Մատչելիության հղումներ

ՀԲ․ Հայաստանի ՀՆԱ-ի աճը առաջիկա երեք տարիներին 3 տոկոսից պակաս կլինի


Համաշխարհային բանկի լոգոն Վաշինգտոնում բանկի կենտրոնակայանի պատին, արխիվ
Համաշխարհային բանկի լոգոն Վաշինգտոնում բանկի կենտրոնակայանի պատին, արխիվ

Ադրբեջանի համար, ըստ Համաշխարհային բանկի զեկույցի, 2016-ը վատթարագույնը կլինի վերջին 20 տարիների ընթացքում:

Առաջիկա երեք տարիներին Հայաստանում ՀՆԱ-ի աճը չի գերազանցի 3 տոկոսը: Սա են վկայում Համաշխարհային բանկի երեկ հրապարակած տվյալները:

Համաշխարհային տնտեսության հեռանկարներն ամփոփող այս ծավալուն զեկույցի համաձայն՝ 2016-ին ՀՆԱ-ի իրական աճը Հայաստանում կկազմի 1.9 տոկոս: «2017-ին և 2018-ին տնտեսական աճի տեմպերը Հայաստանում փոքր-ինչ կարագանան», - նշում են ՀԲ-ի փորձագետները` կանխատեսելով, որ հաջորդ տարի ՀՆԱ-ի իրական արտահայտությամբ աճը երկրում 2.8, իսկ 2018-ին` 2.9 տոկոս կկազմի:

Համաշխարհային բանկի տվյալների համաձայն՝ 2016 թվականը Ադրբեջանի համար վատթարագույնը կլինի վերջին 20 տարիների ընթացքում․ երկիրը տարին կփակի 1.9 տոկոս տնտեսական անկմամբ: Վերջին անգամ Ադրբեջանում ՀՆԱ-ի անկում արձանագրվել էր հեռավոր 1995 թվականին: 2017 թվականին արդեն, մասնագետները Ադրբեջանում կրկին ՀՆԱ-ի աճ են կանխատեսում` նշելով, սակայն, որ այն աննշան է լինելու և չի գերազանցելու 1 տոկոսը: 2018-ին Ադրբեջանում տնտեսական վիճակը փոքր-ինչ կբարելավվի և ՀՆԱ-ի աճն իրական արտահայտությամբ կկազմի արդեն 1.3 տոկոս:

Դատելով Համաշխարհային բանկի երեկ հրապարակած տվյալներից` հարավկովկասյան պետությունների շարքում առավել բարվոք տնտեսական վիճակում է Վրաստանը: ՀԲ-ի կանխատեսումների համաձայն՝ 2016 թվականը Վրաստանը կամփոփի 3 տոկոս աճով: 2017-ին ՀՆԱ-ի աճը Վրաստանում կկազմի 4․5, իսկ 2018-ին՝ 5 տոկոս:

ՀԲ-ի մասնագետները նաև փորձել են պարզել այն հիմնական գործոնները, որոնք ազդում են այս կամ այն պետության տնտեսական կացության վրա:

Հայաստանի պարագայում բացասաբար ազդող գործոններից են նախևառաջ ռուսաստանյան տնտեսությունում նկատվող անկումը, որն, ի դեպ, այս տարի ավելի քան 1 տոկոս է կազմելու, ինչպես նաև մասնավոր տրանսֆերտների ծավալի նվազումը:

Վրաստանի դեպքում տնտեսական աճը դանդաղեցնող գործոններից են էներգակիրներով հարուստ գործընկեր պետություններում` նախևառաջ Ադրբեջանում արձանագրվող անբարենպաստ զարգացումները:

Բանկի կանխատեսմամբ՝ նավթի գինը երկարաժամկետ կտրվածքով շարունակելու է ցածր մակարդակի վրա գտնվել, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը, ինչպես նաև էներգակիրներով հարուստ մյուս հետխորհրդային պետությունները` Ռուսաստանն ու Ղազախստանը, «կրկին բախվելու են ֆինանսական խնդիրների, կուտակած պահուստները շարունակելու են նվազել, իսկ արտարժույթի փոխարժեքը լուրջ շուկայական ճնշման է ենթարկվելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG