Մատչելիության հղումներ

ՀՀԿ պատգամավոր. Մտահոգությունը, թե Հայաստանը զիջում է իր օդային տարածքը Ռուսաստանին, արդարացված չէ


«Ժառանգության» պատգամավորը, մինչդեռ, ընդգծում է՝ Ռուսաստանը, իր շահերից ելնելով, փորձում է օգտագործել իր հնարավորությունները։

Մտահոգությունը, թե Հայաստանի և Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միացյալ տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագրով Հայաստանը զիջում է իր օդային տարածքը Ռուսաստանին, արդարացված չէ, «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Ազգային ժողովի իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։

«Հայաստանի Հանրապետությունը, լինելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ և հիմնադիր պետություն, երբ խոսքը գնում է հակաօդային պաշտպանության ոլորտում միասնական համակարգի ստեղծման մասին, մենք Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մանրամասն քննարկել ենք, եթե մեզանից որևէ մեկն ուշադրությամբ կարդա համաձայնագրի տեքստը ինքնին, մենք կհասկանանք, որ ոչ թե Հայաստանի Հանրապետությունը զիջում է իր օդային տարածքը Ռուսաստանի Դաշնությանը, այլ ճիշտ հակառակը՝ ստեղծվում է միասնական համակարգ, որտեղ հրամանատարական, այսպես ասած, վահանակը գտնվում է Հայաստանի Հանրապետության հակաօդային պաշտպանության ուժերի ձեռքում, որը ինքնին տրամաբանական է, անհրաժեշտության դեպքում ընդհանուր խնդիրները լուծելիս», - ասաց Ֆարմանյանը։

«Ազատության» հարցին, թե ինչո՞ւ այս հարցը հիմա ջրի երես դուրս եկավ և ինչո՞ւ հիմա ներկայացվեց, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը պատասխանեց. - «Իսկապես ապրիլյան պատերազմական գործողություններից հետո և՛ Հայաստանում, և՛ Արցախում կա էմոցիոնալ դաշտի մի խնդիր, որտեղ ամեն անգամ ռազմական դաշնակիցը մեր պատկերացումներում իր դերակատարությունը չի կատարել, առնվազն այն իմաստով, որ զինել է մեր թշնամուն ոնց որ թե ժամանակին, բայց շատ բաներ, որոնցով պետք է ապահովեր մեզ, որ մենք բալանսավորված իրավիճակում գտնվեինք, խնդիրները ձգձգում էինք։ Սա մի կողմ եմ դնում։ Երկրորդ խնդիրը՝ այս պայմանագիրը ՀԱՊԿ-ի հետ որևէ առնչություն չունի, սա հայ-ռուսական երկկողմանի հարաբերություններ են, ՀԱՊԿ ընդհանուր հակաօդային համակարգ ձևավորված չէ, այն, ինչ որ ունենք մինչև հիմա, դա ԱՊՀ երկրների շրջանակներում է, էդտեղ էլ եթե նայենք նույնիսկ պայմանագրային իմաստով, Հայաստանի ՀՕՊ-ը առայժմ մինչ այսօր էլ ստանում է, դեռ դիվիդենտների իմաստով, տարբեր ֆինանսական միջոցներ ընդհանուր այդ ԱՊՀ համակարգից, որը օգնում է մեզ ինչ-որ չափով արդիականացված խնդիրներ պահել»։

Ռուսաստանը, իր շահերից ելնելով, ինչպես Պողոսյանն ասաց, փորձում է օգտագործել իր եղած հնարավորությունները․ և որևէ մեկը չի կարող մեղադրել նրան։

«Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ է նույնը անում, ցանկացած երկիր աշխարհում կցանկանա նույնն անել, ինչպես նաև Հայաստանը։ Ունեցել ենք դեպքեր, երբ որ նույն ռուսական համակարգերը պետք է աշխատեին, որ իրենց պարտավորությունները անեին, հրամանը կամ տեղեկությունն այստեղից գնում էր հասնում էր Ռոստով, Ռոստովից հասնում էր Մոսկվա, Մոսկվայից հաստատվում էր, վերադառնում էր Ռոստով, Ռոստովից գալիս էր այստեղ, հետո գործողություն պետք է ձևավորեինք: Ունեցել ենք նույնիսկ դեպք, երբ որ երեք ժամվա տարբերությամբ նոր եկել է ինչ-որ խնդիր անելու, երբ որ դեպքն արդեն անցել է», - ասաց «Ժառանգության» պատգամավորը։

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի հունիսի 12-ի թողարկումը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG