերը, գերմանացի գիտնականի պնդմամբ, մեկ եզրահանգման են բերում ցանկացած օբյեկտիվ պատմաբանի՝ 1915-ին տեղի ունեցածը ցեղասպանություն էր, 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG