Մատչելիության հղումներ

Պառավաքարցիները խոտ են հնձում, աչքի պոչով էլ` հետևում սահմանագծին


Տավուշի մարզի Պառավաքար գյուղում տղամարդիկ ադրբեջանական դիրքերին դեմ-դիմաց սկսել են հունձը՝ կատակելով, պատմություններ պատմելով: Գործ են անում, աչքի պոչով էլ նայում սահմանագծին:

Խոտհարքը ադրբեջանական դիրքերից ընդամենը 500 մետր է հեռու: Վտանգի մասին հարցերին գուղացիները պատասխանում են լայն ժպիտով, ասում են՝ իրենք են գյուղի և 20 կմ եզրագծով սահմանի տերը:

«Այ էսա խրամատը՝ էս կողքս ա, սրա հետևը արդեն թուրքերի պոստերն են», - պաշտպանական գիծն է ցույց տալիս հունձին հետևող գյուղապետը:

«Սմենի են գիշերը սահմանապահների հետ էս գյուղի տղերքը: Եկել են հանգստանան, որ իրիկունը պիտի գնան: Սահմանը մեծ ա, քիչ են, պիտի օգնեն», - պատմում է տրակտորավարը:

Երբ պետք է լինում գնալը՝ գնում ենք, առանց ինքնագովեստի՝ սարերով պարփակված խոտհարքում հնչեց բացատրությունը:

Պառավաքարցիներն ասում են՝ գյուղում պրոբլեմները շատ են, պետության հոգածության և օգնության կարիքը շատ են զգում:

«Եթե հույսերը դնենք պետության վրա, որ ինչ-որ օգնություն պիտի տան՝ էնքա՜ն բան կա: Սահմանամերձ գյուղ ա, մի օգնություն, բան, որ տան՝ լավ կլի ժողովրդի համար, բայց մենք չենք թողի մեր հողերը, որ էթանք Երևան ապրենք: Մենք մեր հողը չենք թողի», - ասում են նրանք:

Չնայած հպարտ հայտարարություններին՝ գյուղացիներն, այդուհանդերձ, խոստովանում են՝ երեխաներին չեն կարողանում պահել գյուղում: Տասը տարի առաջ Պառավաքարում 900 աշակերտ կար, հիմա՝ 200-ն են:

Անցած դարից ժառանգած հին ու նոր խնդիրների ֆոնին գյուղապետն առանձնացրեց մեկ հարց՝ փոխել ջրագծերն ու գյուղին անխափան մատակարարել Հայաստանի քաղցրահամ ջուրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG