Լեռնային Ղարաբաղում բացառում են, որ հայկական կողմը կհամաձայնի խնդրի կարգավորման փուլային տարբերակին, ըստ որի, նախ Ադրբեջանին պետք է հանձնվեն Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող շրջանները, ապա նոր միայն հստակեցվի ԼՂ-ի կարգավիճակը: Հիշեցնենք՝ այս մասին երեկ հայտարարել էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը, ընդգծելով՝ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը համաձայնության են եկել խնդրի փուլային կարգավորման շուրջ:
Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիդ Բաբայանը, մինչդեռ, պնդում է՝ Արցախում խնդրի փուլային լուծմանը միայն մեկ դեպքում կհամաձայնեն՝ «Մենք կարծում ենք, որ փաթեթային տարբերակ պետք է լինի, բոլոր հարցերը պետք է կարգավորվեն: Բայց եթե փուլային տարբերակն Ադրբեջանի համար սկզբունքային է, էդ դեպքում թող սկզբում ճանաչեն Արցախի Հանրապետության անկախությունը»:
«Բացառո՞ւմ եք, որ Հայաստանի իշխանությունը, մասնավորապես՝ նախագահ Սերժ Սարգսյանը, կգնա այնպիսի փուլային լուծման, որի դեպքում սկզբում կարող է առաջ քաշվել տարածքների վերադարձման հարցը», - «Ազատության» այս հարցին ի պատասխան, Դավիթ Բաբայանը նշեց՝ «Ես կարծում եմ, որ դա հնարավոր չէ, որովհետև բոլորի համար էլ պարզ է, թե մենք ում հետ գործ ունենք: Հիմնախնդիրն այնպես պետք է կարգավորվի, որ հետագայում գայթակղություն չլինի՝ նորից հարցը կարգավորել ուժային տարբերակով»:
Ղարաբաղի խորհրդարանի «Շարժում 88» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը նույնպես համոզված է՝ Սերժ Սարգսյանը չի համաձայնի փուլային տարբերակի պարագայում նախ տարածքները հանձնելուն, ապա նոր միայն ԼՂ-ի կարգավիճակի հարցը քննարկելուն: Ընդդիմադիր պատգամավորը հիշեցնում է1998 թվականը, երբ նույն՝ փուլային տարբերակի պատճառով հրաժարական տվեց Հայաստանի նախագահ Լևոն-Տեր Պետրոսյանը։
«Փուլային տարբերակը բացառում եմ, որովհետև այդ տարբերակով Ղարաբաղի հարցը հնարավոր չի լուծել: Փուլային տարբերակը նախագահներից մեկը փորձեց, ինչի հասավ․․․ ասածս ցանկացած նախագահի է վերաբերում: Չեմ հավատում, որ Սերժ Սարգսյանը կամ ընդհանրապես որևէ մեկը կգնա այդ քայլին: Փոխզիջման մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, եթե Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը: Հարցին՝ Ղարաբաղի իշխանությունն անկախության ճանաչումից հետո պատրաստ կլինի՞ քննարկել տարածքների վերադարձման հարցը, Էդուարդ Աղաբեկյանն այսպես արձագանքեց՝ «Դրա մասին խոսելը շատ շուտ ա, դա հետագայի հարց ա»:
Երեկ Ղարաբաղ էր մեկնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպես նշում է ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, Սարգսյանի այցի հիմնական նպատակն առնչվել է բանակաշինության հարցերին: Ի դեպ, Ղարաբաղի հարավային սահմանագծի որոշ հատվածներ այցելելու նպատակով, Սերժ Սարգսյանն ուղղաթիռով մեկնել է ուղիղ Հադրութ, որտեղից էլ Հայաստանի և ԼՂ-ի նախագահները, նաև ԼՂ-ի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, գնացել են սահմանագիծ, շփվել զինվորների և հրամկազմի ներկայացուցիչների հետ:
«Ընդհանուր առմամբ, ծանոթացել են իրավիճակին: Բնական է, որ մեծ ծավալով աշխատանքներ են իրականացվում սահմանի ողջ երկայնքով, ուժեղացվում է սահմանագիծը, այդպես էլ պետք է լինի»,- տեղեկացրեց Դավիթ Բաբայանը:
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը, մինչդեռ, համոզված է՝ Սերժ Սարգսյանի Ղարաբաղ այցի նպատակն ամենևին էլ բանակաշինության հետ կապված հարցերի քննարկումը չէ․ այն անմիջական կապ ունի Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպման հետ: «Կոստյումով գնալը և հանձնած դիրքերի մոտ նկարվելը, ճիշտն ասած, ինչ-որ խորիմաստ բան կար դրա մեջ, երևի կպարզվի․․․ միանշանակ ինչ-որ մեսիջ էր»,- ասում է Մանվել Սարգսյանը: Նրա խոսքով, այսօր այնպիսի վիճակ է ստեղծվել, որ մարդիկ բանակցություններից ոչ թե խնդրի լուծում են սպասում, այլ կոնկրետ վտանգներ:
Փորձագետն անգամ չի բացառում, որ հայկական կողմը տեղյակ է եղել ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից հարձակման ծրագրերի մասին և մտադրված կերպով ետ չի վերցրել կորցրած 800 հեկտար տարածքը: Արդյո՞ք այդ վարկածն ապացուցող փաստեր կան, այս հարցին ի պատասխան՝ Մանվել Սարգսյանը նշեց, թե հենց դա են փաստում Հայաստանի և Ղարաբաղի իշխանությունների հայտարարություններն այն մասին, թե տեղյակ չեն եղել, որ հարձակում է նախապատրաստվում: Համացանցում վերջերս տարածված տեսանյութը, որում ԼՂ ՊԲ զինվորներն արձանագրում են հակառակորդի առաջխաղացումը, քաղաքագետի կարծիքով, վկայում է հենց այն, որ «բոլորն էլ տեղյակ են եղել ապրիլյան հարձակման մասին»:
«Փաստորեն, այդ տարածքները տվել են ու այն եղանակով, որ հետո հետ չվերցնեն: Բանակը վերցնում էր, ինչո՞ւ են կանգնեցրել, դա շատ կոնկրետ հարց է, չէ՞: Ոչ ոք չի պատասխանում»,- նշում է Մանվել Սարգսյանը: Բայց ո՞րն է հայկական կողմի՝ նշված տարածքները հանձնելու նպատակը: Այս հարցին ի պատասխան, քաղաքագետը նշեց՝ «Դրա նպատակը շատ ավելի մեծ է, քան մեզ թվում է: Այդ պատերազմը կտրուկ փոխել է ամեն ինչ՝ և՛ ռեգիոնում, և՛ աշխարհում, ղարաբաղյան հարցի շուրջ: Եվ պետք է տեսնել, թե ի՞նչ մասնակցություն են ունեցել այստեղ կոնկրետ պաշտոնյաները»:
Հարցին էլ՝ «վստա՞հ եք, որ ապրիլի սկզբին հայկական կողմի գործողությունները, փաստորեն, կազմակերպված են եղել», Մանվել Սարգսյանն այսպես արձագանքեց՝ «Ամեն օր փաստեր են ի հայտ գալիս և դեռ շատ փաստեր դուրս կգան ․․․ մինչև որ այդ պաշտոնյաները թե՛ դատարանի առաջ, թե՛ ժողովրդի առաջ ասեն, թե ինչու էին իրենք ստում»: