Մատչելիության հղումներ

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց նոր Հարկային օրենսգրքի նախագիծը


Խմբակցությունները մտահոգություններ ունեն նախագծի շուրջ։

Ձայների 68 կողմ, 21 դեմ, 18 ձեռնպահ հարաբերակցությամբ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց նոր Հարկային օրենսգրքի վիճահարույց նախագիծը։

Նախքան քվեարկությունը ՀՅ Դաշնակցություն խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ խմբակցությունը մտահոգություններ ունի նախագծի շուրջ և ձեռնպահ է քվեարկելու։ «Մենք լուրջ մտահոգություններ ունենք նախագիծն այս վիճակով ընդունելու հետ կապված։ Մենք պատրաստում ենք առաջարկությունների փաթեթ, որը կներկայացնենք հեղինակներին՝ ակնկալելով, որ այդ փաթեթը լրջորեն կուսումնասիրվի։ Հույս ունենք, որ այդ փաթեթի հետ կապված առաջարկությունները նկատի կունենան հեղինակները։ Այս պահին մենք ձեռնպահ ենք քվեարկում՝ մեր հետագա քվեարկությունը կապելով այդ փաթեթին հեղինակների արձագանքին», - ասաց Ռուստամյանը։

Հայ ազգային կոնգրեսն ու «Օրինաց երկիր»-ը հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու նախագծին։ «Կոնգրեսը համարում է, որ Հարկային օրենսգիրքն անընդունելի է՝ և՛ բովանդակությամբ, և՛ քննարկման այս ձևով։ Բնականաբար մենք դեմ ենք քվեարկելու այս նախագծին», - ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ կոչ արեց քաղաքական կամք դրսևորել ու նախագիծը քվեարկության չդնել։ «Քվեարկության մի դրեք նախագիծը, քննարկենք նոր ընդունենք, որ մեր ժողովուրդը չգնա երկրից։ Սրանով մենք սպանում ենք այն հավատը, որ ունենք ապագայի նկատմամբ։ Մենք դեմ ենք քվեարկելու», - ասաց Բիշարյանը։

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ չի մասնակցի քվեարկությանը։ «ԲՀԿ-ն կքվեարկի ձեռնպահ, ես քվեարկությանը չեմ մասնակցելու, և եթե մինչև սեպտեմբեր հնարավոր կլինի բարելավել, դա ուրիշ, իսկ եթե ոչ, մենք վերջնական քվեարկությանը կքվեարկենք դեմ», - ասաց Զոհրաբյանը։

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսափողը Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը խոսքի կեսից անջատեց։

Խորհրդարանի տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն (ՀՀԿ) առաջարկեց ընդունել նախագիծն առաջին ընթերցմամբ, նոր անցնել առաջարկների քննարկմանը։ «Մենք կառավարության հետ ունենք հստակ պայմանավորվածություն. այսօրվանից մեկնարկում է քննարկումների շարքը՝ 12։30-ից հրավիրում եմ մաս առ մաս քննարկելու։ Ուստի մենք սկսենք մեկնարկը, որի վրա կկարողանանք քննարկումներ անել, իսկ վերջնական ընդունումը լինելու է սեպտեմբերին։ Ես կոչ եմ անում ընդունել առաջին ընթերցմամբ», - ասաց Այվազյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG