Մատչելիության հղումներ

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հաստատեց՝ Խուրշուդյանը չի մասնակցի Ռիո-2016-ին


Հռիփսիմե Խուրշուդյան, արխիվ
Հռիփսիմե Խուրշուդյան, արխիվ

Ըստ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքի, Խուրշուդյանի արյան մեջ հայտնաբերվել է արգելված խթանիչ համարվող ստանազոլ։

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, երկր ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հաստատեց՝ Հռիփսիմե Խուրշուդյանը չի կարող մասնակցել Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին։

«Խուրշուդյանը որակազրկվեց, չի կարող մասնակցել Օլիմպիական խաղերին։ Իհարկե դա մեզ համար մեծ վնաս է և մեծ կորուստ է», - «Ազատության»-ը փոխանցեց Ալավերդյանը։

Ըստ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքի, 2008 թվականին կայացած Պեկինի Օլիմպիական խաղերի ընթացքում իրականացված դոպինգ թեստերի վերստուգման արդյունքում պարզվել է, որ հայաստանցի ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանի արյան մեջ հայտնաբերվել է արգելված խթանիչ համարվող ստանազոլ: Հետևաբար, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ժամանակավորապես որակազրկել է Խուրշուդյանին և մի քանի այլ մարզիկների՝ մինչև վերջնական որոշումը:

Ֆեդերացիան նաև հայտարարում է, որ որևէ հավելյալ տեղեկություն չի տրամադրի մինչև այս գործերի հետաքննության ավարտը:

«Եթե ուշադիր նայեք՝ Օլիմպիական խարտիայի կանոնակարգի մեջ գրված է, որ մինչև տասը տարվա ընթացքում կարող են ցանկացած անալիզներ վերցնել և նայել նորից։ Դա իրենց իրավունքն է։ Հիմա տեխնոլոգիաներն ավելի բարձր մակարդակի են, եթե նախկինում կարողանում էին ասել՝ հինգ օր առաջ օգտագործել ես այսինչ դեղամիջոցը, հիմա կարողանում են ասել 200, 500 օր առաջվա արդյունքները։ Ու, օրինակ, ասենք նախկինում թույլատրվում է էդ դեղամիջոցը, մեկ էլ մի օր գալիս են ու ասում են, որ չի թույլատրվում, բայց էդ մարդու օրգանիզմի մեջ դա կա չէ՞ արդեն, հետքերը կան, ցանկացած օրվա նրա մեզի անալիզը բացեն, էդ հետքերը հնարավոր է գտնեն՝ երեկ թույլ էիր տալիս, այսօր թույլ չես տալիս, և հետո ասում են՝ դու բռնված ես, ցավը դա է», - ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը՝ հավելելով. - «Հանգիստ մնացեք, դա աշխարհով մեկ մարզիկների փորձանքն է և ամենաչուզած բանն է, որ կատարվում է իրենց հետ, ամեն դեպքում պետք է աշխատենք, որ բոլորս միասին պայքար մղենք դրա դեմ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG