Մատչելիության հղումներ

Քաղհասարակությունը չի ստորագրի իշխանության առաջարկների տակ


«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյան

Քաղհասարակությունն առհասարակ փորձում է ավելի չեզոք լինել, ասաց Իոաննիսյանը։

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները իրենց ստորագրությունը չեն դնի Ընտրական օրենսգրքի շուրջ իշխանության ներկայացրած առաջարկների տակ։

4+4+4 ֆորմատով ամիսներ շարունակվող բանակցություններից հետո, երեկ իշխանությունը հայտարարեց, թե պատրաստ է քաղհասարակության և ընդդիմության ներկայացրած հինգ պահանջներից չորսին լուծումներ տալ, և, ըստ այդմ, փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում։

Մինչդեռ, քննարկումներին մասնակցած «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանն ընդգծում է՝ «անգամ այս փոփոխությունները եթե կատարվեն, հունիսի 1-ից ուժի մեջ մտած Ընտրական օրենսգիրքը շատ ավելի վատն է, քան նախկինում գործողը, քանի որ այն զգալիորեն նվազեցնում է ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողությունը»։

Հարցին, թե քաղհասարակությունը ստորագրությամբ չի՞ միանա, Իոաննիսյանը պատասխանեց. - «Ոչ, քանի որ փոփոխությունները թեև դրական են, բայց միևնույն է՝ Ընտրական օրենսգիրքը՝ դրանցով թե առանց, հետընթաց է»:

Քննարկումներին մասնակցած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները այսօր գրավոր առաջարկություններ են ներկայացրել իշխանություններին, բայց, ինչպես տեղեկացրեց Իոաննիսյանը, դրանք ամբողջությամբ մերժվել են: Մասնավորապես, իշխանությունը չի համաձայնել վերացնել տեղամասերում լրագրողների թվի սահմանափակումը, նաև հրաժարվել է ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները տրամադրել դիտորդական կազմակերպություններին:

«Իշխանություններն առաջարկում են այդ տեղեկությունները տրամադրել կուսակցությունների վստահված անձանց տեղամասերում և կուսակցությունների ներկայացուցիչներին ընտրատարածքային հանձնաժողովներում։ Այսինքն մեզ՝ դիտորդական կազմակերպություններին և քաղհասարակությանը իշխանությունն այս մասով չի առաջարկում ոչինչ տրամադրել։ Ենթադրվում է, որ մենք պետք է գնանք, գտնենք դաշնակից կուսակցություններ, ովքեր մեզ այդ ամբողջ տեղեկատվությունը կտան։ Քաղհասարակության անկախության պրինցիպը ենթադրում է, որ քաղհասարակությունը չպետք է, ներեցեք, ինչ-որ մեկի ոտքերն ընկնի և ասի՝ բա «մեզ էլ էդ ցուցակները տվեք, մենք էլ տեսնենք», - ասաց Իոաննիսյանը։

Անդրադառնալով նույնականացման քարտերով ընտրություններ անցկացնելու, քվեարկությունից առաջ ընտրողների տասը մատնահետքերը վերցնելու, 2000 տեղամասերում տեսախցիկներ տեղադրելու և ընտրական գործընթացը ուղիղ հեռարձակելու՝ իշխանության առաջարկներին, Դանիել Իոաննիսյանը նշում է՝ այդ ամենը դրական ազդեցություն կունենա, եթե, իհարկե, ներդրվող մեխանիզմների նկատմամբ կրկին վերահսկողություն սահմանելու հնարավորություն լինի․ - «Այստեղ, իհարկե, կա մի քիչ ոստիկանության նկատմամբ վստահության պակաս, բայց եթե ապահովվեն վերահսկողության իրական մեխանիզմներ, մենք իրականում տեսնենք, որ հնարավոր չէ, որ նույն անձը մի քանի նույնականացման քարտ ստանա տարբեր անձանց անունով և այլն, եթե մենք վերահսկման մեխանիզմներ ունենանք, ապա թե՛ ցուցակները կմաքրվեն և թե՛ նաև ընտրողների մատնահետքերով նույնականացումը կապահովվի»:

Մինչդեռ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Բագրատ Անդրեասյանը, ով անցած տարի տեղի ունեցած Սահմանադրական հանրաքվեի ժամանակ հանձնաժողովներից մեկի նախագահի պաշտոնն էր զբաղեցնում, նշում է՝ իշխանության կողմից առաջարկվող փոփոխությունները մեծացնում են վերահսկողության մեխանիզմները, և եթե դրանք այն ժամանակ արդեն ներդրված լինեին, ապա Սահմանադրությունը չէր ընդունվի:

«Փոփոխություններով շատ մեծ բան է լուծվում: Ըստ էության՝ տեղամասում հսկողությունը շատ բարելավվում է», - նշեց Անդրեասյանը:

ՀԱԿ ներկայացուցիչը, սակայն, հիշեցրեց, որ ընդդիմության հինգերորդ՝ ռեյտինգային քվեարկությունը վերացնելու պահանջը, այդուհանդերձ, չի բավարարվել․ - «Ռեյտինգային քվեարկության մեջ իշխանությունները թողել են այն բոլոր սողանցքերը, որ իրենք կարող են օգտագործել և խախտումները անել: Իդեալական ընտրակաշառքի մեխանիզմ է այդ ռեյտինգային համակարգը: Բացի նրանից, որ Հանրապետականը պայքարելու է մյուս բոլոր կուսակցությունների դեմ ընտրակաշառք բաժանելով, այստեղ նաև կուսակցությունների ներսում է պայքար գնալու իրար դեմ, իրար մեջ սկսելու են կռվել՝ ով շատ ձայն կհավաքի: Այսինքն, դու դնում ես մի մեխանիզմ, որ քեզ արդեն այն վերահսկողական մեխանիզմները այլևս պետք չեն ըստ էության: Դրա համար դու այնտեղ զիջողություններ ես անում»:

«Ազատության» հարցին՝ եթե, միևնույն է, այս ռեյտինգային մեխանիզմի շնորհիվ իշխանությունը ապահովելու է մեծամասնություն հաջորդ խորհրդարանում, այդ դեպքում, դա հասկանալով հանդերձ, ինչո՞ւ է Հայ ազգային կոնգրեսը համաձայնում գնալ իշխանությունների հետ համաձայնության մյուս չորս պահանջների մասով, Բագրատ Անդրեասյանը պատասխանեց․ - «Ամեն ինչ շատ պարզ է․ որովհետև միշտ իրավիճակը կարող է փոխվել: Այդ ընտրակաշառքը կարող է ուղղակի էլի չաշխատի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG