Մատչելիության հղումներ

Հայաստանում գազի գնի «չնչին» նվազեցումը «մեղմ ասած անլուրջ է»


«Գազպրոմ Արմենիան» առայժմ չի արձագանքում հարցին՝ ինչո՞ւ են ավելի ցածր գնով ձեռք բերվող գազը սպառողին վաճառելու նախկինից ավելի թանկ:

Չնայած «Գազպրոմ Արմենիայի» ղեկավար Վարդան Հարությունյանն օրերս հավաստիացրել էր, որ գազի սակագնի՝ հայտնի չափով իջեցումից ավելին հնարավոր չէ ակնկալել, պարզվում է՝ 2009 թվականին հայ-վրացական սահմանին գազը գնվել է ավելի թանկ, քան այսօր, մինչդեռ՝ Հայաստանի բնակիչներին վաճառվել է անհամեմատ ավելի էժան, քան վաճառվելու է հուլիսի 1-ից:

Սկսած 2009 թվականի ապրիլի 1-ից, բնական գազի թանկացումից հետո, այն ժամանակ «ՀայՌուսգազարդ» կոչվող ընկերությունը հայ-վրացական սահմանին գազը ձեռք էր բերում հազար խորանարդ մետրը 154 դոլար գնով, իսկ բնակչությանը վաճառում էր 96 հազար դրամով կամ 264,2 դոլարով: «ՀայՌուսգազարդի» իրավահաջորդ՝ այժմ ամբողջությամբ ռուսական «Գազպրոմ»-ին պատկանող «Գազպրոմ Արմենիան» այս տարվա ապրիլի 1-ից հայ-վրացական սահմանին բնական գազը գնում է հազար խորանարդ մետրը 150 դոլարով, իսկ հուլիսի 1-ից բնակչությանը վաճառելու է 146,7 հազար դրամով կամ 305,6 դոլարով: «Գազպրոմ Արմենիայից» օրվա ընթացքում չարձագանքեցին «Ազատության» գրավոր հարցմանը, որում խնդրել էինք պարզաբանել նշված տվյալները:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մայիսի 31-ին որոշեց ընդամենը 9 դրամով նվազեցնել գազի սակագինը բնակչության համար: «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանն այդ օրը լրագրողներին ասում էր՝ ընկերությունից ավելին մի պահանջեք: ««Գազպրոմ Արմենիան» առաջարկը ներկայացրել է, և եթե այն հիմնավոր չլիներ, էստեղ աշխատում են բանիմաց, գրագետ մարդիկ, իհարկե՝ հնարավորության դեպքում իրենք էլ հասկանում են, որ դա է մաքսիմալը․․․»:

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի խոսքով, նախորդ երկու տարիներին միջազգային շուկայում բնական գազի գինը նվազել է գրեթե երեք անգամ, և այդ ֆոնին ռուսաստանյան մենատիրոջ կողմից Հայաստանում գազի գնի չնչին նվազեցումը, «մեղմ ասած, անլուրջ է»: «Այսօր Սլովակիան սպառում է ավելի էժան գազ, բայց իրենց թողենք մի կողմ: Մենք նույն ստատուսն ունենք, ոնց որ Բելառուսը, ավելի լավ ստատուս ունենք, քան Մոլդովան, բայց Բելառուսն էլ, Մոլդովան էլ մեզնից էժան գազ են վառում: Համեմատության համար ասեմ՝ Բելառուսում գինը մեր 305-ի դիմաց 180 [դոլար] է, Ռուսաստանում 105 է, Ղազախստանում 80 է, Ղրղըզստանում՝ 220, նորից եմ ասում՝ միայն բնակիչների համար»,- ասաց Բագրատյանը:

Նա ընդգծեց՝ հայաստանյան շուկայում «Գազպրոմ»-ի մոնոպոլ կարգավիճակը ընկերությանը թույլ է տալիս գին թելադրել, իսկ Հայաստանի կառավարությունն էլ, ամբողջովին վաճառելով «Գազպրոմ Արմենիայում» իր բաժնեմասը, զրկվեց ընկերության գործունեությունը վերահսկելու հնարավորությունից: Այդ ամենի հետևանքով, ըստ նախկին վարչապետի, եթե, օրինակ, Բելառուսում սահման-սպառող հատվածում գազի գինն ավելանում է 20 դոլարով, Ուկրաինայում՝ 22, ապա Հայաստանում «մոնոպոլիստը սահմանին գազը գնում է 150 դոլարով, ավելացնում է 155 դոլար ու վաճառում բնակչությանը»: «Այսօր առավոտյան գինը համապատասխան բորսաներում 2,59 էր մեկ BTU-ի համար, դա մոտավորապես կազմում է 81 դոլար 1000 խմ-ի համար»,- ուշադրություն է հրավիրում Բագրատյանը:

Այն, որ Հայաստանում շատերը գոհ չեն այս իրավիճակից, նորություն չէ: Նորությունն այն է, որ դժգոհության ձայներ են սկսել լսվել նաև կառավարությունից: Վերջերս լրագրողների հետ հանդիպմանը Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ Ռուսաստանի հետ կնքված գազային համաձայնագիրը պետք է վերանայել՝ «Կապակցել հումքի գների աճը բացառապես ռուսական ներքին շուկայում այս նույն հումքի գների հետ: Սա նշանակում է՝ վերանայել նաև համաձայնագիրը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG