«2016 թվականի հունվարին արձանագրված 2.2 տոկոս բարձր գնաճից հետո հաջորդ չորս ամիսներին արձանագրվել է գնանկումներ: Ընդհանուր առմամբ, անցած հինգ ամիսների կտրվածքով, 2016 թվականի մայիսին, 2015-ի դեկտեմբերի համեմատ, հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել է գնանկում՝ 0.6 տոկոս», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ԱՎԾ նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը:
Նրա փոխանցմամբ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կա գյուղատնտեսական մթերքների աճ 4.1 տոկոսով․ - «Այդ թվում բուսաբուծության աճը կազմել է 9.7 տոկոս, անասնապահությանը՝ 3.3 տոկոս»:
Գյուղմթերքի աճին զուգահեռ, սակայն, նկատվում է առևտրի շրջանառության նվազում։ Երևանի շուկաներից մեկում «Ազատության» անցկացրած հարցմանն ի պատասխան գնորդները նշում էին, թե գները գրեթե չեն փոխվել:
Վաճառողները, մինչդեռ, պնդելով, որ բոլոր մթերքներն էժանացել են, բողոքում էին գնորդների պակասից։
«Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի կարծիքով, ականջ շոյող «գնանկում» բառն իրականում տնտեսության վատ վիճակի ցուցանիշ է՝ եթե գների անկումն արձանագրվել է առանց սպառման ավելացման․ - «Ապրանքների գները նվազել են, բայց մարդիկ ավելի քիչ են գնում էդ ապրանքներից։ Այսինքն մարդկանց աղքատությունը այնքան է խորացել, որ նույնիսկ չեն կարողանում գնել էժան ապրանքներ»:
Գևորգյանն առաջարկում է իջեցնել վարկերի տոկոսադրույքները, իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Կենտրոնական բանկը իջեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը․ - «Բայց Կենտրոնական բանկը այսօր անում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանում վարկերը չէժանանան: Ստիպում է բանկերին, որպեսզի բանկերը հսկայական միջոցներ սառեցնեն իրենց պահոցներում․․․ Ինչի՞ց է վախենում Կենտրոնական բանկը․․․ Վախենում է արժեզրկումից»:
Նրա համոզմամբ, իշխանության ընտրած ճանապարհն այս առումով ոչ թե կայունություն, այլ ճահիճ է հիշեցնում։