Պաշտոնական Բեռլինը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա՝ պահանջելով ազատ արձակել անհիմն ձերբակալված քաղաքական ակտիվիստներին և իշխանությունների ընդդիմախոսներին: Գերմանիայի իշխանություններին ուղղված նման կոչով է հանդես եկել Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը:
Ադրբեջանի նախագահը, հիշեցնենք, երկօրյա այցով Բեռլինում է:
Ադրբեջանական իշխանությունները այս տարվա մարտից ի վեր ազատ են արձակել 17 իրավապաշտպանների, լրագրողների և ակտիվիստների, որոնք պատասխանատվության են ենթարկվել և երկարաժամկետ ազատազրկման դատապարտվել քաղաքական շարժառիթներով: Բանտերում են մնում այլ լրագրողներ ու ակտիվիստներ, ովքեր ազատազրկման են դատապարտվել տարբեր մեղադրանքներով՝ խուլիգանությունից մինչև հարկերի վճարումից խուսափում:
«Գերմանացի պաշտոնյաները պետք է նախագահ Ալիևին հասկացնեն, որ երկկողմ հարաբերությունների որակը կախված է միջազգային պարտավորությունների կատարումից»,- ասվում է Human Rights Watch-ի հայտարարությունում: