Մատչելիության հղումներ

Իրանի և Հայաստանի միջև վիզային ռեժիմի ազատականացումը՝ քաղաքական լուրջ քայլ


Իրանի նախագահ Հասան Ռոհանին ընդունում է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, արխիվ
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ընդունում է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, արխիվ

Իսլամական Հանրապետության խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանի գնահատմամբ, Իրանի և Հայաստանի միջև վիզային ռեժիմի ազատականացումն առաջին հերթին քաղաքական լուրջ քայլ է, որը ցույց է տալիս երկու երկրների բարեկամական հարաբերությունները:

«Վիզայի ռեժիմի վերացումը տեղի է ունենում բարեկամ երկրների միջև, ընդ որում նաև դաշնակից, ռազմավարական իմաստով բարեկամ պետությունների միջև: Մանավանդ այս օրերին՝ այսինքն տարածաշրջանում այս նոր քաղաքական իրավիճակում սա, կարծում եմ, շատ լավ ժեստ է քաղաքական առումով», - «Ազատությանն» այսօր ասաց Խանլարյանը:

Վիզային ռեժիմի ազատականացման մասին հուշագիրը երկու օր առաջ Հայաստանի և Իրանի արտգործնախարարների կողմից ստորագրվեց Իրանի նախագահի նստավայրում: Համաձայնագիրը սահմանում է, որ երկու պետությունների քաղաքացիները 180 օրվա ընթացքում մինչև 90 օր ժամկետով առանց մուտքի արտոնագրի կարող են գտնվել միմյանց տարածքում:

Իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով ևս՝ նման համաձայնագիրը ցույց է տալիս երկու երկրների մեջ առկա քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը:

«Քայլը արդեն վաղուց անհրաժեշտություն էր մեր երկու երկրների միջև՝ հաշվի առնելով հատկապես այն Իրանը, որը ունենք այսօր: Իրան, որը դուրս է եկել պատժամիջոցների ռեժիմից, և Իրան, որը ձգտում է աշխարհի հետ հաստատել բոլորովին նոր որակի կապեր և հարաբերություններ», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրանագետը:

Ոսկանյանը նկատում է, որ չնայած նախկինում էլ իրանցիների համար դժվար չէր հայաստանյան մուտքի արտոնագիր ստանալը, այդուհանդերձ գործընթացի հեշտացումը կարող է զգալի ազդեցություն ունենալ զբոսաշրջության զարգացման վրա, քանի որ իրանցիները հաճախ նախընտրում են կարճաժամկետ պլանավորած ուղևորություններ:

Հայաստանում իրանական երկու ավիաընկերությունների պաշտոնական ներկայացուցիչ, գործարար Առլեն Դավուդյանն ասում է, որ վիզային ռեժիմը բարդացնում էր զբոսաշրջիկների գալուստը: Ազատականացումից հետո գործարարը նախատեսում է ավելացնել Թեհրան-Երևան թռիչքների թիվը, ինչպես նաև իրականացնել չվերթներ իրանական այլ քաղաքներից:

«Մենք սպասում ունենք, որ ուղևոր կշատանա: Մեր ավիաընկերությունը շաբաթական մի 600 աթոռ կավելացնի շուկայի մեջ: Մենք շաբաթական 3 հավելյալ չվերթ ենք նախատեսում», - նշեց նա:

Հյուրանոցային բիզնեսի ոլորտում աշխատող իրանահայ գործարար Համլետ Գրասկյանն էլ ակնկալում է, որ վիզային ռեժիմի ազատականացումը կնպաստի Հայաստանի և Իրանի միջև աշխատուժի տեղաշարժի մեծացմանը: Այդուհանդերձ, երկու երկրների ներուժն, ըստ գործարարի, թույլ է տալիս ավելի խորը հարաբերություններ հաստատել, դրա համար պետք է իրականացնել հարկային, հատկապես հակամենաշնորհային առավել խիստ քաղաքականություն:

Շուրջ 25 տարի Իրանից Հայաստան ուղևորափոխադրումներով զբաղվող Առլեն Դավուդյանի խոսքով՝ տարեկան Հայաստան է գալիս շուրջ 35 հազար իրանցի․ այդուհանդերձ, ըստ գործարարի, եթե չփոխվի վերաբերմունքն իրանցիների հանդեպ՝ արտոնագրային ռեժիմի փոփոխությունը տնտեսության վրա էական ազդեցություն չի ունենա:

Հայաստանի և Իրանի միջև ոչ-վիզային ռեժիմը կգործի շաբաթներ անց, երբ համաձայնագիրը կանցնի ներպետական ընթացակարգերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG