Մատչելիության հղումներ

Արա Բուդաղյանն ազատ արձակվեց


Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ պատվիրելու մեջ մեղադրվող Արա Բուդաղյանը շուրջ 1 տարի անազատության մեջ անցկացնելուց հետո այսօր արդարացվեց և ազատ արձակվեց Ազգային անվտանգության ծառայության կալանավայրից:

Դատախազության փոխանցմամբ՝ քննիչը 11 ամիս անց Արա Բուդաղյանի գործողություններում հանցակազմ չի գտել, և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Բուդաղյանն ազատության մեջ հայտնվելուց հետո լրագրողների հարցերին պատասխանել չցանկացավ, միայն նշեց, որ ինքն ակնկալում էր նման որոշում, քանի որ Սուրիկ Խաչատրյանի դեմ իրականացված մահափորձի հետ կապ չի ունեցել:

Շուրջ 1 տարի առաջ հայտարարվեց, որ Կապան - Գորիս ավտոճանապարհին կրակահերթեր են արձակվել Սյունիքի մարզպետի ավտոմեքենայի ուղղությամբ: Այդ պահին մեքենայում եղել են Սուրիկ Խաչատրյանը, նրա օգնականը և վարորդը:

Սյունիքի մարզպետի տան մոտ երկու տարի առաջ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը կալանավորվեց Խաչատրյանի դեմ մահափորձը պատվիրելու մեղադրանքով, ևս երեք անձ կալանավորվեց մահափորձ իրականացնելու ու աջակցելու մեղադրանքներով: Դեռ նախաքննության ընթացքում Սուրիկ Խաչատրյանը հայտարարում էր, որ դեպքը բացահայտված է:

Արա Բուդաղյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանն «Ազատությանն» այսօր ասաց, որ մոտ մեկ տարի քննչական մարմինները փորձում էին իր պաշտպանյալի մեղքն ապացուցող փաստեր գտնել, սակայն այդպես էլ չկարողացան: Փաստաբանն ասաց, որ Բուդաղյանի հետ դեռ պետք է քննարկի՝ արդյոք 11 ամիս անտեղի կալանքի տակ պահվելու համար կպահանջեն փոխհատուցում:

Հայկ Ալումյանը պաշտպանում է նաև Սուրիկ Խաչատրյանի որդու և օգնականի կողմից սպանված Ավետիք Բուդաղյանի մյուս եղբոր՝ գնդապետ Արտակ Բուդաղյանի շահերը, ով մեղավոր ճանաչվեց մարզպետի ընտանիքի հասցեին մահվան սպառնալիքներ հնչեցնելու մեջ՝ դատապարտվելով տուգանքի: Փաստաբանը վստահ է, որ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպը ևս կբացահայտվի:

«11 ամիս եթե պետք եղավ, որպեսզի Արա Բուդաղյանի դեպքում արդարությունը վերականգնվի, ես ձեզ հավատացնում եմ, որ շուտ թե ուշ՝ արդարությունը կվերականգնվի նաև Ավետիք Բուդաղյանի սպանության հետ կապված», - նշեց Հայկ Ալումյանը:

Տարիներ ի վեր Սյունիքի մարզպետի ընտանիքի հետ կապվող միջադեպերին հետևող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի կարծիքով Բուդաղյանն ազատ է արձակվել, քանի որ նրա կալանավորումը բողոքարկվել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և այնտեղ քննվելու դեպքում հայաստանյան իրավապահները որևէ ապացույց ներկայացնել չէին կարողանալու:

«Չեմ կարծում, թե իշխանությունը բարիացել է և որոշեց բաց թողնել: Արա Բուդաղյանի դեպքով ցույց տվեց, որ այլևս չի կարող առաջ շարժվել, շատ է ստացվում այդ կեղծիքների քանակը, որը մուտք է գործում Եվրոպական դատարան: Ես հույս ունեմ, որ վերջապես հանգիստ կթողնեն այս ընտանիքին», - մեզ հետ զրույցում ասաց Ալեքսանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG