Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Հայկ Սաղաթելյանի փոխանցմամբ, ՀԷԿ-ի աշխատակցի դին հայտնաբերվել է Արտակարգ իրավիճակների նախարարության և Դիտավան գյուղի բնակիչների որոնողական աշխատանքներից հետո․ - «Հենապատը մոտ մի 30 մետր փլուզվել ա: Առավոտյան ժամը 9-անց 15 դիակը գտնվել ա հիդրոէլեկտրակայանից մոտ 5 կիլոմետր ներքև, 10-ն անց 15 դին հանվել է փրկարարների միջոցով: Այս պահի դրությամբ աշխատում են քննչական ծառայության աշխատակիցները»:
«Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանի խոսքով, փոքր ՀԷԿ-երը համարվում են քիչ ռիսկային, հետևաբար չեն անցնում անվտանգության պատշաճ փորձաքննություն։ Բնապահպանը պնդում է, որ Տավուշում սողանքները շատ են, մինչդեռ ՀԷԿ-եր կառուցողներն ուշադրություն չեն դարձնում, իսկ տեսչական մարմիններն աչք են փակում դրա վրա․ - «Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ արդեն մեկ տարի չեն անցկացվում տեսչական ստուգումներ: Այնտեղ բացառություններ կան, իհարկե: Եվ գրված է՝ բիզնեսի ավելի լավ, բարենպաստ գործելու համար: Բիզնեսը պետք է գործի անպայման բարենպաստ մթնոլորտում, բայց վերահսկողությունը պետք է լինի: Եթե մենք բիզնեսի վերահսկողություն չենք իրականացնում, ունենում ենք այսպիսի դեպքեր: Եվ այդ դեպքը չեմ կարծում, որ վերջինը կլինի»:
ՀԷԿ-երից շատ բնապահպանին անհանգստացնում է պոչամբարների խնդիրը։ Ասում է՝ եթե փլուզվեր որևէ պոչամբարի պատվար, վնասը բազմապատիկ կլիներ։ Իսկ պոչամբարների փլուզման վտանգ նույնպես Զարաֆյանը տեսնում է․ - «Շատ ավելի ծանր բան կարող է լինի, օրինակ, պոչամբարների հետ կապված: Մենք նոր վերադարձել ենք Սյունիքի մարզից և նայել ենք տարբեր պոչամբարները: Եվ իմացել ենք, որ իրոք, օրինակ, Արծվանիկի պոչամբարը սկսել է տեղափոխվել»:
Զարաֆյանը նաև լուծում է առաջարկում․ - «Պետք է մոնիտորինգ անցկացնել, և անպայման պետք է պատասխանատվության կանչվեն և՛ այդ մարդիկ, որոնք թույլ են տվել կոնկրետ խախտում, և՛ այն մարդիկ, որոնք ստորագրել են այդ թույլատրող փաստաթղթերի տակ»:
ՔԷՅԷՆԵՐՋԻ ՓՀԷԿ-ին էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիան տրված է մինչև 2032 թվականի դեկտեմբերի 24-ը գործողության ժամկետով, որից կառուցման ժամանակահատվածը մինչև 2017 թվականի դեկտեմբերի 24-ն է:
Ըստ պետռեգիստրի, ՀԷԿ-ը պատկանում է ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի որդուն՝ Սևադա Քոքոբելյանին։