Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրը կոչ է անում դադարեցնել բանակի թերությունների հրապարակային բարձրաձայնումը


Խորհրդարանում հայտարարությունների ժամին պատգամավորները ապրիլյան քառօրյա պատերազմական գործողություններից և դրանից հետո ստեղծված իրավիճակին անդրադարձան:

«Բարգավաճ Հայաստանից» պատգամավոր Միքայել Մելքումյանը հիշեցրեց, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը պետք է ռազմական փոխօգնության պայմանագիր կնքեին, բայց այն ուշանում է։

«Ապրիլյան քառօրյա պատերազմից անմիջապես հետո այստեղ՝ այս դահլիճում, արտաքին գործերի նախարարի տեղակալն ասաց, որ դա օրերի հարց է: Կարծես թե դա ուշանում է», - արձանագրեց պատգամավորը՝ կարծիք հայտնելով, որ եթե կան արտաքին մարտահրավերներ և սպառնալիքներ, պետք է դրանք շատ արագ հաղթահարել:

Զինտեխնիկայի համալրման հարցը բարձրացրեց ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։ Նրա խոսքով պատերազմական գործողությունների ժամանակ ակնհայտ դարձավ, որ երկրի առջև ծառացած գլխավոր խնդիրը անվտանգության և պաշտպանունակության ապահովումն է։

«Անհրաժեշտ է պետական և մասնավոր բոլոր ռեսուրսների լարում՝ կարճ ժամանակահատվածում անհրաժեշտ սպառազինություններով բանակը ապահովելու, մասնավորապես՝ տեխնոլոգիապես ժամանակակից սպառազինություններով համալրելու և տեխնոլոգիական տեսակետից առաջացած ճեղքվածքը փակելու ուղղությամբ», - ասաց նա:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ առաջարկեց զինված ուժերի խնդիրները քննարկելու համար հատուկ ձևաչափ ստեղծել, քանի որ այդ խնդիրների հրապարակային քննարկումը կարող է սպառնալիք դառնալ Հայաստանի անվտանգության համար: - «Երևույթը հատկապես հարիր չէ զինված ուժերում բարձրագույն պաշտոններ զբաղեցրած, բանակի շինարարության գործում ներդրում ունեցած անհատների համար: Կոչ եմ անում, խնդրում եմ դադարեցնենք բանակի թերությունների ու բացթողումների հրապարակային բարձրաձայնումը: Իշխանություններն, իրենց հերթին, պարտավոր են ոլորտում փորձառություն ու գիտելիքներ ունեցող մեր համաքաղաքացիների առաջարկություններն ու դիտարկումները քննարկելու ձևաչափ գտնել», - ասաց Ջհանգիրյանը:

Հանրապետական Ռուզաննա Մուրադյանն էլ հայտարարեց, որ երբ տարբեր քաղաքական ուժեր միավորվում են՝ խնդիրներ կարողանում են լուծել: Որպես օրինակ նա բերեց հունիսի 2-ին Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանների համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը, որտեղ, նրա խոսքով, հայ պատգամավորների ջանքերով Ադրբեջանի ագրեսիան արձանագրող փաստաթուղթ է ընդունվել․ - «Դա, կարելի է ասել, առաջին փաստաթուղթն է միջազգային կառույցի ներկայացուցիչների մասնակցությամբ, որտեղ նշվում է, որ Ադրբեջանն է եղել ռազմական գործընթացի նախաձեռնողը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG