Ռամազոտիի պրոդյուսինգով զբաղվող «Թրիդենտ մյուզիք» ընկերությունը մարտի 26-ին Մինսկում կայացած համերգից հետո չեղյալ հայտարարեց երգչի՝ Տալլինում, Մոսկվայում և Երևանում նախատեսված համերգները։
Ռամազոտիի պրոդյուսերների պնդմամբ, պատճառն այն էր, որ այդ երկրներում համերգի կազմակերպմամբ զբաղվող "Глобальные коммуникации" ընկերությունը խախտել է պայմանագիրը։ Ռուսաստանյան ընկերությունը, մինչդեռ, հակառակն է պնդում և արտիստի դեմ դատական հայց է ներկայացրել Մոսկվայի արբիտրաժային դատարան՝ պայմանագրով նախատեսված պարտավորությունները չկատարելու մեղադրանքով: Պարտվողը վճարելու է նաև խաբված հանդիսատեսին։
"Глобальные коммуникации" ընկերության հետ աշխատում է «Ֆորպոստարտ» ընկերությունը, որի երևանյան ներկայացուցիչը «Շոուսթար» ընկերությունն է։ Երևանյան համերգի տոմս գնողները իրենց գումարը հենց այդ ընկերությունից են պահանջում։
Ռամազոտիի երկրպագուներից Գայանե Դեմիրչյանը փաստաբան է ու որոշել է իր ու այլ սպառողների խախտված իրավունքները վերականգնել դատարանում։ «Ֆորպոստարտ» ընկերությունն իր կայքում հորդորում է քաղաքացիներին սպասել, մինչև ավարտվի իտալացի ու ռուս գործընկերների միջև դատը, 121 մլն ռուբլու վեճը հարթվելուց հետո խոստանում է վճարել հիասթափված հանդիսատեսին, միայն թե մայիսի 26-ից ժամկետը տեղափոխել է մինչև սեպտեմբեր։
Գայանեն մինչև սեպտեմբեր սպասել չի պատրաստվում, համերգի տոմս գնած բոլոր քաղաքացիներին առաջարկում է իր փաստաբանական անվճար ծառայությունը․ - «Քանի որ կա մեր ստեղծած ֆեյսբուքյան խումբը, ճիշտ համարեցի, որ ասեմ այդ խմբին: Արդյունքում ստացվեց այն, որ բավականին շատ մարդիկ միացան»:
Գայանե Դեմիրչյանը պարզել է, որ Հայաստանում համերգները չեղյալ հայտարարող ընկերությունները երբևէ պատասխանատվության չեն ենթարկվել․ - «Երևի հենց սա է օրենսդրական դաշտի բացը, որ հնարավորություն է տալիս նմանատիպ մեծամասշտաբ համերգներ կազմակերպել, երբ ուզենալ՝ հետաձգել»:
Տուժած սպառողի հետ համամիտ է նաև սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը: Նրա խոսքով՝ քաղաքացու խնդիրը չէ, թե ընկերությունն ինչ դատական գործընթացների մեջ է․ այդ ամենը պետք է արվեր սպառողներին տոմսի գումարը վերադարձնելուց հետո․ - «Գործադիր իշխանության այլ օղակներին ենք ներկայացնելու այս պրոբլեմը․ երկրորդ հերթին՝ Էկոնոմիկայի նախարարությանը՝ համապատասխան ընթացակարգերի մշակման համար, երրորդ հերթին՝ Մշակույթի նախարարությանը՝ որպեսզի ընդհանրապես սա ընթացակարգվի և կանոնակարգվի, չորրորդ հերթին՝ Ոստիկանությանը, որովհետև ըստ էության մենք գործ ունենք հանցագործության հետ»:
Պիպոյանն առաջարկում է սպառողների իրավունքների պաշտպանության պետական հանձնաժողով ստեղծել․ - «Ոչ թե սպառողն է մտնում դատարան՝ ընդդեմ տնտեսվարողի․․․ Սպառողին այս իրավասությունից պետք չէ զրկել, բայց պետք է ունենալ համապատասխան պետական կառույց, որը շատ արագ համապատասխան սանկցիա կիրառի տնտեսվարողի նկատմամբ»:
«Իրազեկ սպառող» հասարակական կազմակերպության՝ կառավարությանն ուղղած առաջարկը դեռ անպատասխան է։ Ու քանի դեռ չկա պետական մարմին ստեղծելու նախաձեռնությունը, Ռամազոտիի չկայացած համերգի տոմս ունեցող քաղաքացիները վաղը նախատեսում են դիմել դատարան այն նույն ընկերության դեմ, որը զբաղվում էր նաև Իրինա Ալեգրովայի համերգի կազմակերպմամբ։ Այդ համերգը ևս չկայացավ։