Ուզբեկստանում ծայրահեղ իսլամիստական գործունեության և մի շարք այլ ծանր հանցագործությունների մեղադրանքով յոթ տարվա ազատազրկման դատապարտված հայազգի 34-ամյա Արամայիս Ավագյանի պաշտպանության միջազգային կոմիտեն դիմել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին, Եվրոպական միության ղեկավարությանը, ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին, Human Rights Watch, Amnesty International, Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին:
Արամայիս Ավագյանի և նրա հետ դատապարտված ազգությամբ երեք ուզբեկ, մեկ տաջիկ դատապարտյալի իրավունքների պաշտպանությունը ստանձնած «Ավագյան+4» կազմակերպությունը, ըստ հայտարարության, «Ուզբեկստանի իշխանություններին հորդորում է ականջալուր լինել Եվրամիության կոչին, միջազգային չափանիշներին և Ուզբեկստանի օրենսդրությանը համապատասխան կարգով վերանայել Արամայիս Ավագյանի և ընկերների, ինչպես նաև Ավագյանի փաստաբան Օդիլ Կոբիլովի գործը»:
Հայտարարության մեջ նշված է, որ Ուզբեկստանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն «ապօրինի ձերբակալել են Արամայիս Ավագյանին, Ֆուրկատ Ջուրաևին, Բեկտեմիր Ումրզակովին, Դիլշոդ Ամինովին և Ակմալ Մամատմուրադովին: 40 օր որևէ մեկը չի իմացել, թե որտեղ են նրանք»:
Ըստ հայտարարության, ինքնախոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով Արամայիս Ավագյանի և մյուսների նկատմամբ կիրառվել են բռնություններ։
«Իրավապաշտպանները և նրանք, որոնք առնչություն ունեն և հետևում են գործին, համոզված են, որ քրեական գործը սարքվել է Արամայիս Ավագյանի ձեռքից բիզնեսը խլելու նպատակով», - պնդում են հայտարարության հեղինակները և հիշեցնում․ - «Իշխանությունների սպառնալիքներից հետո Ավագյանի փաստաբան Աբդուլաևան ստիպված է եղել հրաժարվել պաշտպանությունից, իսկ երկրորդ փաստաբանի՝ դատարանում նրա շահերը պաշտպանած Օդիլ Կոբիլովի դեմ հարուցվել է քրեական գործ, և նա դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման։ Իսկ փաստաբան Օդիլ Կոբիլովի դատավճիռն առհասարակ ոչնչացնում է օրենքի գերակայությունը և վստահությունը Ուզբեկստանի քրեական արդարադատության նկատմամբ: 2016 թվականի մայիսի 26-ին Վիեննայում ԵԱՀԿ-ի մշտական խորհուրդը ընդունել է Եվրամիության՝ թիվ 11.01 հայտարարությունը Արամայիս Ավագյանի և նրա փաստաբան Օդիլ Կոբիլովի գործով»։
Այս հայտարարության տակ ստորագրել են Ուզբեկստանում հայտնի իրավապաշտպան Սուրատ Իկրամովը, Մոսկվայում գործող «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնի ղեկավար Վիտալի Պոնոմարյովը, Մարդու իրավունքների և օրինականության վերահսկողության ղազախստանյան միջազգային բյուրոյի ղեկավար Ռոզա Ակըլբեկովան, Հայաստանից՝ իրավապաշտպաններ Ժաննա Ալեքսանյանը և Վարդան Հարությունյանը:
Վարդան Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում վստահություն հայտնեց, որ իրավապաշտպանների պայքարն ի վերջո արդյունք կտա։
«Վերջին հաշվով, շատ հնարավոր է հասնել այն ամենաբարձր մարդուն, որը վճիռներ է կայացնում: Նման երկրներում օրենքները չէ, որ գործում են, այլ գործում են հանձնարարությունները և հեռախոսային իրավունքը: Հիմա՝ և՛ միջազգային կառույցների ճնշումները, և՛ ԵՄ անդամ երկրների վերջին հայտարարությունը, անկասկած, հասնելու են իրենց հասցեատիրոջը: Եվ չի բացառվում բոլորովին, որ հասցեատերը տա համապատասխան հանձնարարություններ», - ասաց Հարությունյանը: