Մատչելիության հղումներ

Քվեատուփ գողացած կեղծարարը դատապարտվեց 3 տարվա պայմանական ազատազրկման


Հանրաքվեի օրը քվեատուփ գողացած` թիվ 4/20 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Մոսինյանը դատարանում, 17-ը հունիսի, 2016թ․
Հանրաքվեի օրը քվեատուփ գողացած` թիվ 4/20 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Մոսինյանը դատարանում, 17-ը հունիսի, 2016թ․

Տեղամասային հանձնաժողովի ընդդիմադիր անդամները «կհասնեն մինչև Եվրոպական դատարան»:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանն այսօր երեք տարվա պայմանական ազատազրկման դատապարտեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը քվեատուփը գողացած և ընտրության արդյունքները փոխած տեղամասային հանձնաժողովի նախագահին։ Մեղադրական եզրակացության համաձայն, 4/20 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Մոսինյանը, լինելով նոր Սահմանադրության կողմնակիցն ու նպատակ ունենալով նպաստել դրա ընդունմանը, շուրջ 500 չքվեարկված թերթիկներում «այո» նշումն է արել ու փոխել քվեարկության արդյունքը։

Նույն հանձնաժողովի անդամ Ալիտա Սարդարյանը «Ազատության» հետ զրույցում պատմեց դեկտեմբերի 6-ին տեղի ունեցածի մանրամասները. - «Ընդեղ ինքն ասում է, որ 500 թերթիկ է ընդամենը լցրել, բայց հազար թերթիկից ավել էր լցրել: Չի լցրել, պարկն ամբողջությամբ օրինական փակվել է, արձանագրությունն օրինական դրվել է, ինքը պարզապես ոստիկանության օգնությամբ գողացել է պարկը, տարել է մեկ այլ տարածքում, այլ վայրում, միգուցե իր տանը, կեղծարարությամբ է զբաղվել և բերել է 4-5 ժամ հետո հանձնել: 4-5 ժամ հետո պարկը նոր հասել է տարածքային, երբ որ ընդամենը երկու կանգառ էր, 3 րոպեի ճանապարհ»:

Ամբաստանյալ Մոսինյանն այսօր դատարանում ամբողջությամբ ընդունեց մեղքը, թեև ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում հանձնաժողովի ընդդիմադիր անդամների մեղադրանքները «խառնակչություն» էր որակել։

Պաշտպան Վարուժան Վարդանյանը միջնորդեց, որպեսզի դատն ընթանա արագացված կարգով՝ առանց ապացույցների հետազոտման։ Նա խնդրեց մեղմ պատիժ սահմանել՝ ընդգծելով, որ ամբաստանյալը չի աշխատում ու խնամում է հաշմանդամություն ունեցող հորը. - «Ուզում եմ հիշեցնել դատարանին, որ ամբաստանյալը երիտասարդ է, ունի զինվորական կոչում, խնամքին է թոշակառու և երկրորդ կարգի հաշմանդամ հայրը։ Նախկինում դատապարտված չլինելը, այս հանգամանքները մեզ հնարավորություն են տալիս համաձայնվելու մեղադրողի միջնորդությանը նվազագույն պատիժ կիրառելու առումով»: Ամբաստանյալ Մոսինյանն էլ հավելեց՝ զղջում է կատարվածի համար: «Ձեզ լիովի՞ն եք մեղավոր ճանաչում» հարցին ի պատասխան, նա նշեց՝ «Այո, ճանաչում եմ մեղավոր և զղջում եմ»:

Դատարանը նշանակեց մեղադրող դատախազի պահանջած պատիժը՝ 3 տարի պայմանական ազատազրկում՝ 1,5 տարի փորձաշրջանով։ Հանձնաժողովի ընդդիմադիր անդամ Ալիտա Սարդարյանը դատարանի որոշումից դժգոհ էր։ Նրա փաստաբան Դավիթ Գյուրջյանը դեռ նախորդ նիստին նոր բողոք էր ներկայացրել Արաբկիրի դատարան՝ պահանջելով հանձնաժողովի ընդդիմադիր անդամ Անի Թովմասյանին ու Ալիտա Սարդարյանին տուժող ճանաչել, ինչպես նաև հանձնաժողովի մյուս անդամների հանդեպ քրեական հետապնդում իրականացնել։ Բողոքն այսօր վճիռ կայացրած նույն դատավորը՝ Դավիթ Գրիգորյանն է քննելու։

«Տուժող չճանաչեցին մեզ, մերժեցին, մենք հակընդդեմ հայցով ենք մտել դատարան, 21-ին տեղի կունենա դատը։ Մենք ինքնաբացարկ հայտնեցինք, չէինք ուզում, որ նույն դատավորը վարի, բայց միևնույն է՝ վարեց ինքը դատը և էդպես էլ այս մի դատը: Մնացած մյուս դատերն էլ ինքը կվարի հավանաբար։ Ոչ մի սպասելիք չունենք ո՛չ այս դատարանից, ո՛չ Վերաքննիչից, ո՛չ Վճռաբեկից, մեր հույսն է միայն Եվրադատարանը։ Ատյաններն անցնում ենք, որպեսզի դիմենք Եվրադատարան»,- ասաց Ալիտա Սարդարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG