«Կաթոլիկ եկեղեցու հովվապետն իր եռօրյա այցով ցանկանում է ընդգծել, թե որքան մոտ է համարում իրեն երկարատև պատմության ընթացքում ծանր զրկանքներ կրած Հայաստանի ողջ ժողովրդին», - երեկ Վատիկանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար հայր Ֆեդերիկո Լոմբարդին` հավաքված լրագրողներին բավական մանրամասնորեն ներկայացնելով Ֆրանցիսկոս պապի` ուրբաթ օրը մեկնարկող հայաստանյան այցի ծրագիրը:
Այցելության ծրագիրն, ի դեպ, հայկական կողմը հրապարակել էր դեռ մայիսի կեսերին. Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչը երեկ դրան մի շարք նոր մանրամասներ հավելեց: Այսպես, Լոմբարդին նշում էր, որ հայաստանյան այցի ընթացքում Կաթոլիկ եկեղեցու հովվապետը հանդիպելու է Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած կոտորածների զոհերի ժառանգների հետ: Ավելի քան մեկ ժամ տևած ասուլիսի ընթացքում, սակայն, Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավարը այդպես էլ չարտաբերեց ցեղասպանություն բառը` 1915 թվականի իրադարձությունները շարունակաբար բնութագրելով հայերեն «Մեծ եղեռն» բառակապակցությամբ:
«Այցելությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կկայանա այցի երկրորդ օրը: Դա «Մեծ եղեռնի» զոհերի հիշատակին կառուցված հուշահամալիրն է, այն շատ կարևոր նշանակություն ունի հայերի համար», - նշում էր Ֆեդերիկո Լոմբարդին:
Վատիկանի պաշտոնական ներկայացուցչի խոսքով, ի դեպ, Հռոմի Ֆանցիսկոս պապը իրեն ուղեկցող լրագրողների խմբում ընդգրկել է նաև իր վաղեմի ծանոթներից մեկին, ով ևս ցեղասպանությունը վերապրած և հետագայում Լատինական Ամերիկա տեղափոխված հայերի ժառանգներից է:
«Եվանգելինա Հիմիթյան անունով լրագրողուհին ևս կուղեկցի Հռոմի պապին Հայաստան այցի ընթացքում: Հիմիթյանի հայրը Հայ Ավետարանչական եկեղեցու հոգևորական է, ում հետ Ֆրանցիսկոս պապը բարեկամական հարաբերություններ ուներ դեռ Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս եղած ժամանակ: Ի դեպ, հավելեմ, որ Պապին ուղեկցող լրագրողուհու նախնիները օսմանցիների կողմից հայերի դեմ կիրառված ճնշումների ականատեսն ու զոհերն էին: [1915-ին] նրանց հաջողվել էր փրկվել միայն թուրք գյուղացիների ցուցաբերած պաշտպանության շնորհիվ», - ասում էր Լոմբարդին:
Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչը նաև ուշագրավ մանրամասներ է հաղորդում Հռոմի պապի այցի վերջին օրվա մասին, երբ Ֆրանցիսկոսը նախատեսում է լինել Խոր Վիրապ վանական համալիրում:
«Խոր Վիրապ վանքը շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանում քրիստոնեության պատմության համար: Հենց այստեղ էր բանտարկված Հայաստանում քրիստոնեության հիմնադիր համարվող Գրիգոր Լուսավորիչը: Պատահական չէ, որ հենց Խոր Վիրապն է պատկերված Հռոմի պապի հայաստանյան այցի պաշտոնական տարբերանշանի վրա: Թուրքիայի սահմանին գտնվող այս վանական համալիր այցելության ընթացքում հովվապետը սպիտակ աղավնիներ բաց կթողնի Արարատ լեռան ուղղությամբ», - նշում էր Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավարը:
Ֆեդերիկո Լոմբարդին երեկ կայացած ասուլիսի ժամանակ չշրջանցեց նաև Ֆրանցիսկոս պապի ուղևորության աշխարհքաղաքական նշանակությունը` հատուկ ընդգծելով, որ Հռոմի պապի այցը հարկավոր է ընկալել որպես նրա կովկասյան այցելությունների առաջին փուլ:
«Հայաստան նախատեսվող հունիսյան այցը առաջինն է այս տարվա ընթացքում տարածաշրջան ծրագրվող այցելությունների շարքում: Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը ժամանակահատվածում Ֆրանցիսկոս պապը կայցելի նաև Վրաստան և Ադրբեջան: Դրանով նրա շփումները կովկասյան տարածաշրջանում կամբողջանան», - նշում էր Լոմբարդին: