Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, այսօր անդրադառնալով Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի վերադարձին և նրան Ղարաբաղի պաշտպանության նախարար նշանակելու կոչերին, ընդգծում է՝ հնարավոր չէ գնալ աշխարհում ման գալ, հետո ետ գալ ու աշխատանք ուզել իշխանություններից:
«Սամվել Բաբայանը պատերազմի ժամանակ բավականին լուրջ կռվող է եղել», - արձանագրում է Սահակյանը՝ շարունակելով․ - «Չունի ռազմական որևէ կրթություն՝ դա մեկ: Դրանից հետո հանցագործություն է կատարել, նստել է 5 տարի: Դրանի հետո դուրս է եկել՝ իր համար տարբեր երկրներում, աշխարհում ման է եկել, հիմա եկել է գործ է ուզում ու պիտի գործ ճարեն ու տա՞ն: Չի կարող»:
Լրագրողների հարցին, թե արդյո՞ք Սամվել Բաբայանը աշխատանք է ուզում իշխանություններից և նրանք էլ մերժում են, Գալուստ Սահակյանն արձագանքեց, թե ինքը Բաբայանի հետ չի հանդիպել, պարզապես նման տպավորություն ստացել է թերթերից:
«Էդպես չի կարող, որ գալիս գործ են ուզում և իշխանությունները գործ են տալիս: Էդպես չի կարգը», - նաև ասաց Սահակյանը:
Նշենք, որ Սամվել Բաբայանն անցած կիրակի Ստեփանակերտում հայտարարել էր, թե պաշտոն չի ուզում, պարզապես ցանկանում է օգնել պաշտպանական համակարգեր ստեղծելու հարցում: Նրան Ղարաբաղի պաշտպանության նախարար նշանակելու կոչով հանդես էր եկել Ղարաբաղի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը, ում և հունիսի 6-ին դաժան ծեծի ենթարկեցին:
Հարցին, թե արդյո՞ք իշխանությունները պատրաստ են հանդիպել Բաբայանին և նրա փորձն ու ներուժը օգտագործել պաշտպանական ոլորտում, Ազգային ժողովի նախագահը պատասխանեց․ - «Դեռևս մենք նույնպես չգիտենք ի՞նչ ներուժ ունի, որպեսզի դրան աջակցենք, թե չաջակցենք»:
Անդրադառնալով Ղարաբաղի խորհրդարանի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանին դաժան ծեծի ենթարկելու փաստին՝ Ազգային ժողովի նախագահը պնդեց, թե դրանում քաղաքական դրդապատճառներ չի տեսնում․ - «Քաղաքական դրդմամբ բռնում են մարդուն ծեծում են, որ ինքը այլ քաղաքական մտածողությո՞ւն ունի: Դա խուլիգանական արարք է»: