Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը փորձելու է «իշխանության գալ» Գյումրիում և Վանաձորում


«Ժառանգության» ներկայացուցիչների հանդիպումը վանաձորցիների հետ, 18-ը հունիսի, 2016թ․
«Ժառանգության» ներկայացուցիչների հանդիպումը վանաձորցիների հետ, 18-ը հունիսի, 2016թ․

Զարուհի Փոստանջյանն այսօր երկու քաղաքներում էլ ինքնակազմակերպման կոչեր է արել, ասելով՝ այս անգամ ընտրություններն այլ կերպ են անցնելու:

«Ժառանգություն» կուսակցությունն իր առջև խնդիր է դրել Վանաձորում և Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններում տեղական իշխանությունն իր ձեռքը վերցնել: Այս մասին Վանաձորում կուսակցության համակիրների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Մեր խնդիրն է, որպեսզի մեր հյուսիսային երկու քաղաքները՝ Գյումրին և Վանաձորը, ներկայացնեն իրենց հստակ քաղաքական հայտը և ապագա ՏԻՄ ընտրություններում վերցնեն իշխանությունը»,- շեշտեց Փոստանջյանը:

Նոր Ընտրական օրենսգրքի համաձայն՝ Երևանում, Գյումրիում և Վանաձորում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունները կուսակցական սկզբունքով են անցկացվելու: Փոստանջյանն այսօր Վանաձորում նաև հայտարարեց՝ իրենց կուսակցությունը բաց է բոլոր նրանց համար, ովքեր կողմ են «Ժառանգության» ծրագրերին և ուզում են մասնակցել առաջիկա ՏԻՄ ընտրություններին: «Բոլոր քաղաքացիական նախաձեռնությունների հետ, ովքեր կիսում են մեր քաղաքական գիծը, մենք պատրաստ ենք համագործակցել»:

Փոստանջյանի խոսքով, ապրիլյան քառօրյա պատերզամը ցույց տվեց, որ իշխանությունները չեն կարողանում ապահովել ժողովրդի պաշտպանությունը: «Մեր այսօրվա իշխանություններն ի զորու չեն կազմակերպել ո՛չ մեր պաշտպանությունը, ո՛չ էլ մեր այն կյանքը, որը հարիր է հայ մարդուն», - հայտարարեց նա:

Մինչ վանաձորցիների հետ հանդիպումը, «Ժառանգության» ներկայացուցիչներն այսօր նաև Գյումրի են այցելել: Զարուհի Փոստանջյանը երկու քաղաքներում էլ ինքնակազմակերպման կոչեր է արել, շեշտելով՝ այս անգամ ընտրություններն այլ կերպ են անցնելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG