Մատչելիության հղումներ

Մնացականյան - Բաբայան բանավեճը սուր զարգացումներ է ստանում


Լևոն Մնացականյան
Լևոն Մնացականյան

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ներկայիս նախարար Լևոն Մնացականյանը մեղադրում է նախկին նախարար Սամվել Բաբայանին 1994 թվականին Ադրբեջանին 21 կիլոմետր տարածք հանձնելու համար:

Նախկին ու ներկայիս նախարարների միջև հեռակա ծավալվող բանավեճը բավական սուր զարգացումներ է ստանում:

Հիշեցնենք՝ ավելի վաղ տված հարցազրույցում Սամվել Բաբայանը ասել էր, թե ապրիլի սկզբին տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ հայկական կողմը սխալներ է թույլ տվել, ինչի արդյունքում տարածքներ է կորցրել:

Լևոն Մնացականյանը չի հերքում՝ տարածքներ կորցրել են, բայց Բաբայանին հորդորում է «հիշողությանը զոռ տալ» և վերհիշել, թե ինչպես է ժամանակին հողեր հանձնել:

Սամվել Բաբայան
Սամվել Բաբայան

«Անտարբերությունն էր, թե մերոնք թուլացրել էին դիրքերը, թե ինչ պատճառներ ա եղել՝ դա արդեն նախարարությունը պետք ա հետաքննի ու հասկանա՝ ինչ ա կատարվել իրականության: Փաստը նա ա, որ մի կես ժամ-մի ժամվա մեջ էդ ամբողջ դիրքերը հանձնվել է: Դրանից հետո փորձել ենք վերականգնենք՝ հարձակումներով, որն էլ բերել ա էդ կորուստներին», - հայտարարել էր Բաբայանը:

«Կառաջարկեի վերլուծեն 94 թվականի հունվար-փետրվար ամիսներին տեղի ունեցածները, երբ որ նույն հարավային ուղղությամբ մեկ օրվա ընթացքում հակառակորդի ճնշման տակ 21 կիլոմետրից ավել տարածք մեկ օրում հանձնվել ա: Ով ա եղել էն ժամանակ հրամանատարը՝ ձեր կողմից նշված անձնավորությունը», - հակադարձում է Լևոն Մնացականյանը:

«Արցախ TV»-ին տված հարցազրույցում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարն անդրադառնում է նաև Բաբայանի այն հայտարարությանը, թե այսօր պաշտպանական համակարգեր չեն ստեղծվում: Մնացականյանը հետևյալ հարցադրումն է անում՝ արդյոք Բաբայանը իր պաշտոնավարման տարիներին ստեղծե՞լ է այդ համակարգերը:

«Եվ բացի դա՝ իր պաշտոնավարման օրոք մենք ունեցել ենք դիրքեր, որոնց միջդիրքային տարածությունը եղել ա ընդամենը 50 մետր: Ապա ինչո՞ւ ա թույլ տվել էդ 50 մետր հեռավորության վրա հակառակորդին դիրքեր տեղադրի», - ասում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության ղեկավարը:

Նախարարը նաև հակադարձում է Սամվել Բաբայանի այն հայտարարությանը, թե ապրիլի սկզբին տեղի ունեցածը ոչ թե պատերազմ էր, այլ դիվերսիոն գործողություն: Լևոն Մնացականյանը, հիմնավորելու համար, որ Ղարաբաղի զինված ուժերը գործ են ունեցել պատերազմի հետ, նշում է, թե հակառակորդը ամբողջ շփման գծի երկայնքով մինչև 200 կիլոմետր հատվածով կիրառել է հատուկ նշանակության 1000-ից ավելի ջոկատայիններ, 200 տանկեր, հրետանային համակարգեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր: Ավելին, ապրիլյան երեք օրերի ընթացքում հակառակորդը արձակել է 20 հազար արկ, մինչդեռ 1992-94 թվականների պատերազմի ժամանակ, այսինքն՝ երեք տարիների ընթացքում, դրանք չեն հասել 100 հազարի:

«Իմ գնահատականը հետևյալն ա՝ առաջին հերթին, որևիցե բլիցկրիգ կամ այլ ձևակերպումներ, պատերազմ, ես դա չեմ անվանի, դա եղել ա դիվերսիոն գործողություն, որտեղ հակառակորդը քայլեր ա ձեռնարկել դիվերսիոն, պատժիչ՝ ոնց որ մերոնք են ասում, գործողություն կատարելու, որտեղ ինքը ստացել ա անսպասելի հաջողություն», - ասել էր Բաբայանը:

«Իհարկե, եթե նման գնահատական տային քաղաքացիական անձինք, կարելի ա ինչ-որ տեղ հասկանալ էդ մարդկանց, որովհետև մարդիկ չեն տիրապետում՝ ինչ ա մարտավարությունը, ինչ ա ռազմավարությունը, բայց եթե նման կարծիք հայտնում են նախկինում բարձր պաշտոն զբաղեցնող անձնավորություններ, նամանավանդ՝ նախկին պաշտպանության նախարար, դա ինձ համար, իհարկե, ցավալի է», - արձագանքում է Մնացականյանը:

Անդրադառնալով արդեն Ստեփանակերտի հուշահամալիրում անցած կիրակի Սամվել Բաբայանի ելույթին՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարը բավական կոշտ հայտարարություն է անում՝ ասելով, թե Բաբայանի արածը դիվերսիա է Ղարաբաղի դեմ:

Լևոն Մնացականյանը չի շրջանցում նաև իր պաշտոնանկության մասին հնչած հայտարարությունները:

Նկատենք՝ Բաբայանը Մնացականյանի հրաժարականի մասին որևէ հայտարարություն Ստեփանակերտում չէր արել, ավելին՝ ասել էր, թե իրեն պաշտոնները չեն հետաքրքրում: Բաբայանին պաշտպանության նախարար նշանակելու պահանջով հանդես էր եկել ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը, ում և երեկ դաժան ծեծի ենթարկեցին:

«Ես եկել եմ իմ ժողովրդի հետ լինելու, ինձ չի հետաքրքրում՝ նախկին պաշտոն, ներկա պաշտոն, պաշտոնները իրանք նստած են, ժողովուրդը կորոշի», - ասել էր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարը:

«Իր հայտարարությունները իր մեջ ներառում է պաշտոնափոխություններ՝ դա ես համարում եմ վտանգավոր, ոչ հարիր նախկին նման պաշտոն զբաղեցնող անձնավորությանը, համարում եմ իր այդ գործողությունները որպես դիվերսիոն գործողություն մեր հասարակության, մեր ինքնիշխան պետության, նրա պաշտպանունակության հանդեպ», - ասում է Ղարաբաղի ռազմական գերատեսչության ներկայիս ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG