Ֆուտբոլի եվրոպական ընկերակցությունների միությունը՝ UEFA-ն, սպառնում է որակազրկել Եվրո-2016-ի մրցաշարի մասնակից Ռուսաստանի և Անգլիայի հավաքականներին երկրպագուների կողմից նոր անկարգությունների դեպքում:
Երեկ UEFA-ն կարգապահական վարույթ է սկսել Մարսելի Stade Velodrome մարզադաշտում և դրան հարող փողոցներում ռուս երկրպագուների հրահրած զանգվածային անկարգությունների փաստով:
Մարսելում ծանր բախումներ են տեղի ունեցել ռուս և անգլիացի երկրպագուների խմբերի միջև: Կան տասնյակ տուժածներ, մի քանիսի վիճակը ծանր է:
Անգլիա - Ռուսաստան հանդիպումն անցած շաբաթ օրն ավարտվել է 1-1 հաշվով, ինչից հետո ռուսաստանցի «երկրպագուները», ճեղքելով անվտանգության պատնեշները, գրոհել են անգլիացի երկրպագուների տրիբունայի վրա:
Հասնելով անգլիացիների տրիբունային, ռուսները սկսել են պատռել և գետնին նետել բրիտանական դրոշները, ծեծել մարդկանց, տարբեր իրեր և ճայթուկներ նետել անգլիացիների վրա:
Մարսելի գլխավոր դատախազի Բրիս Ռոբենի պնդմամբ, գրոհը նախաձեռնած թվով մոտ 150 ռուսաստանցիներ իրականում խուլիգաններ են․ - «Նրանք սովոր են նման վարվելակերպի և հատուկ պատրաստություն են անցել, մի քանիսը փորձել են հասնել Մարսելի Մարինյանի օդանավակայան, նրանց մուտքը մերժվել է: Դժբախտաբար, մնացածները տարբեր այլ ճանապարհներով կարողացել են գալ Մարսել և իրականացնել կայծակնային ու չափազանց վայրագ բռնություններ»,- ասել է Ռոբենը՝ հավելելով․ - «Ես չեմ կարող պնդել, որ նրանք պրոֆեսիոնալ ջարդարարներ են, բայց ակնհայտ է, որ շատ լավ մարզված են»:
Մարսելի իրավապահները բերման են ենթարկել մոտ երկու տասնյակ ռուսաստանցու, որոնցից երկուսն արտաքսվել են Ֆրանսիայից, 10-ի հարցը քննվել է արագացված կարգով, ևս 7-ի վերաբերյալ որոշում կընդունվի ավելի ուշ:
"Р-Спорт" ռուսաստանյան մարզական պարբերականի փոխանցմամբ, Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար և Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Վիտալի Մուտկոն ընդունել է, որ անկարգությունները ռուսներն են հրահրել, և դատապարտել է տեղի ունեցածը, բայց և պնդել, թե երկու հավաքականների երկրպագուների միջև բուֆերային գոտի չի եղել, ինչից էլ օգտվել են խուլիգանները:
UEFA-ն ռուսներին մեղադրում է խուլիգանական արարքների, ռասիստական պահվածքի և մարզադաշտ արգելված ճայթուկներ անցկացնելու ու դրանք մարդկանց վրա նետելու մեջ:
Մարզադաշտի հաղորդավարը ռուս երկրպագուներին բարձրախոսով մի քանի անգամ ռուսերեն դիմել է խաղից հետո տեղերում մնալու կոչով, սակայն նրանք անտեսել են հորդորը:
Մուտկոն ճիշտ է համարում կարգապահական վարույթ սկսելու որոշումը․ - «Այո, կային ճայթուկներ, երկրպագուները նորմալ աջակցում էին թիմին, բայց կան մարդիկ, վայ-հերոսներ, ովքեր խայտառակում են 140-միլիոնանոց երկիրը, որը պատրաստվում է 2018-ի աշխարհի առաջնությունն անցկացնել: Այդ մարդկանց պետք է բացահայտել, արգելել որևէ տեղ մեկնել: Պետք է պատրաստվենք, ներկայացնենք մեր տեսակետը»:
UEFA-ն վարույթը սկսել է միայն Ռուսաստանի ֆեդերացիայի նկատմամբ: Որոշումը կընդունվի այսօր:
Ի դեպ, 2012 թվականին ֆուտբոլի Եվրոպայի նախորդ առաջնության ընթացքում ռուսների օգտին 4-1 ավարտված Ռուսաստան - Չեխիա հանդիպումից հետո ռուսները հրահրել էին անկարգություններ, ինչի հետևանքով UEFA-ն Ռուսաստանին տուգանել էր 120 հազար եվրոյով և հավաքականի հաշվեկշռից պայմանականորեն հանել 6 միավոր: