Մատչելիության հղումներ

Անհատ տաքսու վարորդներն ընդդեմ «Յանդեքս տաքսի»-ի


Վարորդներն ասում են` թույլ չեն տալու ռուսական ընկերության մուտքը Հայաստան:

Անհատ տաքսու վարորդները պատրաստվում են դուրս գալ հրապարակ, կամ նախագահի նստավայր գնալ՝ պատռելու իրենց լիցենզիաները:

Ասում են՝ հուլիսի 1-ից հայաստանյան շուկա մտնող «Յանդեքս տաքսի» ծառայությունն իրենց ամբողջությամբ մրցակցությունից դուրս կթողնի՝ առաջարկելով կրկնակի էժան գին՝ 100 դրամ 2 կիլոմետրի համար:

Անհատ տաքսու վարորդների ու ավտովարորդների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների այսօրվա հանդիպումը լրագրողների հետ բուռն էր: «Կտանենք լիցենզիաները կճղենք, տասը ամսվա փողերը հետ կուզենք, թող «Յանդեքս»-ը գա ու աշխատի», - ասացին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։

Լիցենզիայից պատրաստվում է հրաժարվել նաև անհատ տաքսու վարորդ Արտյոմ Սարգսյանը: Սափրված ու կոկիկ հագնված վարորդն իր աշխատանքից բացի հետևում է նաև իր մեքենայի մաքրությանը:

Աշխատանքային չորս տարիների ընթացքում ամսական միջինը 120 հազար դրամ է տուն տարել: Սարգսյանը «Ազատության»-ը պատմեց՝ կառավարությունը նախ իրենց ստիպել է դեղին պետհամարանիշների անցնել, հետո՝ լիցենզավորման համակարգով աշխատել ու դրա համար ամսական 12 հազար դրամ վճարել, բայց փոխարենը, նրա խոսքով, ոչինչ չեն ստանում: Նեղսրտեց՝ աշխատանքային փորձի մասին վկայող փաստաթուղթ չեն ստանում, անգամ բանկից վարկ վերցնել չեն կարողանում:

«Թացը չորի հետ սկսեց խառնվել։ Ինչո՞ւ ես մուծեմ օրինական դաշտում, եթե պետությունը դրա դիմաց ոչ մի բանով չի ապահովում՝ ո՛չ կայանատեղիով, ո՛չ ստաժով, ո՛չ աշխատանքի թղթով։ Հիմա Հայաստանում բացվեց այլընտրանքային ծառայություն, ընդգրկում են անսահմանափակ մեքենաներ, բայց իրանք էլ ունեն իրանց պայմանները՝ մեքենան պետք է լինի էս վիճակին և այլն, որպեսզի տվյալ մեքենաները չտուգանվեն 50 հազար դրամով», - ասաց Սարգսյանը։

Թեև օրերս Հայաստանում կայացած «ԲարՔեմփ» տեխնոլոգիական ֆորումի ընթացքում «Յանդեքս տաքսի» ծառայության ներկայացուցիչը հայտարարեց, որ իրենց համար որակյալ աշխատանքի հիմնական նախապայմաններից մեկն էլ հենց լիցենզավորված մեքենաներն են, օրուգիշեր աշխատող անհատ տաքսու վարորդները վստահ են՝ սա խաբկանք է:

Բջջային հավելվածի միջոցով գործող ծառայության մուտքի լուրը շատ արագ է տարածվել վարորդների շրջանում, ասում են՝ թույլ չեն տալու ռուսական այդ ընկերության մուտքը Հայաստան:

«Ոչ միայն ես, այլ բոլոր տաքսու վարորդները [լիցենզիաները] տանելու ենք Բաղրամյան 26 ու ասելու ենք՝ «մենք քո երկրում ապրում ենք, մենք քո հայն ենք, բերել ես ռուսին ասում ես՝ «արի դու ապրի, իմ հայն էլ թող մեռնի՞»։ Գնա Ռուսաստան հայը սերվիս բացի, տեսնեմ կթողե՞ն», - բողոքում էին վարորդները։

Անհատ տաքսու վարորդների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները կառավարությունից պահանջում են կա՛մ կասեցնել գործող լիցենզավորման կարգը, կա՛մ այն տարածել բոլորի վրա ու խիստ վերահսկողություն սահմանել:

Հայաստանցի տաքսու վարորդների մտահոգությունների շուրջ պատասխան ստանալու համար «Ազատություն»-ը գրավոր հարցում էր ուղարկել նաև «Յանդեքս տաքսի»-ի գործադիր տնօրեն, հայազգի Տիգրան Խուդավերդյանին, ողջ օրվա ընթացքում, սակայն, պատասխան չստացանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG