Մատչելիության հղումներ

Միացյալ Թագավորությունում այսօր հանրաքվե է


Ամիսներ տևած քննարկումներից ու կատաղի բանավեճերից հետո այսօր ի վերջո Միացյալ Թագավորությունում կորոշեն՝ ուզո՞ւմ են մնալ Եվրամիության կազմում, թե՞՝ ոչ:

«Հեռանալու դեպքում ետդարձի ճանապարհ չկա», - հանրաքվեից ժամեր առաջ կրկին զգուշացրին Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները:

«Եթե Մեծ Բրիտանիան որոշի դուրս գալ, դա կլինի անբեկանելի որոշում, միջանկյալ կարգավիճակ չի լինելու», - հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ ընդգծելով․ - «Ոչ»-ը «ոչ» է, և մենք հետևություններ կանենք դրանից»:

Ապահարզանի կողմնակիցները, մինչդեռ, վստահ են՝ որոշումը վերանայելու կարիք չի էլ լինելու, քանի որ Եվրամիությունը վաղուց սպառել է իրեն՝ առևտրային, պրագմատիկ կազմակերպության փոխարեն դառնալով գերհզոր մի կառույց, որը տարեցտարի ավելի է ընդարձակում լիազորությունները՝ պետությունների ինքնիշխանության հաշվին:

«Սա մի քվեարկություն է, որով մենք կարող ենք վերադարձնել իշխանությունը ժողովրդին, նրան տալ իր իսկ սահմանները վերահսկելու իրավունքը, վերականգնել մեր արժանապատվությունն ու ինքնասիրությունը: Ուզում եմ, որ մենք քվեարկենք հանուն Բրիտանիայի անկախության, քվեարկենք, որպեսզի դառնանք առավել ժողովրդավար, նորմալ երկիր, որն ինքն է որոշում իր օրենքները, իր ճակատագիրն ու ապագան», - հայտարարում էր դաշինքից դուրս գալու ջատագովներից մեկը՝ «Միացյալ Թագավորության անկախության» կուսակցությունը գլխավորող Ֆարաժ Նեյջելը:

Հակադիր ճամբարում փաստարկները հիմնականում տնտեսական են, մնալու կողմնակիցները պնդում են՝ ապահարզանը էականորեն կավելացնի գործազուրկների թիվը երկրում, քանի որ այսօր մոտ 3 միլիոն բրիտանացի աշխատում է Եվրամիության հետ առևտրի ոլորտում: Ֆինանսիստները զգուշացնում են՝ տնտեսությունը, և ամենակարևորը՝ բրիտանական ֆունտը կարող է կանգնել լուրջ խնդիրների առջև: Ֆերմերներն, իրենց հերթին, հիշեցնում են, որ Բրիտանիայի գյուղմթերքի շուրջ 73 տոկոսն իրացվում է հենց Եվրամիությունում, և որ դաշինքից դուրս գալու դեպքում իրենց համար շատ դժվար կլինի այդպիսի շուկա գտնել:

«Միասին՝ այս բառն արդեն ամեն ինչ ասում է, եթե մենք ուզում ենք ավելի հզոր տնտեսություն, ավելի շատ աշխատատեղեր, պետք է դրան հասնենք միասին, եթե ուզում ենք արդյունավետ պայքարել ահաբեկիչների կամ կլիմայի փոփոխության դեմ, կրկին, պետք է գործենք միասին, այնպես որ՝ գնացեք և քվեարկեք մնալու օգտին, քվեարկեք առավել մեծ ու առավել բարեկեցիկ Մեծ Բրիտանիայի օգտին՝ բարեփոխված Եվրամիության կազմում», - քարոզարշավի վերջին օրը հայտարարում էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը:

Սոցհարցումների համաձայն, Միության կազմում մնալու և դուրս գալու կողմնակիցները գրեթե հավասար աջակցություն ունեն, հարցն այն է, թե որ ճամբարի ընտրողներն այսօր առավել ակտիվ կլինեն ու կգան ընտրատեղամասեր:

Հանրաքվեի առաջին արդյունքները ակնկալվում են այսօր ուշ երեկոյան: Մինչ այդ, փորձագետները փաստում են՝ ապահարզանի դեպքում Մեծ Բրիտանիայի օրինակին կարող են հետևել նաև դաշինքի անդամ այլ պետություններ՝ ստեղծելով աշխարհքաղաքական բոլորովին նոր իրավիճակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG