ԱՄՆ-ի ոչ թե նահանգի, այլ պետական տարածքի կարգավիճակ ունեցող Պուերտո Ռիկոյում անցած գիշեր տեղի ունեցած դեմոկրատների ներկուսակցական ընտրության՝ primary-ի արդյունքը ճակատագրական էր կուսակցության համար:
Ներկուսակցական ընտրությունների արդյունքում նախկին առաջին տիկին, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը վաստակել է կուսակցական համագումարի 2383 պարգամավորների աջակցությունը և գործնականում երաշխավորել է նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում դեմոկրատների կողմից թեկնածու առաջադրվելու իրավունքը:
«Համաձայն ստացված լուրի, մոտ է պատմական աննախադեպ պահը, բայց մենք դեռ անելիք ունենք, չէ՞․ վաղը դեռ կա վեց ընտրություն, և մենք ամեն բան կանենք յուրաքանչյուր քվեն շահելու համար, հատկապես այստեղ՝ Կալիֆորնիայում», - ասել է Հիլարի Քլինթոնը:
Այսպիսով, արդեն ոչ որպես առաջին տիկին, այլ ԱՄՆ-ի պատմության ընթացքում առաջին կին նախագահ Սպիտակ տուն մուտք գործելու ճանապարհին Հիլարի Քլինթոնի միակ մրցակիցը մնում է հանրապետականների հավանական թեկնածու Դոնալդ Թրամփը:
Եվ քանի որ դեմոկրատական մյուս հավակնորդ Բերնի Սանդերսն այլևս գործնականում զրկվել է թեկնածու առաջադրվելու հույսից, ենթադրվում է, որ ներկայիս նախագահ Բարաք Օբաման առաջիկա օրերին պաշտոնապես իր աջակցությունը կհայտնի Քլինթոնին ու կասի, որ հենց նա է դեմոկրատների ամենաարժանի թեկնածուն:
Կուսակցությունը պաշտոնապես իր թեկնածուին կհաստատի հուլիսի 25-26-ին Ֆիլադելֆիայում կայանալիք համագումարում: Տարբեր նահանգներում և տարածքներում Քլինթոնը ստացել է համագումարում իր օգտին քվեարկելու 1812 պատգամավորի երաշխավորված խոստում և առնվազն 571 «սուպերդելեգատի» խոստում:
«Սուպերդելեգատները» Դեմոկրատական կուսակցության պատգամավորներ են, ովքեր կարող են աջակցել իրենց նախընտրած թեկնածուին, նույնիսկ նրան, ով primaries-ներում և caucus-ներում մեծամասնություն չի ստացել:
«Սուպերդելեգատների» թվում են կուսակցության Ազգային կոմիտեի անդամները, անվանի առաջնորդները, նախկին և գործող պետական պաշտոնյաները, նախագահները, փոխնախագահները, սենատորներն ու կոնգրեսականները:
«Սուպերդելեգատի» ինստիտուտը հատուկ է նախևառաջ Դեմոկրատական կուսակցությանը: Հանրապետական դելեգատը պարտավոր է համագումարում աջակցել կոնկրետ նահանգում առաջ անցած թեկնածուին:
Այսօր «սուպերերեքշաբթի» է, այդպես են անվանում այն օրը, երբ միանգամից մի քանի նահանգում ներկուսակցական ընտրություններ են: Այսօր պետք է կողմնորոշվեն Կալիֆորնիայի, Նյու Ջերզիի, Նյու Մեքսիկոյի, Հարավային Դակոտայի, Հյուսիսային Դակոտայի և Մոնտանայի ընտրողները:
Ընդհանուր պատկերն այլևս հստակ է՝ դեմոկրատներից կառաջադրվի Հիլարի Քլինթոնը, ով, ի դեպ, հզոր աջակցություն ունի բնակիչների թվով ամենախոշոր նահանգում՝ Կալիֆորնիայում:
Հանրապետականների համագումարը, որը պաշտոնապես պետք է թեկնածու առաջադրի Թրամփին, տեղի կունենա Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում: 2016 թվականի նախագահական ընտրությունները տեղի կունենա նոյեմբերի 8-ին: