Բաքվի կենտրոնական փողոցների բնակիչները պատրաստվում են իրենց պատշգամբները վարձով տրամադրել այն մարդկանց, ովքեր ցանկանում են հետևել «Ֆորմուլա 1» մրցաշարին, որը Ադրբեջանի մայրաքաղաքում մեկնարկում է հաջորդ շաբաթավերջին։
Մոնակոյից և Սինգապուրից հետո Բաքուն աշխարհի երրորդ քաղաքն է, որը «Ֆորմուլա 1»-ի մրցաշարն անցկացնում է քաղաքի փողոցներով:
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը հիշեցնում է, որ երկրի իշխանությունները դեռևս ամիսներ առաջ էին Բաքվի կենտրոնական փողոցների բնակիչներին կոչ արել՝ օգտվել ընձեռված հնարավորությունից և փող աշխատել։
Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարար Ազադ Ռահիմովը հատուկ շեշտել էր, որ գնային որևէ սահմանափակումներ չեն լինի։ Բերելով սեփական օրինակը՝ ադրբեջանցի պաշտոնյան խոստովանել էր, որ Մոնակոյում ինքն էլ էր ինչ-որ մեկի պատշգամբը վարձակալել՝ խաղին հետևելու համար։
Մինչ ադրբեջանական սոցցանցերում հեգնում էին պաշտոնյային իր հայտարարությունների համար, Բաքվի կենտրոնում պատշգամբ ունեցողները գնային քաղաքականություն էին մշակում՝ մեկ պատշգամբի գինը 300-400 մանաթ կամ 30-40 դոլար, ընդ որում՝ առաջին օրվա վարձակալությունը ավելի էժան է, քան երկրորդ օրվանը։ Վճռական օրվա մրցումների համար պատշգամբների գինը կարող է հասնել մինչև 50 դոլարի։
«Ես իմ պատշգամբը տրամադրում եմ 300 մանաթով։ Կարող եք գալ, նստել, դիտել։ Բացի այդ, գնի մեջ մտնում է նաև քաղցրավենիքով թեյ», - պատմում է բաքվեցի Վահիդ Վալիևը և խոստանում, որ միանգամից երկու օրվա համար պատշգամբ վարձակալողները հատուկ զեղչեր կունենան։
«Մրցումների տոմսերի իրական գինը 120-ից 472 դոլար է։ Իհարկե շատ թանկ է։ Մեր երկրում նման մրցաշարեր անցկացնելու անհրաժեշտություն չկար։ Միգուցե ինչ-որ մեկն ուզում էր ինչ-որ բա՞ն ցույց տալ սրանով», - մեկնաբանում է Բաքվի բնակիչներից մեկը։
Հունիսի 17-19-ը Բաքվում նախատեսված «Ֆորմուլա 1» մրցարշավը տեղի է ունենում ադրբեջանում տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Միջազգային լրատվամիջոցները ամիսներ առաջ մտավախություն էին հայտնում, որ Ադրբեջանը կարող է չեղյալ հայտարարել մրցարշավը։ Բաքուն, սակայն, հայտարարեց, որ չնայած ահռելի ծախսերին, վճռական են «Ֆորմուլա 1-ը» բարձր մակարդակով կազմակերպելու հարցում, վստահ լինելով, որ այն մեծ օգուտ կբերի տնտեսությանը՝ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում:
Մինչդեռ «Ռոյթերզ» գործակալության հաշվարկների համաձայն՝ մրցարշավը շատ ավելի թանկ կարժենա Բաքվի համար, քան իշխանություններին է թվում։ Գործակալության տվյալներով՝ տոմսերի վաճառքից եկամուտները սովորաբար չեն գերազանցում մի քանի տասնյակ հազար դոլարը։