Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության «+Կինո» ամսագրի գլխավոր խմբագիր Ռոբերտ Մաթոսյանի համոզմամբ՝ այսօր ստեղծագործող ավագ և երիտասարդ սերնդի կինոգործիչները շատ ավելի մեծ հնարավորություն ունեն իրականացնելու իրենց ստեղծագործական մտահղացումները, քան խորհրդային տարիներին, երբ կինոն ստեղծվում էր շատ խիստ գրաքննության պայմաններում:
Հայաստանի անկախացումից ի վեր հրապարակ եկած հատկապես երիտասարդ սերնդի կինոգործիչների համար մի շատ բարդ խնդիր կա՝ որտեղից գումար գտնել ֆիլմ նկարահանելու համար: Իհարկե, այս կամ այն կերպ նրանք կարողանում են գումարներ հայթայթել կա՛մ Ազգային կինոկենտրոնի, կա՛մ հովանավորների, կա՛մ էլ անձնական միջոցներից, բայց այդ ճանապարհով արտադրվող ֆիլմերը բավարար չեն, ըստ Մաթոսյանի, այսօր Հայաստանում խոսելու ֆիլմարտադրության մասին:
«Ազատության» հետ զրույցում հարցին, թե այսօր հայ կինոյի զարգացման համար ինչ գործընթաց է անհրաժեշտ, նա արձագանքեց․ - «Մեր տունը քանդողը հեղինակային կինո ասվածն է․․․ որը և՛ սցենարի հեղինակն է, և՛ ռեժիսորն է․․․ մի խոսքով, ֆիլմեր կան, որ կարդաք, գրեթե 90 տոկոսով նույն մարդու անունն է»:
Ռոբերտ Մաթոսյանի համոզմամբ, հայ կինոյի զարգացման համար շատ կարևոր է նաև կինոքննադատների նոր սերնդի ձևավորումը, ովքեր իրենց հոդվածներով կարող են իրոք նպաստել հայ կինոյի զարգացմանը:
Պրոֆեսիոնալ կինոքննադատությունը, նրա համոզմամբ, կարող է փոխել հայ կինոյի դեմքը: Իրենց ամսագիրը տպագրում է պրոֆեսիոնալ գրախոսականներ․ - «Ավելին ասեմ՝ մեր ամսագրում տպագրված երիտասարդ կինոքննադատի նյութը մրցանակ է ստացել»:
Հարցին, թե ինչ ֆիլմերի են անդրադառնում իրենց ամսագրում, Մաթոսյանը արձագանքեց․ - «Մեր ամսագրում, գիտեք, շատ քիչ ենք անդրադառնում երիտասարդների, որ նոր առաջին աշխատանքներ է․ եթե վրիպում էլ կա, ոչինչ: Միջին սերնդից որոշ ֆիլմերի անդրադարձել ենք: Մի գաղտնիք ասեմ՝ աշխատում ենք նկարահանման հրապարակից վերցնել»: