Մատչելիության հղումներ

Հարություն Խաչատրյան․ Եկել է լավ հայկական ֆիլմերը աշխարհին ներկայացնելու ժամանակը


Այս տարի «Ոսկե Ծիրան» միջազգային փառատոնը նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյա հոբելյանին, և, փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանի խոսքով, եթե 13 տարի առաջ՝ առաջին «Ոսկե Ծիրան»-ին ընդամենը մեկ-երկու հայկական ֆիլմեր էին ներկայացվել, ապա այսօր եկել է լավ հայկական ֆիլմերը աշխարհին ներկայացնելու ժամանակը:

«Ազատության» հարցին, թե անկախության 25 տարիների ընթացքում ինչ ձեռքբերումներ ունի հայկական կինոն, փառատոնի գեղարվեստական տնօրեն, կինոգետ Սուսաննա Հարությունյանը պատասխանեց․ - «Դա քննարկման մեծ թեմա է: Դրա համար մենք որոշել ենք կլոր սեղանի ձևաչափ, որ կլինի «Ոսկե Ծիրան»-ի շրջանակներում․ և՛ ռեժիսորները, և՛ կինոքննադատները, և՛ հյուրերը կխոսեն հայկական կինոյի մասին: Ու եթե հետաքրքիր կարծիքներ լինի, կհրապարակենք: Հիմա չեմ ուզենա տարածվել, որովհետև դա իսկապես առանձին խոսելու թեմա է»:

«Դա մի հարց չէ․ դա հարցերի մի խումբ է, մի կծիկ է․․․ գեղագիտական, տնտեսական, հոգեբանական, սոցիալական, գաղափարական հարցերի մի ամբողջ խումբ է, որը այդ կլոր սեղանին պետք է դրվի և կամաց-կամաց փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվել այս 25 տարվա ընթացքում հայկական կինոյում», - հավելեց կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը։

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խոսքով, իրոք եկել է ժամանակը գնահատելու, թե այսօր ինչպիսին է հայկական կինոն․ - «Մենք ակնկալում ենք, որպեսզի մասնագետները իրենց կարծիքները հայտնեն, որովհետև մենք «Ոսկե Ծիրան»-ի արդյունքում լավագույն ֆիլմերը պետք է ամփոփենք, փաթեթներ կազմենք, տիրաժավորենք և ուղարկենք տարբեր երկրներ՝ անկախության 25-ամյակին նվիրված կինոցուցադրություններ կազմակերպելու համար»:

XS
SM
MD
LG