Մատչելիության հղումներ

Թալիշցիները «աստիճանաբար վերադառնալու» հույս ունեն


Ապրիլյան բախումների հետևանքով Թալիշում ավերված շենքերից մեկը, արխիվ
Ապրիլյան բախումների հետևանքով Թալիշում ավերված շենքերից մեկը, արխիվ

Գյուղի շատ բնակիչներ դեռևս պատրաստ չեն ընդունել Ղարաբաղի այլ շրջաններում վերաբնակվելու՝ ԼՂ իշխանությունների առաջարկը:

Ղարաբաղում ապրիլյան բախումներից հետո 6 և 13 տարեկան որդիների հետ Երևանում ապաստանած Ռոզա Խաչատրյանն օրերս է հայրենի Թալիշ այցելել։ Հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհին գյուղ հասնելուն պես դպրոց է շտապել։ Նրա խոսքով, ոչ միայն շենքն է ավերվել, այլև ողջ գույքը տակնուվրա է արվել։

«Դպրոց որ մտել եմ, ապշել եմ, որովհետև չէի սպասում, որ էդ աստիճան կարող է տակնուվրա արված լինել։ Տակնուվրա եղած էր ուսուցչանոցը, տնօրենի կաբինետը, լաբորատորիան։ Թե ի՞նչ էին փնտրել և ինչո՞ւ էին քանդել, էդ հարցը մինչև հիմա ինձ հուզում է․․․ հիմա այնտեղ, որ ադրբեջանցիները նստած են, այդտեղից պարզ երևում է ամբողջ գյուղը, հատկապես դպրոցի թաղամասը»,- ասում է Խաչատրյանը:

Մայիսին Չարենցավանում ապաստանած թալիշցիների հետ հանդիպում էր ունեցել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, ով նրանց առաջարկել էր տեղավորվել Շուշիում և Մարտակերտի շրջանում։ Մարտակերտի շրջանի Ալաշան գյուղում 26 ընտանիքների համար այս պահին առողջարանային երկու շենքեր են նորոգվում։ Թալիշցիներից շատերը, սակայն, համաձայն չեն Լեռնային Ղարաբաղի իշխանությունների այս առաջարկին։

Ուսուցչուհի Ռոզա Խաչատրյանը ևս երեխաների ապագան Ալաշանում չի տեսնում։ «Ապրում ենք այսօրվա օրով, չիմանալով, թե վաղն ուր ենք գնալու»,- ասում է նա ու հավելում՝ «Ավելի շատ ուրիշ լուծում եմ ակնկալում, որովհետև իրենց առաջարկած բնակավայրերը՝ Ալաշան, Կիչան, Քոլատակ, էդ տարածքները մի քիչ անհեռանկար եմ տեսնում, հատկապես երեխաների համար։ Ներկայումս ղեկավարների առաջարկած ոչ մի բնակավայր նպատակ չունեմ գնալու: Հետագայում չգիտեմ ինչպես կլինի: Միգուցե կարիքը ստիպի, միգուցե մնալու տեղ չգտնեմ, ստիպված տեղափոխվենք, բայց, այնուամենայնիվ, ներկա պահին նման մտադրություններ չկան»:

«Թալիշ» հիմնադրամի անդամների խոսքով, համայնքը նշված առաջարկի հետ կապված վերջնական որոշում դեռ չի կայացրել, սակայն, իրենք հայրենի գյուղ վերադառնալու սեփական ծրագրերն են մշակել։ Հիմնադրամի տնօրեն Միքայել Ապրեսյանը համագյուղացիներին ու ազատամարտիկներին կոչ է անում մարտական գումարտակ կազմել: Նախկին զինվորականի խոսքով, Պաշտպանության նախարարության հետ գյուղի պաշտպանության ծրագիր են մշակել՝ սկզբում Թալիշ կմեկնեն միայն տղամարդիկ։ «Որ ես գնամ, բնականաբար, իմ ընտանիքն էլ իմ հետևից կգա: Վաղը մյուս օրը մեկ, երկու, երեք, 10 ազատամարտիկի ընտանիք կգա, կողքից էլ կտեսնեն, որ արդեն Թալիշում մարդ կա, Թալիշում ապրում են»:

«Թալիշ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մելիտա Խալափյանն էլ ընդգծում է՝ եկեք այդ հարցը մեկընդմիշտ հանենք, որ Թալիշը կարող է տեղահան լինել, կարող ենք թալիշցիներին տարաբնակեցնել: «Թալիշը պետք է լինի և պետք է հզորացվի»:

Թալիշի բնակիչ, ազգությամբ հույն Էդուարդ Պոլատովն էլ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի իշխանություններին այլ առաջարկով է դիմել՝ գյուղի բնակիչներին Ալաշան ու Քոլատակ տանելու փոխարեն իրենց բնակավայրին սահմանակից ավան կառուցել։ Այդ դեպքում հնարավոր կլինի և՛ Թալիշին մոտ ապրել, և՛ դրա սահմանները պաշտպանել: Պոլատովն ասում է, որ իր առաջարկին դեռ չեն արձագանքել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG