Մատչելիության հղումներ

Լրացավ «Էլեկտրիկ Երևան»-ի մեկ տարին


2015 թվականի հունիսի 23-ի վաղ առավոտյան Երևանի Բաղրամյան պողոտայում ոստիկանությունը ցրում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցը
2015 թվականի հունիսի 23-ի վաղ առավոտյան Երևանի Բաղրամյան պողոտայում ոստիկանությունը ցրում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցը

«Շարժումը միջազգային մակարդակի հնչեղություն տվեց Հայաստանին», - ընդգծում է հրապարակախոսը:

Մեկ տարի առաջ այս օրերին թեժ իրադարձություններ էին տեղի ունենում Երևանի կենտրոնում: Օրեր շարունակ փակված էր Բաղրամյան պողոտան, հազարավոր մարդիկ պարզապես տուն չէին գնում և բողոքում էին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ:

«Էլեկտրիկ Երևան» անունը ստացած շարժումից արդեն մեկ տարի անց ակնկալվում է, որ հենց վաղը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կքննարկի հոսանքի էժանացման հարցը:

Իսկ ի՞նչ փոխեց այս մեծամասշտաբ բողոքի ակցիան հասարակության գիտակցության մեջ․ այս հարցի շուրջ է «Ազատության» զրույցը ակցիայի ակտիվ մասնակիցներից մեկի՝ հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանի հետ:

«Ինքը շարժումը համարյա միջազգային մակարդակի հնչեղություն տվեց Հայաստանին ընդհանրապես, նաև ինքնին բերեց բավական լուրջ քաղաքական բաղադրիչներ՝ երկրի արտաքին քաղաքականության վեկտորի որոշման տեսանկյունից, որը ամենևին երևի չէր էլ անցել ի սկզբանե կազմակերպիչների մտքով, բոլորովին ենթատեքստերում էլ չկար, որովհետև դա սոցիալական շարժում էր», - ասաց Հովհաննիսյանը:

Միևնույն ժամանակ, ըստ հրապարակախոսի, «այդտեղ ի հայտ եկան այն բոլոր բաղադրիչները, այն բոլոր խնդիրները, որոնք կուտակվել էին սկսած 2013 թվականից՝ ներառյալ նաև Ավետիսյանների սպանդը»:

«Ի՞նչ փոխվեց հայ հասարակության մտայնության մեջ․ ա՛յ դա պետք է վերանայել և պետք է շատ ավելի լուրջ վերաբերվել դրան: Որովհետև այն, ինչ կատարվում էր ընդամենը դրանից մեկ տարի առաջ Մայդանում, ամբողջովին սխալ էր ընկալվում հայ հասարակության կողմից, որովհետև ռուսական լրատվամիջոցների քարոզչությունը նստած էր հայ հասարակության մտքում, և այդ պատկերացումը, որ ամեն ինչ խեղաթյուրվում է, ամենևին չկար», - նշեց Զարուհի Հովհաննիսյանը՝ շարունակելով․ - «Հայ հասարակությունը իր մաշկի վրա, իր անմիջական մասնակցած իրադարձությունների վերաբերյալ տեսավ, թե ինչ է կատարվում ռուսական լրատվամիջոցներում, և արդեն հավատը, վստահությունը և միևնույն ժամանակ այդ ամբողջական տրվելը ռուսական պրոպագանդային ընդհատվեց, և դա համարում եմ ես կարևորագույն ձեռքբերումներից մեկը շարժման»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG