Գերմանական ամենաազդեցիկ պարբերականներից մեկի` Zeit-ի տեղեկություններով այս որոշումը կայացվել է` հաշվի առնելով Բուդնեսթագի թուրք պատգամավորների հասցեին հնչեցվող մահվան սպառնալիքների չդադարող տարափը:
Գերմանիայում լույս տեսնող մեկ այլ թերթի` Frankfurter Allgemeine Zeitung-ի տեղեկություններով, թուրքական ծագում ունեցող պատգամավորներին ոստիկանական պաշտպանության տակ առնելու որոշումը կայացվել է անցած շաբաթավերջին` դաշնային մակարդակում կազմակերպված խորհրդակցություններից հետո, որոնց մասնակցել են պատգամավորները, ոստիկանության և քրեական գործերով դաշնային ծառայության ներկայացուցիչները: Այս խորհրդակցությունների արդյունքում Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը հայտարարել է. - «Ծագումով թուրք պատգամավորների հանդեպ հնչող սպառնալիքներն անընդունելի են»: Նույն աղբյուրի տեղեկություններով, Գերմանիայի ներքին գործերի նախարարը նշել է,որ Գերմանիայում բնակվող 3,5 միլիոն թուրքերի մեծ մասը «լավ հարևաններ են ու գերմանական հասարակության կարևոր հատվածը»: - «Ծայրահեղականներն ու հանցագործները մեկուսի դեպքեր են», - նշել է գերատեսչության ղեկավարը:
Բունդեսթագի` Ցեղասպանության բանաձևի օգտին քվեարկած պատգամավորների դեմ սպառնալիքների մի զգալի մասը հնչեցվում է ոչ թե գերմանաբնակ թուրքերի, այլ բուն Թուրքիայի ազգայնական և նույնիսկ իշխանական շրջանակների կողմից:
Այսպես` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մերձավորագույն զինակիցներից մեկը` Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը, Twitter-ի իր էջում զետեղել էր Ցեղասպանության բանաձևի օգտին քվեարկած ծագումով թուրք 11 պատգամավորների լուսանկարները` դրանք ուղեկցելով հետևյալ գրառմամբ. - «Նրանք մեզ հարվածեցին թիկունքից»:
Անկարայի քաղաքապետի թվիթերյան այս գրառումը սոցիալական ցանցում տարածել էին բազմաթիվ թուրք ազգայնականներ` Գյոքչեքի գրառմանը նաև մահվան սպառնալիքներ հավելելով:
Հենց Թուրքիայից հնչող սպառնալիքներն էին թերևս պատճառը, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը շաբաթ օրը խորհուրդ տվեց Բունդեսթագի 11 պատգամավորներին առժամանակ զերծ մնալ պատմական հայրենիք ուղևորություններից:
Spiegel-ի տեղեկություններով, Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը Բունդեսթագի թուրք պատգամավորներին խորհուրդ է տվել առժամանակ զերծ մնալ Թուրքիա ուղևորություններից:
«Թուրքիա նախատեսված այցերը հարկավոր է չեղյալ հայտարարել անվտանգության նկատառումներից ելնելով», - նշել էին գերմանական արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչները: