Մատչելիության հղումներ

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կայցելի Հայաստան


Արամ արքեպիսկոպոս Աթեշյան, արխիվ
Արամ արքեպիսկոպոս Աթեշյան, արխիվ

Պոլսո պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կայցելի Հայաստան, փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Պոլսո Հայոց պատրիարքարանի պաշտոնական կայքը:

Ըստ աղբյուրի, հունիսի 15-ին Աթեշյանը կմեկնի Ռուսաստան, ինչից հետո կժամանի Հայաստան` մասնակցելու Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին, ինչպես նաև Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայաստանյան այցելության առթիվ կազմակերպված միջոցառումներին:

Արամ Աթեշյանը, հիշեցնենք, նամակ էր ուղարկել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին` հայտնելով, որ վշտացած է Բունդեսթագի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի պատճառով:

Պատրիարքարանի ֆեյսբուքյան էջում հրապարակված նամակում Աթեշյանը հայ համայնքի անունից ափսոսանք էր հայտնել գերմանացի օրենսդիրների որոշման համար` հայտարարելով, թե «հայերը օգտագործվում են իմպերիալիստական ուժերի կողմից»: Նա անընդունելի և սխալ էր համարել, որ Գերմանիայի խորհրդարանը «գերմանացի ժողովրդի անունից որոշում է կայացնում իր իրավասությունների մեջ չմտնող հարցի վերաբերյալ, օրինականացնում այն, իրեն դատավորի տեղ դնում»:

Ստամբուլում լույս ընծայվող «Ակօս» պարբերականը հանդես էր եկել պատասխան նամակով: «Ակօս»-ի խմբագրակազմը իր անհամաձայնությունն էր հայտնել Աթեշյանի արտահայտած կարծիքին` ընդգծելով, որ վերոնշյալ նամակը կարդացել է բարկության և ամոթի զգացումով:

«Արմենպրես»-ը փոխանցում է, որ Պոլսո Պատրիարքական Աթոռի կրոնական ժողովն Աթեշյանի նամակի մասին այսօր հայտարարություն է տարածել։

«Թուրքիայի Հայոց Պատրիարքական Աթոռն իր պատմության ընթացքում ջանացել է բարյացակամ հարաբերություններ մշակել երկրի ղեկավարության հետ, ինչպես նաև առավելագույն ջանքերն է գործադրել` չանտեսելու երկրի հանրային կարծիքի զգայություններն այն նյութերի առնչությամբ, որոնք հետաքրքրում են երկրի հանրությանը», - նշված է հայտարարությունում:

Կրոնական ժողովը հունիսի 13-ին ունեցած նիստի արդյունքներով հրապարակած հայտարարության մեջ կրոնական ժողովը նշել է, որ հին ավանդույթների համաձայն` իրենք կարծիք չեն հայտնում քաղաքական և իրավական հարցերի շուրջ: Համայնքի անունից խոսելու պարտականությունը ստանձնում է աթոռակալ սրբազան պատրիարքը: Բայց քանի որ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը հիվանդ է, այդ պարտականությունը ստանձնել է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

«Սույն պարտականության գիտակցությամբ և համայնքային հաստատությունների մի շարք վարիչների ու առաջատար բարերարների ներկայացրած պահանջին ընդառաջելով` նա գրի է առել նամակը Գերմանիայի խորհրդարանի որոշման կապակցությամբ: Սրբազան հայրը հետևել է Աթոռին ծառայած նախկին Աթոռակալ պատրիարքների և բարձրաստիճան հոգևորականների օրինակին: Սակայն որպեսզի ապագայում ողջ պատասխանատվությունը չընկնի միայն Պատրիարքական Աթոռի վրա, ճիշտ ենք համարում, որ նման արտահայտությունները գրի առնվեն լայնանիստ խորհրդակցական հանդիպումներով` հաշվի առնելով որոշ զգայությունները:

Տխրությամբ ենք հետևում, թե ինչպես նամակի պարունակության մասին քննադատությունները, գերզգայունության պատճառով անցնելով քննադատության սահմանները, հասել են նախատինքի, սպառնալիքի և նվաստացման մակարդակի: Մեր համայնքի անդամներին հորդորում ենք ցուցաբերել խղճամիտ և սառնարյուն կեցվածք, ինչպես նաև գիտակցաբար մոտենան սույն նամակին` նկատի առնելով մեր երկրում տիրող քաղաքական ու ընկերային իրողությունները 100 տարի առաջ օսմանցի հայերի ենթարկված Մեծ եղեռնի կապակցությամբ»,- ասել են Պոլսո պատրիարքարանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG